...

Օ­րենք ոս­տի­կան­նե­րին վի­րա­վո­րե­լու ի­րա­վա­կան հե­տևանք­նե­րի մա­սին

Օ­րենք ոս­տի­կան­նե­րին վի­րա­վո­րե­լու ի­րա­վա­կան հե­տևանք­նե­րի մա­սին

Հաշվի առնելով Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը և առաջիկայում սպասվող զարգացումները, մեծապես կարևորելով ոստիկանի կերպարի բարեշրջման և ոստիկանության նկատմամբ հասարակական վստահության բարձրացման հրամայականը, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ բյուջեի համալրման նոր աղբյուրների բացահայտման մտահոգությամբ, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք ոստիկաններին վիրավորելու իրավական հետևանքների մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կապահովի ոստիկանի պատվի և արժանապատվության պահպանումը, այլև Հայաստանը կդարձնի տարածաշրջանային առաջատար` ոստիկանության նկատմամբ հասարակության բացառիկ հարգանքի և այլընտրանքային ֆինանսավորման բարձր մակարդակի առումներով։ Եվ այսպես.

(նախագիծ)

Հոդվ. 1. Ոստիկանության ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը համարվում են բանավոր ընթացակարգով ոտնահարված, եթե առկա են հետևյալ չափորոշիչները.

ա. ՀՀ շարքային քաղաքացու կողմից ոստիկանի անձի նույնականացում զանազան ընտանի կենդանիների հետ` ինչպես արտաքին, այնպես էլ ինտելեկտուալ նմանությունների ընդգծման շեշտադրմամբ,
բ. Ոստիկանի մտավոր թերզարգացվածության վերաբերյալ ակնարկներ պարունակող որակումների բարձրաձայնում,
գ. Ոստիկանի ավանդական սեռական կողնորոշումը կասկածի տակ դնող գնահատականների բարձրաձայնում` առանց պատշաճ ապացույցների ներկայացման։

Հոդվ. 2. Նշված ընթացակարգով ոստիկանության ներկայացուցչին վիրավորողը ենթարկվում է վարչական պատասխանատվության` առանց դատարանի որոշման։

Որպես վարչական պատասխանատվություն կիրառվում է տուգանքը` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Հոդվ. 3. Որպես տուգանք ՀՀ քաղաքացիներից գանձված գումարի 20 (քսան) տոկոսը տրվում է վիրավորման առարկա հանդիսացած ոստիկաններին` հավելավճարի տեսքով։

Հոդվ. 4. Հաշվի առնելով սույն օրենքի հոդվ. 3-ի դրույթները, ընդդիմության հանրահավաքներին գործուղվում են առավելապես սոցիալապես անապահով ոստիկանները։

Հոդվ. 5. Ոստիկաններին կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ համեմատելու արդյունքում գանձված տուգանքների 50 (հիսուն) տոկոսն ուղղվում է Երևանի կենդանաբանական այգու հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Հոդվ. 6. Ոստիկանների մտավոր ունակությունները կասկածի տակ առնելու արդյունքում գանձված տուգանքների 50 (հիսուն) տոկոսն ուղղվում է մտավոր թերզարգացածների աջակցության հիմնադրամին։

Հոդվ. 7. Ոստիկանների ավանդական սեռական կողմնորոշումը կասկածի տակ առնելու արդյունքում գանձված տուգանքների 50 (հիսուն) տոկոսն ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարարություն։

Հոդվ. 8. Նույն ոստիկանը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ վիրավորվել նույն բառակազմույթով։
Տարբեր անձանց կողմից նույն ոստիկանին տրված համանման գնահատականների դեպքում ոստիկանի կոչումը բարձրացվում է արագացված ընթացակարգով։

Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Օրենքին կողմ քվեարկած պատգամավորների վիրավորումը տուգանք չի նախատեսում։

Հուսով ենք` խորհրդարանն այս օրինագիծը կքննարկի առաջնահերթության կարգով։

«Չորրորդ իշխանություն», 8 մարտ, 2012թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ