...

Պատերազմի կուսակցությունների անամոթ հաղթարշավը

Պատերազմի կուսակցությունների անամոթ հաղթարշավը

1988-ից ի վեր հայկական հանրահավաքներում շատ հաճախ է հնչում ամոթ բառը։ Քաղաքագետները, սակայն, պնդում են, որ դրա տակ թաքնված հասկացությունն իրականության հետ կապ չունի։ Այսինքն՝ ամոթը քաղաքական կատեգորիա չէ։ Եվ եթե արևմտյան որոշ երկրներում հակառակն է ապացուցվում (Օր․՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տալիս գրագողության մեղադրանքից հետո), ապա Հայաստանում ապացուցվում է սույն պնդման ճշմարտացիությունը։ Ապացուցողներն էլ բոլորիս հայտնի ուժերն են՝ Ն․ Փաշինյանի գլխավորությամբ։

Այսպես, 2020-ի պատերազմից հետո Ն․ Փաշինյանը պետք է խոստովաներ, որ սխալվելու իր իրավունքի համար պետությունը չափազանց թանկ գին է վճարել, և հեռանար։ Չարեց։

2020-ի խայտառակ պատերազմից և պարտությունից հետո Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է ապաշխարեին և հեռանային քաղաքական ասպարեզից, որովհետև իրենց 20-ամյա իշխանությունը նաև նպաստեց Ն․ Փաշինյանի իշխանության գալուն։ Չարեցին։

Հիմա էլ չեն անի։ Ո՛չ ամոթ ունեն, ո՛չ հայրենիքի ու պետության գաղափարի կրող են, ո՛չ էլ կարող են։ 

Մի՛ զարմացեք։ Պատերազմի կուսակցությունները, բացի լալահառաչ, սուտ, գավառական տեքստեր երկնելուց կամ ձեռնածությամբ զբաղվելուց, որևէ բանի ընդունակ չեն, որովհետև չեն ուզում ինքնաոչնչանալ։ Իսկ քանի որ չեն ուզում ինքնաոչնչանալ, ոչնչացնում են Հայաստանը։

Հասկացե՞լ եք՝ ինչու է Ն․ Փաշինյանը վերջերս կասկածի տակ դրել «խաղաղության դարաշրջանը», ինչու է այդքան հանգիստ խոսում գալիք պատերազմի մասին։ Որովհետև մարսել է 2020-ի ի պարտությունը, 2021-ին «պողպատե» մանդատ է ստացել։ Մարսել է թե՛ պատերազմը, թե՛ բազմահազար զոհերի արյունը, թե՛ հանձնված հողը։ Որքան էլ Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի գլխավորած ընդդիմությունը դավաճան և կապիտուլյանտ գոռա, վարչապետի պետքն էլ չէ։ Եվ հակառակը․ որքան էլ իշխանականներն իրենց պատռեն՝ ընդդիմադիրներին նախկին թալանչի անվանելով, նրանց պետքն էլ չէ։ Կարևորն այն է, որ պատերազմի կուսակցություններն են զբաղեցրել հայոց խորհրդարանի բոլոր տեղերը, այսինքն՝ Հայաստանի քաղաքական դաշտը։ Իսկ պատերազմը սրանց փրկել է։ Այո՛, փրկել է և գոյատևելու առիթ տվել։ 

Բացատրենք։ 1998թ․-ից տրամաբանությունն իսպառ բացառվեց մեր քաղաքական կյանքից։ Սրան զուգահեռ շրջանառության մեջ դրվեց հետևյալ տեսակետը՝ պատերազմ կլինի, զոհեր կլինեն, և այդպես կհանձնեն հողերը, քանի որ ոչ մի թիզ չեն ուզում տալ, հողատու և դավաճան չեն։ Այսինքն՝ օրինակարգ դարձավ պատերազմով հող հանձնելու խայտառակ, կործանարար «գաղափարը»։ Բնական երևույթ էր, երբ բացառված էր տրամաբանությունը։ Իհարկե, ոչ ոք չէր մտածում դավաճան չդառնալու հետևանքների մասին։ Հիմա էլ կարծես լավ չեն հասկանում, թե ինչի մեջ են գցել երկիրը։

Ն․ Փաշինյանը, օրինակ, ինքն իրեն հարց չի տալիս, թե պատերազմից հետո անցած ժամանակաշրջանում ինչ է արել բանակի և սահմանների ամրապնդման համար։ Իսկ նրա կուսակիցները զբաղված են դատավորներով, տեղական ընտրություններով, ֆեյսբուքում ախմախ տեքստեր գրելով։ Նշենք նաև, որ վարչապետը հաճույքով օգտագործվում է արտաքին ուժերի կողմից, ընդ որում էական չէ՝ արևմտյան են դրանք, հյուսիսային, թե հարավարևելյան։ Օգտագործվում է՝ պահելով սեփական աթոռը։ Ինքն էլ իր հերթին օգտագործում է թե՛ իրեն շրջապատող ահել-ջահել այրերին՝ ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին և ընդդիմադիրներին՝ նրանց գոյատևելու շանս տալով։

Եվ ռեալ պատերազմը դարձյալ ձեռնտու է սրանց։ Որովհետև աշխարհաքաղաքական հարցեր կլուծեն մեր երեխաների արյամբ և կապահովեն իրենց չնչին գոյությունը։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ