...

Քոչարյանականները օգտվում են բոլշևիկների տեխնոլոգիաներից

Քոչարյանականները օգտվում են բոլշևիկների տեխնոլոգիաներից

Ռոբերտ Քոչարյանին սպասարկող քաղաքագետներից Անդրանիկ Թևանյանը մի ծավալուն վերլուծություն է գրել, թե ինչու պետք է ժամ առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից: Բայց հետաքրքիրը հետգրությունն է. «Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ։ Ռազմական գործողությունների թատերաբեմը լինելու է Սյունիքը, ապա՝ ամբողջ Հայաստանը։ Ալիևն այդ ամենի անոնսն արդեն տվեց։ Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել։ Հետո չասեք, թե զգուշացված չեք եղել։
ՀՀ բանակ, շարժվի՛ր»:

«ՉԻ». Այս մարդիկ չեն կողմնորոշվում՝ վերջապես Թուրքիային ու Ադրբեջանին ձե՞ռք է տալիս Փաշինյանի իշխանության մնալը, թե՞ ոչ: Առավոտյան մի բան են հայտարարում, երեկոյան՝ հերոսաբար հերքում իրենց առաջ քաշած թեզը:

Նույն տեքստում Թևանյանը գրում է նաև այսպիսի տողեր. «Թուրքերը խնդիր են դրել վերացնել Հայաստանը և դա անում են Նիկոլի ձեռքերով։ Վերջինս էլ իրեն ապահով ու անվտանգ է զգում թուրքական ազդեցության տակ, քանզի Հայաստանի սուբյեկտայնության պահպանության դեպքում ինքը դատվելու է»։ Անհասկանալի է, թե մեջբերված երկու միտքը մեկ տեքստում տեղավորելու համար ինչ խթանիչներ է պետք օգտագործել:

Եթե թուրքերին ձեռք է տալիս Փաշինյանի իշխանությունը, ապա ինչո՞ւ են կարծրացրել ռազմական հռետորաբանությունը: Հակառակը, եթե Փաշինյանի իշխանությունը նրանց սրտով է, ապա այս օրերին կլռեին, կմեղմեին իրենց հայտարարությունները՝ սպասելով, որ գործող իշխանությունը ամրապնդվի: Կսպասեին, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որի արդյունքում իշխանության կմնա իրենց հովանավորյալը: Բայց ոչ:

Իրականությունը լրիվ հակառակն է: Որքան կարծրանում է Բաղրամյան փողոցում հավաքվածների հռետորաբանությունը, միանգամից ունիսոն սկսում են գործել Բաքվի և Անկարայի հայտարարությունները:

Եթե Փաշինյանը իրենց սրտով է՝ ի՞նչ իմաստ ունի պատերազմ սկսել: Հայաստանի իշխանությունը ինքնուրույն կզիջի այն, ինչին Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն հասնել պատերազմի միջոցով՝ խնդիրներ ստեղծելով նաև միջազգային ասպարեզում:

Եթե Բաքուն ու Անկարան իսկապես մտադրություն ունեն լայնածավալ պատերազմ սկսել Կովկասում, որքանո՞վ է արդարացված բանակին կոչ անել ոչ թե պաշտպանել Հայաստանի սահմանները, այլ գալ Երևան և մասնակիցը դառնալ քաղաքացիական պատերազմին:

Նույն ձեռագիրը ունեին բոլշևիկները առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Օգտվելով նրանից, որ ռուսական կայսերական բանակը ռազմաճակատում դժվարություններ ունի՝ քարոզում էին, թե Նիկոլայ Երկրորդը և նրա ընտանիքը, ունենալով գերմանական ծագում, ցանկանում են պարտության մատնել Ռուսաստանին: Արդյունքում կոչ էին անում զինվորներին լքել խրամատները, գալ Պետերբուրգ ու Մոսկվա և վերջ դնել կայսրությանը: Այդ հետո պարզվեց, թե որքան ունիսոն են գործում գերմանական գլխավոր շտաբը և բոլշևիկների կուսակցությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ