«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար»։
«ՉԻ». Խնդիր չկա, մի օր անկաշկանդ քննությունը կպարզի, թե ով ինչ մեղավորություն ունի:
Խնդիրը երկակի ստանդարտներն են, որոնցով առաջնորդվում է նորաթուխ պատգամավորը: Ապրիլյան պատերազմի ժամանակ աշխատում էր կառավարությանը կից ֆեյքերի ֆաբրիկայում, իսկ ֆաբրիկան պնդում էր, թե ոչինչ էլ չի պատահել, և Լելե-Թեփեի կորուստը որևէ նշանակություն չունի: Ապրիլյան պատերազմից հետո էլ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական և արդեն այդ պաշտոնում ավելի մեծ տեղեկատվության էր տիրապետում, կարող էր այդ ժամանակ բացահայտումներ անել գեներալների պատասխանատվության մասին:
Բա այդ ժամանակ մի ծպտուն հանեիք, հայրենասիրության պոռթկումը չզսպեիք: Ասեիք, որ Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Լևոն Մնացականյանը և Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ 20 տարվա ընթացքում չեն կարողացել բարձր մակարդակով ամրացնել սահմանը: Մի երկու բառով զուգահեռներ անցկացնեիք պահածոյի դատարկ տարաների ու վերոհիշյալ գեներալների շքեղ առանձնատների միջև: Հաշվեիք, թե քանի տեսանկարահանման սարք կարելի էր գնել Կառլովի Վարի քաղաքում գտնվող հյուրանոցի փողերով:
Որոշ նորաթուխ ընդդիմադիրների թվում է, թե հանրությունը մոռացել է, թե ովքեր էին իրենք մինչև հեղափոխությունը: Փառք աստծո, Կիև հասնելու խնդիր չկա, պարզապես պետք է կարդալ մինչհեղափոխական մամուլը և ակնհայտ կդառնա, թե որքան անկեղծ ու հայրենասեր էին նրանք մինչև պաշտոնները կորցնելը: