...

Նոր դեղամիջոց և տուգանքներ. մանրամասներ՝ Իտալիայից

Նոր դեղամիջոց և տուգանքներ. մանրամասներ՝ Իտալիայից

Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալուց: 

Երկրում տիրող իրավիճակի մասին Բոլոնյա քաղաքում գտնվող մեր հայրենակից Հռիփսիմե Ադամյանը մանրամասներ է ներկայացրել «ՉԻ»-ին:

Նա պատմում է, որ օրվա մեջ միայն մեկ անգամ խանութ գնալու նպատակով կարող են տանից դուրս գալ, և այն էլ՝ ընտանիքի անդամներից մեկը: Իսկ եթե Իտալիայի բնակիչներն առանց հիմնավորելու տանից դուրս են գալիս, տուգանվում են:

«Եթե կանգնեցնեն, պետք է ասենք, թե ինչի համար ենք դուրս եկել: Եթե խանութից գնված ապրանքի կտրոնը ցույց չենք տալիս, վարչական տուգանքի ենք ենթարկվում: Բնակավայրից ամենամոտ խանութը պետք է գնանք: 206 եվրո են տուգանում, եթե խանութի ճանապարհ ես խախտել: Իսկ եթե քաղաքից քաղաք ես գնացել առանց պատճառի, չես ներկայացրել աշխատանքի վայրից տեղեկանք, որ դու աշխատանքում անհրաժեշտ ես, 360 եվրո տուգանք են սահմանում»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Բոլոնյան սկզբից չի գտնվել ռիսկային գոտում, բայց, երբ Միլանը փակվեց, մարդիկ սկսել են տարբեր քաղաքներ փախչել, և կառավարությունը որոշել է կարանտին հայտարարել ամբողջ երկրում:

Ասում է, որ ընդունել են Իտալիայի իշխանության հորդորները և ինքնամեկուսացվել են: Խուճապ հիմա չկա, իրավիճակին արդեն հումորով են նայում:

«Ոստիկանության և բժիշկների հետ WhatsApp-ով կապի մեջ ենք: Պարբերաբար քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկում երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչ պետք է անեն բնակիչները»,- ներկայացնում է նա:

Իտալիայի բնակիչները օնլայն շփումից բացի միմյանց հետ հաղորդակցվելու ելք են գտել: Ակցիաներ են կազմակերպում՝ պատուհաններից ու պատշգամբներից:

«Մեկը մեկի հետ զրուցում է պատուհանից: Մեկը մյուսին հույս է տալիս: Ակցիայի համար ունենք նաև կարագախոսներ՝ «Եվրոպան չօգնեց», «Մենք նորից աշխարհին կապացուցենք, որ չենք վերջանում»: Հարևանս այսօր առավոտյան բարձր գոռում էր, երգում էր»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նոր կորոնավիրուսի դեմ Իտալիան արդեն դեղ ունի՝ փորձարկվել է և արդեն օգտագործվում է: Իր ունեցած տեղեկություններով, դեղամիջոցը նախատեսված չէ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար, բայց 25 հիվանդ օգտագործել է այն և դրական ցուցանիշ է արձանագրվել:

Չնայած ինքնամեկուսացմանը՝ տիկին Հռիփսիմեն շփվում է նաև Հայաստանի իր բարեկամների և ծանոթների հետ: Կոչ է անում խուճապի չմատնվել, բայց ոչ էլ մատների արանքով նայել խնդրին:

«Լսում եմ, որ շատերն ասում են՝ գրիպի նման է, պետք չէ ամեն ինչ ծանրացնել: Մենք էլ սկզբում մտածում էինք, որ գրիպի նման է: Սակայն, պետք է բոլորս պաշտպանված լինենք և զգոն լինենք»,- խորհուրդ է տալիս Իտալիայի մեր հայրենակցուհին:

Տիկնոջ մայրիկը ցանկացել է Հայաստան վերադառնալ, բայց բժիշկները խորհուրդ չեն տվել, քանի որ տեղից տեղ գնալու ժամանակ վարակվելու ռիսկը բարձր է, իսկ այդ ընթացքում հնարավոր է մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրանա:

Մանյա Պողոսյան

Հ.Գ. Սույն նյութը գովազդային նպատակ չի հետապնդում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ