...

Նույն ձեռագիրը, նույն՝ «շկոլան»

Նույն ձեռագիրը, նույն՝ «շկոլան»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի ընտրություններին Հայաստանից գործուղված էմիսարները կատարեցին ամենասև գործը․ նրանք չկարողացան գտնել այնքան խախտումներ, որ ընտրությունները կասկածի առնվեին, սակայն նրանց գրանցած խախտումները որոշ ուժերի համար բավարար են Արցախում խժդժություններ սկսելու համար։

Սրան միացավ երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանի խիստ երկիմաստ հայտարարությունը, որը իրավիճակը հանգուցալուծելու փոխարեն այն ավելի սրեց։

Նման վտանգավոր զարգացումների դեպքում չի բացառվում այնպիսի իրադրություն, որ վիճակը Արցախի Հանրապետության գործող իշխանությունների վերահսկողությունից դուրս գա, և Նիկոլ Փաշինյանը, իրականացնելով իր «Արցախը Հայաստան և վերջ» լոզունգը, այնտեղ մտցնի ուղիղ կառավարում։ Սրանից հետո ղարաբաղյան հարցի նիկոլական լուծումն իրականացնելը դառնում է պարզագույն տեխնիկական հարց։

Փաստորեն, անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ։ Եվ պետք չի հանկարծ ասել, թե Նիկոլը ի՞նչ կապի ունի Արցախի ընտրությունների հետ․ նման բան ասողները պարզ դեմագոգներ են»։

Անմիջապես երևում է, որ սա Դավիթ Շահնազարյանի «շկոլան» է: Դավիթ Շահնազարյանն է, չէ՞, սիրում ամեն առիթով հայտարարել, թե Նիկոլը հարյուր տոկոսով Արցախը ծախում է: 

Կարանտինի տակ գտնվելով՝ մեզ բավական բարդ է ասել, թե ինչ է այս պահին կատարվում Արցախում: Իսկ ահա Աղասի Ենոքյանը ենթադրություններ է անում, հետո վերջում՝ արդեն որպես հաստատված փաստ, հայտարարում է, թե Փաշինյանը շարունակում է դավադրությունը ու պատրաստվում է ղարաբաղյան հարցը լուծել: Այնպիսի տպավորություն է, որ սրանց ձեռքում կնիքով ու նոտարով հաստատված փաստաթղթեր կան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ուղիղ կառավարում մտցնել Արցախում:

Իմիջիայլոց, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանին այնպիսի մեղադրանքներ են ներկայացնում, որոնք մենք վերջին անգամ լսել էինք 1990-ականներին՝ Լ. Տեր-Պետրոսյանի հասցեին. էլ Ղարաբաղը ծախել, էլ գյոզալ երկիրը վարի տալ, էլ դրսի ուժերի պատվերը կատարել: Ու նույն մասսան է մեղադրում, նույն դեմքերը, նույն հռետորաբանությամբ: Իսկ վարչապետը բռնում ու հավասարության նշան է դնում նախկին բոլոր իշխանությունների միջև: Դե թող հիմա սեփական կաշվի վրա զգա, թե ճգնաժամային իրավիճակներում ով՝ ով է, ով՝ ինչպես է իրեն պահում: 

Այս իրավիճակում, երբ կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկները իրենց դրսևորում են այնպես, ինչպես զինվորը, ազատամարտիկը՝ ճակատում, երբ մարդկային և նյութական մեծ ռեսուրսներ են ներգրավված՝ ճգնաժամը հաղթահարելու համար, ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ նախկին իշխանությունները, առավոտից երեկո միայն մոտալուց ապոկալիպսիսի և Արցախի վերջի մասին են խոսում: Դա դեռ ոչինչ, ավելի էական է, որ մի դրամով անգամ չեն օգնել պետությանը: Իրենց ահռելի ֆինանսական ռեսուրսները ամբողջությամբ ծախսում են հակաքարոզչության, մեդիա-դաշտի, ֆեյք-քաղաքագետների, ֆեյք վերլուծաբանների վրա: 

Ոնց որ ընդդիմությունը 1990-ականների պատերազմի ժամանակ մի դրամ չէր ծախսում բանակի համար, միայն տպարաններ ու թերթեր էին բացում: Նույնն է, մեկը մեկին նույնն է: Բացեք այն տարիների մամուլը, բացեք ներկայիս մամուլը, դրեք իրար կողքի ու համեմատեք. միայն տարեթվերն են փոխված: 

Ավելին ասենք. 90-ականներին կային ուժեր, որոնք հազիվ էին թաքցնում իրենց ուրախությունը ղարաբաղյան պատերազմում տեղի ունեցող անհաջողություններից, Մարտակերտի ու Շահումյանի անկումից: Ու հիմա էլ, շատերը, զգում ես դա, աղոթում են, որ կորոնավիրուսից վարակվածների թիվը հնարավորինս շատ լինի, որ քիչ է լինում, ահավոր նեղվում են ու հայտարարում, թե բա Թբիլիսիում նայեք, ոնց են փողոցները ախտահանում: Որ այստեղ էլ փողոցները ախտահանեն, կասեն՝ նայեք, Հյուսիսային Կորեայում ոնց են մարդկանց մեկուսացնում: Մեկուսացնում են, ԲՀԿ-ի հայտնի պարանոյիկը հայտարարում է, թե մեկուսացնում են, որ փողոց դուրս չգան ու չտապալեն իշխանություններին:

Այս առումով ընդդիմության մեջ բան չի փոխվել: Ընդդիմության հարցը առանձին խնդիր է, որին մենք հետագայում կանդրադառնանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ