...

Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը հավաքականի ուժի մեջ է

Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը հավաքականի ուժի մեջ է

Ճանաչենք զբանս Չանչարոյ

Լավ, սկզբից շաբաթն ավարտենք Հայաստանի հավաքականի հաղթանակով: Մեկ է, կադաստրի վկայականը չի փախչի: Լավ հաղթանակ էր, տպավորիչ, գոլերը մեկը մեկից կոնֆետ էին: Մեր Ռանոսի երկրորդ գոլն ընդհանրապես բանբաներկա էր:

Երևի Վարդան Մինասյանի ժամանակներից այսպիսի լավ և կարևորը, արդյունավետ խաղ մեր հավաքականը չէր ցուցադրել: Այն ժամանակ Մխիթարյան-Մովսիսյան տանդեմն էր «ժարիտ» անում, հիմա Սելարայան-Ռանոս զույգը, Սպերցյանն էլ՝ դեսերտ: Բերեզովսկիից հետո վերջապես նաև դարպաս պահող էլ ունեցանք. էն լիքը «չ» տառերով դարպասապահն ահագին չարչարվեց, մրցակցին էլ հետը չարչարեց: 

Հիմա հաջորդ խաղը Լատվիայի հետ է, տոմսերն արդեն տակից են ծախում: 

Այ, սենց ինադու հաղթում են, մեզ շեղում ազգային կարևոր խնդիրների օրակարգից: 

Դեֆիցիտ ապրանք

Իմիջիայլոց, ասում են՝ Հայաստանի հավաքականի այս հաղթանակից հետո կտրուկ աճել է մեր ազգային թիմի մարզաշապիկների պահանջարկը: Ֆիրմային խանութից թռցնում են, շատ քիչ է մնացել:

Ու պատճառը ոչ միայն մեր հավաքականի հաղթանակն է: Նախ, հավաքականի հովանավորը Մակրոնն է, ճիշտ է՝ Ֆրանսիայի նախագահը չի, բայց մեկ է, Մակրոնն է, և այդ անունը գրված է մարզաշապիկի վրա: Եվ երկրորդ՝ շատ հնարավոր է, որ այս տեսքով մարզաշապիկներ շուտով այլևս չլինեն: Նկատի ունենք Հայաստանի պետական զինանշանի պատկերով մարզաշապիկներ: Դե, գիտեք, զինանշանի վրա ինչ-որ մի հատ Արարատ լեռ է պատկերված, լրիվ անկապ սար է, մեր հետ կապ չունեցող, պլյուս Երևանի դեմը ցցված, չի թողնում, որ ավելի հեռուն նայենք: 

Էս 30 տարի է, ոչ մեկը չէր ջոկել, որ զինանշանի վրա Արարատ սարը պատկերելը անկապություն է, թիթիզություն, ռաբիսություն, մեր պետականության հիմքերը մի տեսակ խարխլող, Նիկոլ Փաշինյանն էլ չէր ջոկել, բայց 2020-ի պատերազմից հետո ինքը սկսեց ավելի ուշադիր լինել, սենց մանրամասն ուսումնասիրել Մեծ Հայքի ու Վիլսոնի քարտեզները, Տիգրան Մեծից մինչև մեր օրերի զինանշանները, դրոշները, օրհներգը... կամաց-կամաց բացվեցին իր աչքերն, ու ինքը հասկացավ, որ էս գերբը տնաքանդություն է: 

Ամենայն տեղ, վախը մին է

Ասում է՝ ի՞նչ կապ ունի մեր պետականության հետ: Այսինքն՝ էդ ինքը չի ասել: Թուրքերն են ասել: Ասել են՝ այ ախպեր, էդ ձեր գերբի վրայի Արարատ լեռը ի՞նչ կապ ունի Հայաստան պետության հետ: Փաշինյանն էլ մտածել, մտածել է, մեկ րոպե ժամանակը սպառվել է, զանգ ընկերոջը չի եղել, քանի որ ընկեր չունի, 50-50 տարբերակի հնարավորություն թուրքերը չեն տվել, ԱԺ դահլիճի օգնությանը յա դիմած, յա չդիմած, մի խոսքով՝ հարցի պատասխանը չի գտել, հիմա եկել, մեզ է հարցնում: Եթե պատասխան չտանք, կասի, ուրեմն, եկեք հանենք էս անտեր սարը մեր գերբից: Չէ, անտեր չի ասի, թուրքերը կառարկեն: Ուղղակի Մասիս սարը ջնջել կտա: Հիմա ասում են, ականջակալները դրած, ուշադիր «Մեր հայրենիքն» է լսում, տենա, էդ հայրենիքի սահմանները որտեղից որտեղ են ձգվում, կադաստրի վկայական ունեն, թե չէ, հարևան երկրների կադաստրի վկայականները կասկածի տակ դնող տողեր կան, թե չէ, բռնության կոչեր, քարոզ պարունակում են, թե չէ: Էն ԱԺ-կառավարություն մյուս հարց ու պատասխանի ժամանակ կասի, թե ինչ տպավորություններ է ստացել «Մեր հայրենիքն» ունկնդրելով և ինչն է այնտեղ հակասում Հայաստանի պետականությանը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   787 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ