...

Փայփայեք Սամվել Բաբայան գտածոյին

Փայփայեք Սամվել Բաբայան գտածոյին

Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել։ «Հրապարակ» թերթի թղթակցի հարցին՝ չնայած Փաշինյանն ասում էր, որ զենքի խնդիր չունենք, բայց փաստն այն է, որ «օդը չէին փակել», թեպետ Արայիկ Հարությունյանը, մյուսները ստում էին, թե փակ է, Բաբայանը հակադարձել է․ «Չառան, ասին` փող չունենք։ Լրջացեք, Արայիկ Հարությունյանը չի կարա էդքան իմանա՝ օդը փակ է, թե բաց։ Երկրորդն էլ՝ դա ասեղ չի, որ վերցնենք ու փակենք»։

Փաստորեն, ստացվում է՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնվող տարածքներում եղած իր գույքը «փրկելու» սխեմաներից բացի այլ բան չի կարողացել իմանալ։ Ընդունենք, որ նա անտեղյակ էր։ Եվ այդ անտեղյակությունից ժպտում էր և սրճում դիրքերում։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞վ էր այդ ընթացքում զբաղված Հարությունյանի նախագահության ներքո Արցախի Անվտանգության քարտուղար աշխատող Սամվել Բաբայանը։ Նա էլ երևի բունկերում էր սրճում՝ գուցե հարկ չհամարելով ի պաշտոնե զգուշացնել իր նախագահին, որ ա՛յ տղա, պատերազմի լարված օրերին ժպիտը դեմքիդ ի լուր աշխարհի դեզինֆորմացիա մի տարածիր, թե օդը փակ է։ Հիմա Բաբայանը լրագրողին է լրջանալու կոչ անում, մինչդեռ իր սրտի վարչապետի ու նախագահի ականջին պետք է շշնջար, թե լրջացեք։ Այն ժամանակ կարող էր ու պետք է բացատրեր պարոններին, որ օդը ասեղ չի, և իրենք էլ մարմնի համապատասխան մաս չունեն, որ օդ փակեն կամ փակել տան։ Ինչ վերաբերում է արտահայտությանը, թե «ասին փող չունենք՝ զենք չառան», ապա սա էլ առանձին թեմա է, որի մեջ խորանալու դեպքում գուցե անհրաժեշտություն առաջանա քրեական գործ հարուցել ու պարզել՝ իսկապե՞ս փող չի եղել։ Բա որ պարզվի՝ փող ունեցել են և չեն առել, ի՞նչ պիտի անենք։ Բոլոր դեպքերում Սամվել Բաբայանին պետք է փայփայել, սպասվելիք ռազմական տրիբունալում նրա ինքնախոստովանական ցուցմունքները կարող են ահագին արժեքավոր լինել։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ