...

Պատերազմը պղտոր ջուր չի, որ ձուկ որսաս

Պատերազմը պղտոր ջուր չի, որ ձուկ որսաս

Փաստ է, որ հեղափոխությունից հետո նախկին ռեժիմը ակտիվորեն լծվել է գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հեղինակության իջեցմանը՝ ընտրություն չկատարելով մեթոդների ու գործիքներ միջև, չխնայելով անգամ սրբությունները՝ ընտանիք, ծնողներ։ Նպատակը մեկն է՝ անվստահություն, անանցանելի անդունդ փորել ժողովրդի ու իր ընտրած քաղաքական ղեկավարության միջև, որից հետո վերջինիս հեռացնելը ընդամենը տեխնիկայի հարց կլինի: Իսկ այդ նպատակին հասնելու համար «գրոհայինների» ու «անջատողականների» անտեսանելի ու ընդհատակյա մի ամբողջ լեգիոն է աշխատում։ 

Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ թե՛ տավուշյան լոկալ մարտական գործողությունների, և թե՛ ընթացող լայնամաստաբ պատերազմի այս լարված ու անորոշ օրերին երկրի ղեկավարի, գերագույն-գլխավոր հրամանատարի ռեյտինգը վերելք ապրեց և շարունակում է ապրել։ Տավուշի դեպքերի ժամանակ, երբ հայկական զինուժին հաջողվեց գրագետ ու դաստիարակչական ջարդ տալ թշնամուն՝ ունենալով դիրքային առաջխաղացում, մենք բոլորս տեսանք, թե ինչպես նախկին ռեժիմը փորձեց  բանակը պոկել, անջատել կառավարությունից, ամենուր աղաղակել, թե բանակը ի հեճուկս վարչապետի է կատարել իր մարտական առաջադրանքը, «Նիկոլը ըսկի խաբար չի եղել կատարվածից»՝ փառքի դափնիները փռելով մեկ մարդու՝ օպերացիան ղեկավարած  Գ․ Խաչատուրովի ոտքերի տակ, որը մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յու․ Խաչատուրովի որդին է։ Անգամ շահարկվեց այն հարցը, թե «հորը Նիկոլը բռնել է տվել ու դատում է, իսկ ահա որդին վեհանձնորեն պայքարում է հանուն հայրենիքի»։  Այս վտանգավոր հակադրությունը, քարոզչական մակարդակում ռազմական և քաղաքական ղեկավարության միջև տարանջատում մտցնելու նենգ տեխնոլոգիան նոր չէ, և առաջին անգամ չէ, որ կիրառվում է, սակայն այն, բարեբախտաբար, այս անգամ արդյունք չտվեց։ Գիտակից հանրությունը շատ լավ հասկանում է, որ զինուժը կատարել է օրենքով իրեն վերապահված առաքելությունը՝ հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգությունը, մի բան որը պարզապես պարտավոր էր։  

Այդ նույն՝ կեղտոտ տեխնոլոգիան, նենգադավ քարոզչությունը ավելի լայն թափով տարվում է նաև ընթացող պատերազմի օրերին, հայտարարված հասարակական համերաշխության կեղծ շղարշի տակ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ինչու պատասխանը կարելի ստանալ՝ շոշափելով հասարակական տրամադրությունները։ Ակնհայտ է, որ ներկա իշխանությանը սատարող հանրությունը սատարում է նաև իշխանության առաջին դեմքի՝ գլխավոր-գերագույն հրամանատար Փաշինյանի գործողությունները՝ ՀՀ սուվերենության դիրքերից հնչող ելույթներ, աշխարհին ուղղված ճիշտ ու հաշվարկված ուղերձներ, հայ հանրությանը հղված մարտակոչ և դրան համայն հայության լայն արձագանք։ Այս ամենը, բնականաբար, դրականորեն անդրադարձան Փաշինյանի հեղինակության վրա՝ էլ ավելի ամրապնդելով նրա լեգիտիմությունը։ Իսկ նման իրավիճակը, բնականաբար, դեմ է նախկին ռեժիմի պլաններին, որի սպասարկուներն, ի դեպ, հոկտեմբերի 8-ին հանրահավաք էին հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ 

Տրաքած փուչիկներ 

Ընթացող պատերազմն ու այն իրավիճակը որն ունենք այսօր, բառիս բուն իմաստով տրաքացրել են քարոզչական այն փուչիկները, որոնք հեղափոխությունից հետո շրջանառում էր նախկինների վայրի պրոպագանդան․ ընդհուպ պատերազմից մեկ-երկու օր առաջ ինչ-որ դավադիր պայմանավորվածության մասին միֆ էր շրջանառվում, որոշ փորձագետ-«վերլուծագանգեր» առաջարկում էին բանակցությունների մասին ճիշտն իմանալու համար հավատալ ոչ թե «սուտասան» Նիկոլի, այլ Ալիևի խոսքին, որի հետ, իբրև թե ՀՀ ղեկավարը «բարիշել» է Ղարաբաղը հանձելու շուրջ։ Պատերազմը, առավել ևս դրա հաղթական ելքը, որքան էլ դաժան հնչի, ոչ բոլորին է ձեռնտու։ Ավելին՝ այն խորտակում է նախկինների «գրանդիոզ պլանը»՝ վերադարձ իշխանության, ջուրը թափում այդ ուղղությամբ ծախսված ահռելի ռեսուրսները՝ ֆինանսականից մինչև քարոզչական, ընդհուպ՝ լոբբիստական։ Կա՞ Ղարաբաղի չլուծված խնդիր, կա այն «դիշովի պոպուլիզմի» առարկա դարձնելով, շահարկելով ու օգտագործելով վերադառնալու շանս։ Չկա՞ այդ խնդիրը, ուրեմն առ ոչինչ են այս իշխանությանը հեռացնելու համար նախկինների կողմից բերվող արգումենտները․ ԼԳԲՏ, Սորոս, հակապուտին և այլ հակաքարոզչական կոդերը, առանց «Ղարաբաղ» թեմայի, չունեն «իմունիտետ» և չեն կարողանալու սպասարկել ռևանշի ծրագիրը։ 

Նկատենք, որ ռուսալեզու մի շարք կայքերում, սոցցանցերի որոշ էջերում այս օրերին տոտալ հակաքարոզչություն է ընթանում ընդդեմ ներկայիս իշխանությունների։ Թե ինչու հենց ռուսալեզու՝ կարելի է միայն ենթադրել։    

Եվ երբ Փաշինյանը նախօրեին հայտարարեց առաջնագծում սանձազերծված դավադրության, պետական դավաճանության հանցակազմ պարունակող գործողությունների մասին, հանրությունը ցնցում ապրեց՝ կոնսոլիդացվելով երկրի ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ։ Իսկ այ հայտնի ուժերի որոշ ներկայացուցիչներ երևույթը որակեցին «վհուկների որս», «թիկունքում սև ու սպիտակ փնտրելու արատավոր պրակտիկայի շարունակություն»։ Տեղին է հիշել հայտնի խոսքը՝ «թասը վայր ընկավ, զնգոցը մատնեց ընկնելու վայրը»։

Չմտնել ԱԱԾ-ի ֆունկցիաների մեջ  

Կարևոր նկատառում․ այն, ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, սթափեցնող ահազանգ էր, սակայն չենք կարծում, որ ճիշտ էր ընտրված այդ ահազանգը հնչեցնողի անձը։ Այդ է պատճառը, որ այդ հայտարարությանը միանգամից քաղաքական երանգ հաղորդվեց՝ խեղաթյուրելով  դրա կոնտեքստը։ Նման երանգավորումից խուսափելու համար ահազանգը թերևս պետք է հնչեցվեր ԱԱԾ-ի մակարդակով։ Ինչպես օրինակ օրեր առաջ ընդդեմ Հայաստանի լրտեսություն իրականացրած օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման, նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին լուրը։ 

Հ․Գ․  Պատահական չէ, որ այս ֆոնին ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը հեռուն գնացող վերլուծությունների տեղիք տվեց՝ արդյոք այն կապ ունի տեղի ունեցածի հետ, թե՞ պաշտոնանկության պատճառներն այլ տեղ պետք է փնտրել։ Մենք զերծ ենք մնում մոտ կես տարի պաշտոնավարած Ա․ Քյարամյանի հեռացման՝ հանրության շրջանում քննարկվող վարկածներին անդրադառնալուց՝ հարգելով երկրում առկա ռազմական դրության ռեժիմը։ Ընթացող պատերազմի առաջին շաբաթների ընթացքում Փաշինյանի՝ ՀՀ սուվերենության դիրքերից հնչող ելույթները, աշխարհին ուղղված ուղերձները, հայ հանրությանը հղված մարտակոչը և դրան համայն հայության արձագանքը, բնականաբար, դրականորեն անդրադարձան Փաշինյանի հեղինակության վրա։ Իսկ նման զարգացումը, բնականաբար, չէր կարող լինել նախկին ռեժիմի սրտով, որի սպասարկուներն, ի դեպ, հոկտեմբերի 8-ին հանրահավաք էին պլանավորել՝ վարչապետի հրաժարականի պահանջով։     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ