...

Պայքար, պայքար մինչև վերջ

Պայքար, պայքար մինչև վերջ

ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԽԵԼՔՈՎ

Պատերազմից անմիջապես հետո, շոկից դեռ դուրս չեկած, մարդիկ սկսեցին մտածել ապագայի՝ կյանքի մասին: Բնական էր, որ ապրելու դեղատոմսեր որոնելուց առաջ պետք էր ախտորոշել հիվանդությունը, այսինքն՝ պարզել պատերազմի և պարտության պատճառները: Դրանց հաճախ ենք անդրադարձել: Ուստի սեղմ հիշեցնենք մեր կարծիքը. 

1. Հայաստանը և Արցախը կարող էին ընտրել խաղաղության ուղին, բայց 1998 թվականին երկրում հեղաշրջում իրականացրած ուժերը որոշեցին, որ հող կհանձնեն, երբ ստիպված լինեն: Այսինքն՝ ընտրեցին խնդիրը չլուծելու, բանակցությունները ձգձգելու ճանապարհը: Ինչի վրա էին հույս դրել՝ կհարցնեք իրենց, երբ հնարավորություն ունենաք: Համոզված ենք, որ բանական պատասխան չեք ստանալու: Այնուամենայնիվ, պատերազմի արդյունքն ապացուցեց, որ ոչմիթիզականները սխալ հաշվարկ են արել կամ բնավ չեն արել, հասարակությանը գցել են մոլորության մեջ, կեղծ ազգայնական քարոզչությամբ խեղդել են բանականությունը և Հայաստանի ապագան: Իսկ նպատակն առավել քան պարզունակ էր՝ պահել իշխանությունը և հարստանալ: 

2. 2018-ին իշխանության եկածները նախորդներից տարբերվում են ավելի ցինիկ պոպուլիզմով: Շարունակելով ոչմիթիզականության կործանարար ուղին, 2,5 տարի անգործության մատնվելով՝ Հայաստանը հասցրին պարտության և այդ աղետից հետո էլ մնացին ոչմիթիզական՝ իշխանությունը պահելու հարցում:

Սա ախտորոշում է, որի դեմ ասվող կամ գրվող ցանկացած կարծիք լեցուն է անտրամաբանական, հակագիտական փաստարկներով: Կարդացե՛ք ինքներդ, միայն մի՛ անջատեք ձեր ուղեղը:

Հիմա ելքերի մասին:

1. Վարչապետ Ն. Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց, որը, անկեղծ ասած, առանձնակի ուշադրության չարժանացավ, որովհետև ա) հասարակությունը ծանր հարվածից ուշքի չէր եկել, բ) թե՛ փողոցի, թե՛ խորհրդարանի ընդդիմությունը լուրջ չընդունեցին այդ նախաձեռնությունը, գ) ճանապարհային քարտեզն իսկապես անլուրջ էր: 

2.  Աղմկող ընդդիմությունը միայն մեկ ելք է տեսնում՝ իշխանության հեռացում, իսկ հետոն «չի բացահայտում»:

3. Քաղաքականությունից դուրս անհատները սկսեցին դատողություններ անել գիտության և կրթության կարևորության մասին: Սակայն կրթության արդյունքը, իրոք, տեսանելի է դառնում տարիներ անց, իսկ մենք ժամանակ չունենք: 

Ոմանք փորձում էին մխիթարել և մխիթարվել՝ զուգահեռներ անցկացնելով Երկրորդ աշխարհամարտում պարտված Գերմանիայի և Ճապոնիայի հետ: Թույլ մխիթարանք է, որովհետև մենք ո՛չ Գերմանիա ենք, ո՛չ Ճապոնիա: Այդ երկրներում Արևմուտքի ճնշման տակ երկար ժամանակով արգելվեց ազգայնական գաղափարախոսությունը, այդ երկրներում ֆինանսական խոշոր ներդրումներ եղան, այդ երկրներում իշխանության եկած նոր ուժերը ոչ թե պոպուլիզմով էին զբաղված, այլ գործով: Էլ չենք խոսում Գերմանիայի և Ճապոնիայի մեկնարկային հնարավորությունների մասին: Չնայած պատերազմից հետո դրանք ջախջախված, ավերված էին, բայց արագ կարողացան կողմնորոշվել, ընտրեցին խաղաղության և կյանքի ճանապարհը, ոչ թե լացի ու ողբի:

Ցավոք, Հայաստանում միշտ քիչ են եղել ռեալիստները, դաժան, հաճախ անհավասար պայքար են մղել առասպելների, կեղծ ազգայնականության, դեպի մահ տանող ուժերի դեմ: Եվ իրավամբ, ստացվում է, որ այսօր էլ պետք է ապացուցենք աքսիոմները, թեպետ դրանք ապացուցման կարիք չունեն: Որովհետև «դուխով» չեն հաղթում, դրանով պետություն չեն պահում, բանակ ու ժողովուրդ չեն կերակրում: Ու երբ փորփրում ենք մեր անցյալը, եկե՛ք խոստովանենք, որ Արցախյան առաջին պատերազմում մենք հաջողության հասանք խելքով, ուղեղով: Մի խոսքով՝ պայքար, պայքար մինչև վերջ:

Գրիգոր Խաչիկյան

Հ.Գ. Հոդվածը գրելու ժամանակ Երևանը ցնցվեց երկրաշարժից, և համացանցը լցվեց դրանից պաշտպանվելու ցուցումներով: Հասկանո՞ւմ եք՝ երկրաշարժից հետո ենք մտածում փրկության մասին...

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ