...

Պարանոյա

Պարանոյա

Հոգեբանները պնդում են, որ պարանոյայի հիմնական ախտանիշը քրոնիկական զառանցանքն է, որի բովանդակությունը բազմազան է։ Առավել հաճախադեպ են հետապնդման և մեծամոլության զառանցանքները։ 

Տեղեկացնենք, որ հոգեկան այս շեղումն ունի տարատեսակներ, օր․՝ բարեփոխական (ռեֆորմացիոն) պարանոյա, երբ հիվանդները համոզված են, որ իրենց վիճակված է մեծագույն գործեր իրականացնել։ Կախված աշխարհայացքից՝ հիվանդների մեծագործությունները ուղղված են զանազան բարեփոխումների` նոր կրոն ստեղծելուն, աշխարհի բոլոր կրոնները միավորելուն, տարբեր գաղափարախոսություններ համաձուլելուն, նոր հասարակական կարգեր ստեղծելուն։ Իսկ հետապնդման պարանոյան ենթադրում է, որ կենցաղային, մասնագիտական անհաջողություններից և որոշ մարդկանց անբարեհամբույր վերաբերմունքից դրդված՝ մարդու ներաշխարհում դանդաղ և աստիճանաբար ձևավորվում է ընդգծված կասկածամտություն։ Ախտահարվածներին թվում է, որ իրենք հայտնվել են «ուշադրության կենտրոնում», որ իրենց հանդեպ «դրսևորվում է» թշնամական վերաբերմունք, այնուհետև սկսվում է «լայնածավալ» հետապնդում, որի շրջանակները տարածման միտում ունեն։ Հետապնդման նպատակը, ըստ հիվանդների, իրենց վարկաբեկումն է և ֆիզիկական վերացումը։

Բոլոր համընկնումները մեր իրականության հետ, ինչպես ասում են, պատահական են։ Թե՞, այնուամենայնիվ, պատահական չեն, և մեր իշխանության և ընդդիմության վարքը իրական արմատներ ունի։

Եթե անգամ թռուցիկ հայացք ձգենք մեր պատմության վերջին երեսնամյակին, կտեսնենք, որ քաղաքական ցնդաբանությունների, ոչմիթիզական առասպելների, միակտղամարդկության և համաշխարհային առաքելականության արմատները իրական և նույնիսկ կենցաղային են։ Հիմքում «կռիվն է» իշխանության համար։ 

90-ականներին Վազգեն Մանուկյանն ու նրա շրջապատը մեջտեղ բերեցին համաշխարհային ազգի «գաղափարը» միայն ու միայն այն ժամանակվա ռեալիստ իշխանություններին հակադրվելու համար։ Նպատակը ՀՀ նախագահի աթոռը նվաճելն էր։

1998 թ․ հեղաշրջումից հետո Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի ագիտպրոպի ներկայացուցիչները ոչմիթիզականության ցնդաբանությամբ էին լցնում հասարակության գլուխը, որպեսզի պինդ պահեն իշխանությունը։

2016 թ․-ին՝ «Ծռերի» խառնակչության ժամանակ, արդեն Նիկոլ Փաշինյանն էր օգտագործում հողեր հանձնելու ոչմիթիզական մեղադրանքը Սերժ Սարգսյանի դեմ։ 

2018-ին նա իշխանության եկավ միսիոներության բարդույթով։ Սկզբում ոչմիթիզական էր․ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սակայն 2020-ի պատերազմից, ջախջախիչ պարտությունից հետո փորձում է դառնալ տարածաշրջանային խաղաղության աղավնի։ 

Նիկոլ Փաշինյանի ընդդիմության մասին բազմիցս ենք ասել․ նա՛ է ներկա վարչապետի իշխանության հիմնական պահապանը, որովհետև երկուստեք պարանոյիդալ «մտքերով» են լցրել քաղաքական խոսույթը։

Այսպես, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պնդում են, որ հակառակորդները՝ քոչարյանականները կամ ՔՊ-ականները, օտար ուժերի դրածոներ են։ Ընդդիմադիրներն ասում են, որ օտարները տասնամյակներով նախապատրաստել են ՀՀ անմեղսունակ իշխանություններին՝ հողեր հանձնելու համար։

Նիկոլ Փաշինյանն անմիջապես կրկնօրինակում է այս «թեզը»՝ ասելով․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է»։

Երկու կողմն էլ օգտագործել են հայ հասարակության վախերը, մեծամոլությունը և տգիտությունը։ Երկու կողմն էլ իշխանության հասնելու և այն պինդ պահելու համար բացառել են առողջ բանականությունը։ Արդյունքը աղետն է՝ շարունակվող պատերազմը, ամենօրյա զոհերը, Հայաստանի ժամ առ ժամ թուլացումը։

Զարուհի Գաբրիելյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ