Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ վերջին շրջանի գործունեությունը, իհարկե, չի կարող չմտահոգել Հայաստանի և Արցախի հանրությանը: Ուղղակի արդեն բացահայտ կերպով Բալասանյանը փորձում է սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջև, իսկ նրա ցինիկ հայտարարությունները Հայաստանի իշխանությունների վերաբերյալ, տեռորով և շանտաժներով սպառնալը, ընդհանրապես վեր էր բոլորիս երևակայությունից: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Վիտալի Բալասանյանին, միաբերան շեշտում են, որ նա այսպիսին չի եղել, ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի:
Վիտալի Բալասանյանին ճանաչողները պատմում են, որ նա բավական հավասարակշռված, զուսպ, սպայի պատիվը բարձր պահող, սպային հարիր արժանապատվություն, կացուձև ունեցող անձնավորություն էր: Զորամասեր է ղեկավարել, որտեղ նրա մասին շարքային զինվորները մինչև հիմա էլ լավ կարծիք ունեն: Ու հենց իր հետ շփված, իրեն լավ ճանաչողներն են շոկի մեջ, թե ինչպես կարող էր կարճ ժամանակահատվածում այսպես կերպարանափոխվել: Այսինքն, մարդը, որը գնահատում էր խոսքի արժեքը, հիմա դարձել է բամբասչի, ստախոս, ուրացող: Հերոսից դարձել է հակահերոս: Արցախ պահողից՝ Արցախ պառակտող:
Հնարավո՞ր է հիմա փրկել այս մարդուն: Այսինքն, խելքի բերել, բանականության մեջ տեղավորել, վերադարձնել այն հեղինակությունն ու հարգանքը, որը նա վաստակել էր արցախյան ազատամարտում: Որովհետև ինքը պրծել է: Չկա այլևս Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Ինքն այսուհետ հեղինակություն կարող է լինել միայն Գառնիկ Իսագուլյանի, Մենուա Հարությունյանի ու Քոչարյանի նմանատիպ վարձկանների համար: Նրանց շարքերը համալրելով, ինքն էլ դարձավ շարքային:
Սրա պատասխանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անցած ճանապարհում է: Մարդիկ, որոնք Արցախյան պատերազմի ընթացքում վայելում էին հայ հասարակության համակրանքը, համարվում էին հմուտ ղեկավարներ, կապ չունի, թե նրանց վերագրվող քաջոգործությունների քանի տոկոսն էր իրական, քանիսը՝ մտացածին:
Բայց պատերազմը ավարտելուց հետո այս մարդկանց համար չավարտվեց կյանքի այն փուլը, որտեղ զենքի լեզվով են խոսում: Իսկ խաղաղ պայմաններում նրանք իսկական աղետ դարձան Արցախի ու հետո նաև՝ Հայաստանի համար: Որ ասում են՝ թշնամուն չէինք ցանկանա նման ղեկավարներ, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին է: Մինչև հիմա պատերազմի մեջ են, Հայաստանում 20 տարվա նրանց ճանապարհը լրիվ արյամբ է ներկված: Սրան ավելացավ ագահությունը, փառամոլությունը, եսասիրությունը, ատելությունը այն ամենի հանդեպ, ինչը խորթ է նրանց արժեքային համակարգին, անհանդուրժողականությունը ցանկացած այլախոհության հանդեպ, ուրացողությունը հենց իրենց անցած ճանապարհի, ընկերների հանդեպ: Այս ամենն ի վերջո հանգեցրին նրան, որ նրանցից մեկն այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին, մյուսին էլ ժողովրդական հեղեղը սրբեց Բաղրամյան 26-ից:
Վիտալի Բալասանյանն ընտրեց Սերժ-Ռոբերտ ճանապարհը: Ճանապարհ, որը կարող է իրեն ինչ-որ պաշտոնների հասցնի, փող ու բիզնես բերի, բայց դա ճանապարհ է դեպի ոչինչ, դեպի հասարակական բացարձակ արհամարհանք: Ընդամենը մի ամիս է, ինչ սկսել է իրեն դրսևորել իբր քաղաքական գործիչ, ու իր ասած ամեն նախադասության հետ ստախոսության, երկերեսանիության, ընկերների հացն ուրանալու, ատելության և անգրագիտության դոզան ավելանում է: Արդեն այնքան փաստ է խեղաթյուրել, որ մի քանի մարդու կյանքի կհերիքեր:
Ու հիմա ինքն է սպառնում դառնալ նույնպիսի աղետ, ինչպես նրան այս ստախոսության և ատելության ճանապարհին դրած քոչարյանականները: Եթե կուզեք, ապա Վիտալի Բալասանյանին այսպես փչացնելու համար էլ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արդեն այնքան մարդ են փչացրել, բարոյազրկել, որ նրանց փրկելը մի առանձին հերոսություն կլիներ: