...

Պաշտոնանկության սկիզբը դրվեց

Պաշտոնանկության սկիզբը դրվեց

Հայ Ազգային Կոնգրեսը կոչով դիմել է ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ 

«Հիշյալ անձն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»։

Դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին, մենք գիտակցում ենք, անշուշտ, որ Սիմոնյանի շուտափույթ պաշտոնանկությունը ոչ թե նրանց, այլ, առաջին հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն էր։ Այնինչ, նշված կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։ Ավելին, որոշ կարկառուն ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել Սիմոնյանի արարքը։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետևաբար, մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետև կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»։

Անշուշտ, ներկայիս ծանրագույն պայմաններում մեր ժողովուրդն ունի բազմաթիվ գոյաբանական խնդիրներ, մեր անվտանգությանն սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնց նկատմամբ մեր իշխանությունների արձագանքներն ամենևին բավարար չեն՝ ի մասնավորի նաև այն պատճառով, որ դրանց անհամարժեք դիմագրավումը, իշխանությունների անկարողությունից բացի, բացատրվում է մեր ժողովրդի նկատմամբ իրենց ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքով։ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը դրա ամենախայտառակ դրսևորումն է»,- նշված է ՀԱԿ-ի կոչի մեջ:

«ՉԻ». Այն, որ ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի մազն անգամ չի ծռի առանց շեֆի հրահանգի, դա մեկից մեկ է: Շեֆն էլ այսպես է մտածում. ախպեր ջան, բա որ ես սրան թքելու համար պաշտոնանկ անեմ, կուսակցական շարքերում կսկսեն ինձ թարս նայել, տակիս աթոռը կարող է երերալ: 

Պլյուս, Ալենին հանեմ, ուրեմն պիտի Հովիկ Աղազարյանին էլ ռադ անեմ, Վահագն Ալեքսանյանին էլ, մի խոսքով, բոլոր քացի տվող, քրֆող, թքող դեմքերին: Ավտարիտետս կընկնի, ընդդիմադիրներն էլ շախի կընկնեն, կառիթավորվեն:

Հակառակ դեպքում Ալեն Սիմոնյանը միջադեպի արդեն հաջորդ իսկ օրը պիտի պաշտոնանկ լիներ:

Բոլոր դեպքերում, հետաքրքիր կլինի տեսնել, թե ՀԱԿ-ի կոչին ինչպես են արձագանքելու: Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոնց են հարաբերվելու Ալեն Սիմոնյանի հետ, հետը ֆոտո-մոտո՞ են անելու, թե՞ իսպառ արհամարհելու են, էլ չենք ասում, որ հանկարծ նախաձեռնեն նրա պաշտոնանկության հարցը:

Էլ ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե Ալեն Սիմոնյանի հետ ոնց են շփվելու օտարերկրյա դիվանագետները, գործիչները, միջազգային կառույցները: Ախր սրանք բոլորն արդեն լսել են ԱԺ նախագահի «հերոսության» մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ