...

Ում պատահի, տանում են

Ում պատահի, տանում են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Պաշտպանության նախարարության մտադրությունը պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր արձագանքների արժանացավ։

Կարծում եմ՝ խնդիրներից մեկն այն է, որ դա կապվում է սահմանին վերջին 3 ամիսներին ստեղծված իրավիճակի հետ, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստություն չառաջացնել։

Կա մի մեծ բաց, որը՝ ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ այս հավաքի շեմին, չի իրականացվում։

Քաղաքացիների հետ իրազեկման, գաղափարական աշխատանք չի իրականացվում, մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում այսպիսի հավաքների անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, ինչը հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում կարող է մեծ բարդություններ առաջացնել»:

«ՉԻ». Այս հարցում լիովին համաձայն ենք Տիգրան Աբրահամյանի հետ: Ոչ ոք չի վիճարկում պահեստազորայինների հավաքը: Բայց այն տեղի է ունենում այնքան հապճեպ, անկազմակերպ, հախուռն, որ շատերի մոտ են առաջանում այն հարցերը, որոնք բարձրաձայնել է պատգամավորը:

Մենք համացանցում էլ ենք նկատել շատ օգտատերերի գրառումներ, որ իրենց կանչել են եռամսյա հավաքների: Ընդ որում, կանչում են՝ բացարձակ հաշվի չառնելով՝ ում են կանչում, ինչ մասնագիտության տեր մարդ է, որքանով է նրա ծառայությունը նպատակահարմար: Այնպիսի տպավորություն է, որ պարզապես պլան են կատարում: Այսինքն, ասել են՝ այսքան մարդ կապահովեք հավաքների համար, իրենք էլ ապահովում են: Ով կպնի՝ կպնի:

Մինչդեռ կարելի է բազմաթիվ գործոններ հաշվի առնել: Առաջին. եռամսյա հավաքների մասնակցողները վճարվելու են: Այսինքն՝ կարելի է առաջին հերթին կանչել այս պահին գործազուրկ կամ ցածր աշխատավարձ ունեցող քաղաքացիներին: Իսկ նման քաղաքացիների թիվը մեծ է: Ե՛վ հավաքների խնդիրը կլուծվի, և՛ մարդկանց աշխատավարձով կապահովեք:
Երկրորդ՝ զերծ մնալ այն քաղաքացիներին զորակոչի ենթարկելուց, որոնք իրենց աշխատանքում փոխարինող չունեն: Իսկ դրանք ծրագրավորողներն են, բարձր տեխնոլոգիական ոլորտի սպեցիֆիկ մասնագետները, տարբեր ընկերությունների մենեջերները, որոնց բանակ զորակոչելով ավելի շատ վնաս կհասցվի պետությանը, քանի որ այդ ոլորտները մեծ հարկեր են ապահովում, և պարզապես աշխատանքային կոլապս կառաջանա: 

Մենք Տիգրան Աբրահամյանին խորհուրդ կտանք այս հարցը բարձրաձայնել նաև խորհրդարանում: Որ վերևներում մի փոքր ավելի տրամաբանված մոտեցում ցուցաբերեն հավաքների հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ