Մեկ ֆուռ ծիրանը մեկ շաբաթում է վաճառվում
Չնայած ծիրանային պատերազմում հաղթող դուրս եկանք, բայց հայկական գյուղմթերքի իրացման հարցը Ռուսաստանի Դաշնությունում չլուծված է մնում: Եթե օրեր առաջ մեկ ֆուռ ծիրանի համար հերթեր էին գոյացած և վարկյանների ընթացքում «թռցնում» էին, այսօր նույն բեռնատարի ապրանքը մեկ շաբաթում չեն կարողանում վաճառել:
«Բուխտա» շուկայում ծիրան վաճառող քաղաքացին «ՉԻ»-ին ահազանգում է, որ հայկական ծիրանը գրեթե չի վաճառվում: Սոցցանցերում շարունակվում են խնդրանք-կոչերն ուղղված ռուսաստանաբնակ հայերին, որ գնեն միայն հայկական գյուղմթերք:
Մեզ դիմած արտահանողը թեև չցանկացավ ներկայանալ, սակայն հայտնեց, որ մի քանի օր է՝ վաճառքը կանգնել է: Առաջին մի քանի օրերին ռուսաստանաբնակ հայերը օգնության հասան արտահանմամբ զբաղվող իրենց հայրենակիցներին և գնեցին ամբողջ հայկական ծիրանը: Վերջերս վիճակը մտահոգիչ է դարձել:
«Այդքան ապրանքը մեր հայերը չեն կարող գնել: Մեզ, իհարկե, շատ մեծ աջակցություն ցույց տվեցին: Մի ֆուռում 20 տոննա ծիրան կա՝ շուրջ 2300 արկղ, բայց մենք 50-60 արկղն ենք ծախում: Էլի մեր հայերն են գնում, բայց արդեն քիչ քանակությամբ»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նա ծիրանի այգիներ ունի Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում: Այստեղ ծիրանն, ի տարբերություն Արարատյան դաշտի, ուշ է հասունանում: Ծառերին դեռ բերք կա, բայց դադարեցրել են բերքահավաքը:
«Դեռ հավաքելու ծիրան կա, մեզ լավ լուրեր չեն հասել, և էլ ծիրան չեն հավաքում: Հույս ունեինք, որ վիճակը կլավանա, սակայն, ամեն օր դեպի վատն է գնում: Լարվածություն չկա, բայց ադրբեջանցիները բացարձակ հայկական բերք չեն առնում: Տաջիկներն էլ չեն գնում: Իրենք են հիմնականում մեզանից միրգ գնում: Տաջիկները մեզանից պտուղ-բանջարեղեն էին առնում և վաճառում ադրբեջանցիներին: Այդ դեպքերից հետո էլ չեն գնում: Մնում են մեր հայերը, բայց իրենք վաճառական չեն, սեփական օգտագործման համար են գնում՝ մեծ քանակություն չեն կարող սպառել՝ ինչքան կարող են ուտել կամ առնել-բաժանել»,- նշեց արտահանողը:
Ասում է՝ ՌԴ-ում հայկական գյուղմթերքի իրացման հարցը պետք է պետական մարկարդակով լուծել: Իրենց փրկությունն այն կլիներ, որ գոնե մի քանի օրով կրկին կարողանային «Ֆուդ Սիթի» մտնեին: Հակառակ, դեպքում, ըստ նրա, Ռուսաստան տարած միրգը փչանալու վտանգի տակ է:
«Թողեն մի 10 օրով մտնենք «Ֆուդ Սիթի»՝ մեր ապրանքը վաճառենք ու դուրս գանք: Կայանատեղիներում ֆուռերը կանգնած են՝ միլիոնների ծիրան է լցված սառնարաններում: Եթե 4 օրում չծախվեց՝ թափելու են: Այս պահի դրությամբ մեկ ֆուռ ծիրանը մեկ շաբաթում է ծախվում: Ծիրանի կիլոգրամը 500-600 դրամ է՝ 30 000-40 000 դոլարի փող է մեկ ֆուռ ծիրանը՝ ապրանքը փչանալու վտանգի տակ է»,- նեղսրտեց առևտրականը:
Խաղողագործներն անհանգստացած են
Ծիրանի բերքահավաքը գրեթե ավարտված է: Հերթը դեղձինն ու սալորինն է, որոնց վաճառքը ՌԴ-ում կրկին խնդրահարույց է դարձել: Շուտով նաև արևահամ խաղողը կհասնի: Ողկույզների ծանրությունից վազերը ճկվում են՝ խաղողի արտակարգ բերք ունենք: Աչքները ծիրանից վախեցած՝ այգետերերն անհանգստացած են խաղողի համար: Եթե արտահանում չեղավ, առատ բերքը միայն տեղական շուկայում հնարավոր չէ սպառել:
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Սուրիկ Կարապետյանը «Քիշմիշ» տեսակի խաղող ունի: Ասում է՝ քիշմիշի սիրահարները Ռուսաստանում են:
««Քիշմիշ» խաղողը մենակ Մոսկվայում է վաճառվում, ուրիշ ոչ մի տեղ: 1 տոկոսն էլ մեր երկրում չի վաճառվում: Ամեն տարի արտահանվել է Մոսկվա և Լենինգրադ: Կարմիր «Քիշմիշը» Պյատիգորսկում, Ռոստովում, Կրասնոդարում էլ չի վաճառվում: Խաղողը նույնպես «Ֆուդ Սիթիում» պետք է վաճառվեր: Անելանելի վիճակում ենք, չգիտենք՝ խաղողի հարցը ինչպես պետք է լուծվի»,- մտահոգվեց խաղողագործը:
Խաղողի մթերումն այս տարի անաղմուկ չի անցնելու: Մի կողմից՝ ՌԴ արտահանումն է ռիսկային դարձել, մյուս կողմից էլ վերամշակող ընկերությունները չեն կարողացել խմիչք իրացնել, որ կրկին գինու ու կոնյակի սպիրտի համար խաղող մթերեն: Վարչապետ Փաշինյանը խոստացել է, որ խաղողը վազին չի մնա: Մնում է խոսքը գործ դառնա:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ Մոսկվայում գյուղմթերքի շուկայի ադրբեջանցի սեփականատերերը բոյկոտեցին հայկական ծիրանի վճառքը:
Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված տրվեց 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվեց ապրանքը տեղափոխել «Ֆուդ Սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Шёлковый Путь առևտրի կենտրոն: Մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ էլ հայ արտահանողներն անվճար կարող են կայանել «Բուխտա» շուկայում:
Մանյա Պողոսյան