«Ըստ Սամվել Բաբայանի՝ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները, այսինքն՝ իշխանությունը փորձում է վերացնել իր հետքերը: Ճիշտ է՝ վերջինս պնդում է, թե տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց ակնհայտ է, որ առանց իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի ասածն իհարկե տրամաբանական է։ Մի քիչ դժվար է պատկերացնել նման գործընթաց առանց գլխավոր գերագույն հրամանատարի։ Մյուս կողմից էլ՝ պրոցեդուրալ առումով այս գործընթացը հիմա ոչինչ չի տալու, բացի աղմուկ-աղաղակից և հասարակությանը նոր շոուներով կերակրելուց։ Հատկապես, եթե դա կազմակերպվում է Նիկոլ Փաշինյանի կողմից կամ նրա իմացությամբ։ Վտանգավորն այլ բան է։ Ամեն անգամ այս կարգի շոուների ֆոնին հանկարծ ակտիվանում են սահմանային լարումները։ Եվ մինչ բոլորս զբաղված ենք լինում այսօրինակ շոուների գեներացիայով, հանկարծ պարզում ենք, որ հայկական գյուղերից մեկն աննկատ անցել է ադրբեջանցիների վերահսկողության կամ նշանառության տակ։
Ի դեպ՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: «Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- հայտարարել է Աբրահամյանը:
Գոհար Վեզիրյան