...

Պռատ էլիտան և արտագաղթը

Պռատ էլիտան և արտագաղթը

Ասում եք՝ թող ամեն մեկն իր տեղում իր գործը լա՛վ անի։ Պնդման մեջ կարծես սխալ չկա։ Իսկապես կիսատ-պռատ աշխատողները, յոլա գնացողները խնդիր են աշխատավայրում։ Խնդիր են նախ և առաջ գործատուի համար։ Ուրեմն հենց գործատուն պետք է հրաժարվի նման աշխատողներից։ Երբ գործարարը, գործատուն է բողոքում յոլա գնացողներից, ծույլերից, առնվազն ծիծաղելի է, որովհետև հենց ինքը կարող է հարցը լուծել՝ ընտրելով բանիմաց և պատասխանատու աշխատողների։

Հայաստանում հաճախ տեսնում ենք հակառակը։ Բանիմաց, արհեստավարժ մարդիկ ընտրում են երկրից հեռանալու ճանապարհը, որովհետև իրենց տեղը չեն գտնում։ 

Այո՛, արտագաղթի պատճառը ոչ միայն պատերազմն է, այլև չգնահատված լինելը։ 

Տեսե՛ք՝ ովքեր են գնահատված, ումից է բաղկացած այսօրվա վերնախավը։

Ահա «ժողովրդական վարչապետը»։ Մարդը հեղափոխություն էր անում։ Հիշո՞ւմ եք 2018-ի գարնան օրերը։ Քանի՞ հոդաբաշխ ելույթ եք լսել։ Տեքստ չկար, այսինքն՝ ինտելեկտ չկար։ Կար միայն անսահման դժգոհություն գործող իշխանությունից։ Կար նաև դրսի խաղացողների աննախադեպ աջակցություն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Եվ ծափահարում էին՝ առանց հասկանալու, որ այս մարդը պետության մասին բնավ չի մտածում և չի մտածելու։

Նրա թիմակիցները նույնպես ինտելեկտով չեն փայլում, քանի որ գոյություն ունեն միայն որպես նրա թիմակիցներ։ Իրենք ոչինչ են, Նիկոլի ստվերն են։ 

Ինչպիսի՞ն է սրանց հավաքական կերպարը, հայ գրականության ո՞ր հերոսի հետ համեմատենք։ Գուցե Քաջ Նազարի՞, որը պատահաբար թագավոր էր դարձել, շատ լավ հասկանում էր դա, բայց պարծենում սեփական բախտով։ Այդ փնթի, ծույլ և վախկոտ կերպարը ճանճերին սատկացնելուց հետո համարեց, որ հերոս է և համոզեց «ժողովրդին»։ Իսկ գուցե Մազութի Համոյի՞ հետ համեմատենք։ Չէ՛, սա ավելի լուրջ է, սա չենք անի։

Ուրեմն փնթի, ծույլ, պռատ, «անհաղթ հերոսների» էլիտան օրինակ է նույնքան փնթի, պռատ, ծույլ, բայց ինքնագոհ և բանսարկու մարդկանց համար։ Ուրեմն բանիմաց, մտածող, աշխատասեր մարդը տեղ չունի այսպիսի էլիտա ունեցող երկրում։

Նաև դրա՛ համար են հեռանում Հայաստանից կրթություն, հմտություն և արժանապատվություն ունեցող մարդիկ, երիտասարդները։ Հեռանում են, որովհետև նրանց չեն գնահատելու, որովհետև նրանք սովոր չեն քծնելու, խաբելու, ֆռռացնելու։ Որովհետև նրանք՝ այդ երիտասարդները՝ գիտնականները, արհեստավորները, հողի մշակները, արվեստագետները, երբեք չեն համաձայնվի անել մի գործ, որի վարպետը չեն։ Նրանք այդքան գիտակցություն և արժանապատվություն ունեն։

Հարցրե՛ք այսօրվա իշխանավորներին՝ 4,5 տարում ի՞նչ են սովորել, հասկացե՞լ են, որ երկիր կառավարելը որևէ հկ-ում կամ կուսակցությունում, որևէ թերթում ճամարտակելը չէ։ Հարցրե՛ք։ Համոզված եմ՝ հայտարարելու են, թե իրենց ժողովուրդն է ընտրել։ 

Նիկոլ Փաշինյանն իր լրատվամիջոցներով անմիջապես կխոսեցնի, ասենք, փակվող տոնավաճառում աշխատող որևէ փնթի կերպարի, որը անպայման կերդվի վարչապետի արևով։ Մյուս՝ այսպես կոչված ընդդիմադիր լրատվամիջոցները կտարածեն դա, և տպավորություն կստեղծեն ժողովրդի մասին։ Հետո սոցցանցերում լալահառաչ ստատուսներ կկարդանք այն մասին, որ մեր ժողովուրդը ծույլ է, փնթի, պռատ։ 

Այնինչ պռատությունն ուրիշ տեղում է՝ վերնախավում, սրանց գլխում է․ չե՞ք տեսնում։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ