Հազիվ մի օր է անցել «Սուրմալուի» պայթյունից, բայց արդեն այնքան վարկածներ կան, թե ինչու, ում մեղքով է դա եղել, ավելի ճիշտ՝ ում մատն է խառը, ով է դա կազմակերպել: Դրանք նույնիսկ վարկած էլ չի կարելի համարել, այլ հարյուր տոկոսանոց, ստուգված ինֆոներ, այնքան վստահ են այդ ամենը ասում:
Բոլոր այդ վարկածները չենք ներկայացնում, դրանք շատ են, բայց հիմնականները սրանք են.
1. Դե, հասկանալի է, պայթյունը Ադրբեջանն է կազմակերպել: Սա ասողները հիմնավորում են, որ օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարական է տվել ԱԱԾ տնօրենին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել ցանկացած ադրբեջանցու ազատ մուտք ՀՀ տարածք` հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածից` ապահովելով նրանց անվտանգությունը, նրանք էլ Հայաստան են եկել ու պայթեցրել «Սուրմալուն»:
2. Պայթյունը Թուրքիան է կազմակերպել: Երևանում լիքը թուրքեր կան, նրանց դուր չի եկել, որ տոնավաճառի անունը «Սուրմալու» է, բռնել պայթեցրել են: Հարյուր տոկոս:
3. Ամերիկացիների մատն է խառը. մի հատ Միկա Բադալյան կա, հայտնի «պրովոկատոր», էն որ մի պահ բռնեցին, բաց թողեցին, երեկ էլ ամբողջ օրը դեպքի վայրից լայվ մտած, խոսում էր, խոսում էր, չստուգված տեղեկություններ էր տարածում, օրինակ, որ մի հատ փոքր աղջկա մարմին են գտել, բայց այդ փաստը թաքցնում են, հետո, որ իրեն հարցրել էին, թե որտեղից այդ ինֆոն, ասել էր՝ լսել եմ: Վերջ, ինչ լսել, դա էլ տարածել է, որպես ստուգված փաստ: Այ մեկը այս Միկան էր տարածում, թե բա օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել էր իր քաղաքացիներին մի շարք վայրեր չայցելելու, ահաբեկչության հնարավոր վտանգների մասին: Ուրեմն, ամերիկացիները գիտեին, հաստատ դրանց մատը խառն էր:
4. Իշխանություններն են կազմակերպել, որ ուշադրություն շեղեն Զանգեզուրի միջանցքի թեմայից: Կամ՝ Լաչինի միջանցքի հանձնման թեմայից: Ու էլի ինչ-որ լիքը թեմաներից: Հաստատ:
5. Ռուսներն են արել: Դրանով զգուշացրել են իշխանություններին, որ խելոքանան ու ռուսների պահանջները կատարեն: Թե ինչ պահանջներ, այնքան էլ հստակ չեն ասում, մի խոսքով՝ խելոք մնան:
6. Գռզոն է արել: Պարզվում է, որ Խաչատուր Սուքիասյանը վաղուց աչք է դրել «Սուրմալուի» վրա, բայց ոնց վերցներ տոնավաճառը, չգիտեր, հիմա հանկարծ «Սուրմալուն» պայթեց/պայթեցրեց, ու հիմա արդեն Գռզոն իր նպատակին կհասնի:
Սրանք, այսպես ասած՝ թոփ-6 վարկածներն են: Ընդ որում, սրանց մասին բավական լուրջ մարդու համարում ունեցողներն են ասում՝ նախկին դեսպաններ, գործող ընդդիմադիր գործիչներ, հայտնի արևմտամետներ, հայտնի ռուսամետներ:
Այն տարբերակը, որ պայթյունը տեղի է ունեցել հրդեհա-անվտանգային բազմաթիվ կանոնների խախտման հետևանքով, դա էլ է շրջանառվում, բայց դա վերջին տեղերից մեկում է: Դրա մասին կարելի է խոսել, երբ թուրք-ադրբեջանական-ռուսաամերիկյան դավադրությունների ալիքը մարի: Իսկ ահա Սուքիասյանի տարբերակը դեռ երկար է մնալու. շատ հարմար տարբերակ է: