Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել, որում մասնավորապես ասել է. «Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին»:
«ՉԻ». Եթե ուշադրություն դարձրել եք, ապա բացարձակապես որևէ բառով անգամ չենք անդրադարձել այն փաստին, որ Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից: Որովհետև ներքաղաքական օրակարգ այս պահին գոյություն չունի:
Հիմա պատերազմ է: Ծանր և դաժան: Հակառակորդի համար ոչ մի նշանակություն չունի, դիմացինը ընդդիմադիր է, թե իշխանամետ, նախկին, թե ներկա: Հրետանու արկը, ԱԹՍ-ն, գնդացիրը նման տարբերակում չի անում:
Այսինքն, մենք էլ հիմա նման տարբերակում չենք անում: Եթե Գագիկ Ծառուկյանը կարող է և ցանկանում է իր լուման ներդնել այս պատերազմում, մենք միայն կարող ենք ողջունել: Պատերազմը մեզ միավորել է: Ծառուկյանը չլինի, ով ուզում է լինի: