«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեզ ոչ մի պարագայում պարտված չհամարելու շուրջ պայմանավորվելու» առաջարկը ո՞ւմ էր ուղղված, ՀՀ ԱԺ պատգամավորներին, թե՞ նաև մեզ:
Ես իմ մասով պետք է ասեմ, որ ՈՉ, ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՄ պայմանավորվում, քանի որ չեմ պատրաստվում ընդունել որևէ պարտություն:
Եվ մի բան էլ. խորդուրդ կտամ ՉՉԱՐԱՇԱՀԵԼ ներքին համերաշխության և միասնության մթնոլորտը՝ թաքուն և քողարկված քարոզ իրականացնելու համար»:
«ՉԻ». Ասում են, որ Ծառուկյանը դեմ է եղել ընդդիմադիր եռյակի կազմում այս մարդ-կուսակցության ներգրավմանը: Թերևս Ծառուկյանի բացառիկ ճիշտ որոշումներից է: Նա էլ է հասկացել՝ բացի այն, որ Ղազինյանն իրենից բացի ոչ ոքի չի ներկայացնում, միայնակ էլ է բալաստ իրենց միավորման համար:
Փաշինյանը պարզ ասաց, որ անգամ ռազմաճակատի ժամանակավոր անհաջողությունները չպետք է մեզ վհատեցնեն և մղեն պարտություն ընդունելու դաշտ: Իսկ Ղազինյանը այդ խոսքերում պարտության քարոզ է տեսնում:
Սա էլ գաղտնի բանակցությունների մասին թշնամու արտանետումներ չեն, որ ինչպես ցանկանաք, այնպես մանիպուլյացիայի դիմեք: Ամեն ինչ գնացել է ուղիղ եթերով, բոլորը տեսան, թե ինչ է ասում: Դրանից հետո փորձել քննադատել այդ հայտարարությունները, անուն կպցնել և այլն, այդպիսի բան կանի միայն Ղազինյանի նման մեկը: Ով գիտի, միևնույն է՝ հանրային վարկանիշ չունի, ուստի կորցնելու բան էլ չունի: