«Չունես համարժեք իշխանություն, ունես հարյուրավոր զոհեր» հոդվածի արձագանքներից մեկում կարդում ենք․ «Զինվորը ինքը պետք է կահավորի իր դիրքը, չկարգավորված դիրքը զինվորի և իր անմիջական հրամանատարի անգործության արդյունք են»։ Այսինքն՝ սահմանների ամրացման մասին պետք է մտածի զինվորը կամ անմիջական հրամանատարը, կառավարությունն էլ, ինչպես միշտ, անմեղ է։
Բացատրենք․ զինվորները, սպայական կազմը չեն կարող առանց իշխանության աջակցության ունենալ նյութատեխնիկական այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են նորմալ ամրություններ կառուցելու համար։ Թեպետ ՀՀ կառավարությանը երևի թվում է, որ շինանյութ, կոնստրուկցիաներ, շինտեխնիկա պետք է զինվորներն ու սպաները իրենց տներից բերեն։
Պարզ է մի բան․ մենք ոչ թե անհամարժեք իշխանություն ունենք, այլ «իշխանություն» հասկացությունը իսպառ բացակայում է պատերազմական Հայաստանում։
Ավելին, իշխանության չգոյությունը, իշխանություն ներկայացող մարդկանց թեթևամտությունն ու անպատասխանատվությունը այլասերում են հասարակությունը, կոտրում նրա դիմադրողականությունը։
Օր․՝ ինչո՞ւ պետք է, ասենք, վարչապետն անհանգստանա սահմանային բունկերների չգոյությունից, եթե ինքն իրեն պաշտպանված է զգում սեփական բունկերում՝ հասարակությանը մերթընդմերթ «զբաղեցնելով» խնդրահարույց ելույթներով։
Բայց․․․
Բայց արձանագրելով, որ իշխանություն չունենք, ինքներս պետք է դուրս գանք թմբիրից։ Հենց հիմա է պետք ինքնակազմակերպումը, քանի որ պատերազմական վիճակում մարդիկ իրենք պետք է մտածեն գոնե իրենց երեխաների անվտանգության մասին։
Հետևաբար ոչ մեկս անգործության իրավունք չունի։
Սկսած բժշկական ծառայություններից վերջացրած նորմալ կուսակցություններով հենց այս պահից պետք է կազմակերպվեն ստեղծված իրավիճակին համարժեք աշխատանքներ։ Օր․՝
1․ Կարգի բերենք բոլոր հնարավոր պատսպարանները։ Սա կարելի է անել անգամ շենքերի բնակիչների սեփական ուժերով։
2․ Օգտագործենք զինծառայություն անցած անձանց փորձը։ Վստահ ենք՝ նրանք շատ բան կարող են անել ինքնապաշտպանություն կազմակերպելու խնդիրը լուծելիս։
3․ ՀՀ բուհական համայնքը, ԳԱԱ-ն և այլ կազմակերպություններ արագ պետք է ամբողջ համացանցը ողողեն Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի մասին կոնկրետ, սպառիչ և ընթեռնելի նյութերով՝ օգտագործելով սեփական ներուժը, չսպասելով չիշխանության հրահանգներին։ Նյութերը պետք է լինեն ոչ միայն ռուսերեն կամ անգլերեն, այլև տարբեր լեզուներով (օր․՝ վրացերեն, լեհերեն, և պարսկերեն, արաբերեն և այլն)։ Մենք պարտվում ենք քարոզչական ճակատում, որովհետև միայն հայերեն լալահառաչ տեքստերով գործին ոչ մի բանով չենք օգնում։
Կրկնենք՝ իշխանությունը սրա մասին չի մտածել և չի մտածելու։
Մտածենք ինքնուրույն, և ելքեր կգտնենք։ Կգտնենք նաև նյութական միջոցներ։ Համաձայնե՛ք՝ նման ենք թունդ թմրանյութի ազդեցության տակ ընկած ինքնասպանների, որոնք անգամ ուժեղ ցավից գոռալ չեն կարողանում։ Քեզ սպանում են, իսկ դու լուռ ես։ Քեզ սպանում են, և դու ոչինչ չես անում՝ մարդասպանին կանգնեցնելու համար։
Անհրաժեշտ են շատ կոնկրետ գործեր, որոնց մասին մեր «էլիտար» գործիչներն ու վերլուծաբանները չեն ուզում խոսել, քանի որ իրենց պատվից ցածր են համարում, իրենց վարկանիշը կամ լայքերն ավելի կարևոր են։
Զարուհի Գաբրիելյան