Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում անդրադառնալով եկեղեցու հետ հարաբերություններին, ասել է. «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում»:
«ՉԻ». Այսինքն՝ ստացվում է, որ մինչև 2018թ. հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել բացառապես մի բանով՝ Աստծուն հակառակվելով:
Համենայնդեպս, 20 տարի շարունակ Փաշինյանը ընդդիմադիր գործիչ է համարվել, պայքարել է իշխանությունների դեմ, ամենախիստ քննադատներից է եղել, արմատական դիրքերից է հանդես եկել, այսինքն՝ Աստծուն դեմ է գնացել:
Եթե, իհարկե, հանկարծ չհայտարարի, թե իրականում 20 տարի շարունակ իշխանությունների դրածոն է եղել ընդդիմությունում, ականը, գործակալը, հետևաբար Աստծո շահերն է հետապնդել:
Մեզ թվում է, որ հեռու չէ այն օրը, երբ Սբ. Նիկոլին քննադատելը քրեորեն պատժելի արարք է որակվելու: Աստծուն հակառակվելը մեղք է, բա ո՞նց: