Եվ զիա՞րդ լինիցի այդ, փոխանակել զիմ ախտացեալ ոչխարն ընդ առողջ գազանին, որոյ առողջութիւնն է մեզ պատուհաս:
Սահակ Պարթև, 5-րդ դար
Ցավոք, մեծն Սահակ Պարթևն այս իմատնությանը հանգեց երկու հզոր արքաների կործանումից հետո: Հայ նախարարներն ու եկեղեցու առաջնորդը մատնեցին, ապա և դարերով աղավաղեցին Արշակ Երկրորդի և Պապի կերպարները: Դարերով: Եվ դարեր շարունակ խարխափեցինք անպետություն, անղեկ: Ինչո՞ւ: Որովհետև պետականությունից վեր դասվեցին խմբակային շահերը: Որովհետև ավելի հեշտ թվաց սեփական հարցերը օտարի հետ լուծելու կործանարար գաղափարը: Որովհետև անհեռատեսությունը, քաղաքական կարճատեսությունը, ցանկալին իրականության տեղ դնելու անպտուղ վարքագիծը դարձան գենետիկ համախտանիշ:
Չէ՛, ժողովուրդը մեղք չունի: Ժողովուրդն ու հայ զինվորը, զենքը ձեռքին սեփական ընտանիքն ու հողը պաշտպանող մարդիկ մեղք չունեն: Խոսքս ազգիս երևելիների մասին է: Ինչպես ուզում եք նրանց հորջորջեք՝ նախարարներ, ազնվականներ, հողատերեր, մելիքներ, կուսակցապետեր կամ մտավորականներ:
Վերջին առնվազն 24 տարիներին մեզնից շատերը զբաղված են եղել ինքնախաբեությամբ: Վերջին առնվազն 24 տարիներին հերոսացրել են նրանց, ովքեր մեր պետականությունն են պատրաստ եղել զիջել՝ սեփական հավակնությունները բավարարելու նպատակով: Որովհետև նրանք հասարակությանը կերակրում էին սիրուն, բայց իրականությունից չափազանց հեռու գաղափարներով: Համաշխարահային ազգն ու Սևրի դաշնագիրը՝ ձեզ նվեր: Որովհետև նրանց պետք էր իշխանություն ամեն գնով: Այո՛, ամեն գնով:
Ցավոք, հաջողեցին: Ցավոք, մեր միջի բանական ձայնը խլացվեց և կորսվեց արժանապատիվ, կրկնում եմ՝ արժանապատիվ խաղաղության հասնելու, բանակի մեջքը չկոտրելու հնարավորությունը:
Իսկ հիմա ամենակարևորի՝ պետականության մասին: Հայաստանում չի կարող լինել անիշխանություն. մենք այս շռայլության իրավունքը չունենք: Հայաստանում ամեն գնով պետք է բացառել քաղաքացիական բախումները:
Եվ երեկվա խայտառակ դեպքը՝ ԱԺ նախագահի հետ կատարվածը, ինչպես նաև խորհրդարանական և կառավարական շենքերում տեղի ունեցած վայրագությունները պետք է անմիջապես դատապարտվեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական ուժերի կողմից: Դրանց պետք է իրավական գնահատական տալ:
Հիշեցնեմ՝ այս դեպքը միակը չէ անկախ Հայաստանի պատմության մեջ: 1996 թվականի սեպտեմբերի 25-ին նախագահացու Վազգեն Մանուկյանի կողմնակիցները ֆիզիկական հաշվեհարդար տեսան ԱԺ նախագահի և փոխնախագահի նկատմամբ: Ցավոք, հանրության ուժգին պարսավանքին ջարդարարները չարժանացան, իսկ ներկայիս վարչապետը, իշխանության ղեկը ստանձնելով, ներողություն խնդրեց նրանց պարագլխից...
Արդ, արագ, առանց ողբի և սենտիմենտների պետք է գործի դնել պետական բոլոր համակարգերը: Որովհետև 96-ից հակապետական գործունեություն ծավալած ուժերը նույնն են ուզում՝ իշխանություն՝ պետականության կորստի գնով:
Մենք դրա իրավունքը չունենք:
Զարուհի Գաբրիելյան
Հ.Գ. Նույնն էի ասելու, եթե այսօր իշխանության գլուխ լիներ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ: Կբացատրեմ հաջորդիվ, եթե, իհարկե, չհասկացաք: