...

Սև ցուցակը, պարտքերն ու անտոկոս վարկերը. գյուղապետերն արձագանքում են

Սև ցուցակը, պարտքերն ու անտոկոս վարկերը. գյուղապետերն արձագանքում են

Բանկերը մերժում են 

Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչ Մանվել Բաբայանը այգու էտի աշխատանքներն ավարտել է, բայց սիրտը կախ է:

Նա «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ էտի աշխատանքները կատարելու համար օրավարձով աշխատողներ է բերել: Գործը վերջացրել են, բայց գումարը չի տվել: Անտոկոս վարկ ստանալու համար բանկին է դիմել, սակայն, մերժել են:

««Ակբա Բանկից» ուզում էի վարկ վերցնել, բայց մերժել է: Տղաս էն հիմար բանկից՝ Վարկսից, վարկեր ուներ վերցրած, վճարումներն ուշացումով էր կատարել, դրա համար այս մի բանկը վարկ չտվեց: Աշխատողներին ասել եմ՝ սպասեք մինչև վարկ ձևակերպենք»,- ասաց նա:

Ուզում է վարկ վերցնել, որ այգեգործությամբ զբաղվի և ֆերմերային տնտեսությունն ավելացնի: Ուրիշ բանկի է դիմել, բայց կրկին հուսախաբ է եղել: Ասել են, որ այս օրերին վարկ չեն տրամադրում:

Ամբերդում շատերն են ցանկանում անտոկոս վարկ վերցնել և հողագործությամբ զբաղվել: Ուզում են, բայց մերժում են ստանում: 

«Շատ լավ բան է, բայց գյուղացիների 70-80 տոկոսը սև ցուցակում է, դրա համար չեն կարողանում այս անտոկոս վարկերից օգտվել: Վարկային լավ պատմություններ ունեցողը միշտ էլ կարողանում է ստանալ, խնդիրը սև ցուցակում հայտնվածներն են»,- նկատեց հողագործը:

Ամբերդում տարի չի լինում, որ գյուղացին կարկուտից չտուժի: Ժամանակին ասում էին, որ ապահովագրությունը փրկություն կլինի իրենց համար: Հիմա այն իրականություն է, բայց էլի ոչ բոլորն են կարողացել խաղողն ապահովագրել կարկուտից:

«Ով փող ունեցել է, ապահովագրել է, բայց բոլորն էլ ուզում են: Ուղղակի գարունը ծանր շրջան է գյուղացու համար:  Փող չունի, որ ապահովագրություն անի»,- ասաց նա:

Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Արազափ համայնքում տանը մնալ չկա: Այստեղ անգամ քիթ սրբելու ժամանակ չունեն, բոլորը դաշտերում են՝ վարուցանքի եռուն օրերն են: Գյուղացին այսօր գումար չունի, բայց պնդում են, որ հողն անմշակ չեն թողնելու: Նախորդ տարիների պես պարտքով հող են մշակում:

«Այս տարի էլ գյուղատնտեսական խանութներից «նիսյայով» սերմ եմ առնում, պարարտանյութ, թունաքիմիկատ և մեր հողը մշակում: Երբ, բերքը վաճառում ենք, պարտքը փակում ենք»,- ասաց Արազափի հողագործներից մեկը:

80 տոկոսը սև ցուցակում են

Տեղյակ են, որ կառավարությունը գյուղացիներին անտոկոս վարկեր է տալիս, բայց ասում են, իրենք այդ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում:

«Էդ վարկերը մեր գյուղին չեն վերաբերում, մեր գյուղացիները չեն կարող օգտվել, որովհետև մեկս մեկին երաշխավոր ենք կանգնել ու սև ցուցակում հայտնվել: Մեր գյուղը ժամանակին այն գյուղերից մեկն էր, որ ամենաշատը վարկեր ստացավ: Մատների վրա կարող ես հաշվել ցածր տոկոսով վարկեր ստացածներին»,- նկատեց Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը:

Սև ցուցակում գտնվողներին էլ պետությունը աչթող չի անում: Ասում է՝ միավորվեք կոոպերատիվ ձևավորեք և կրկին ցածր տոկոսներով վարկեր ստացեք: Այստեղ կոոպերատիվի մասին, սակայն, լսել չեն ուզում:

«Ում միանանք: Դա այդքան հեշտ գործ չի: Ամեն մարդ իրա գործին է՝ իր գործն է ուզում անի, իր փողը ստանա: Յոլա էթում ենք, էլի: Էնա սաղ գյուղը վարկի ու պարտքի տակ է՝ սերմերը սաղ պարտքով են ցանել»,- նշեց նա:

Այգեշատցիներն էլ են հողամասում: Ցանում են, սածիլները տնկում, բայց հողերը միավորելու մասին չեն էլ մտածում:

«Չաշխատող տարբերակ է կոոպերատիվը: Եթե ստեղծվի էլ, արհեստական իմիտացիա է լինելու: Անհատ հողատերերի մեծ մասը մինչև 1 հեկտար հողամաս ունի: Այսօր 2 հոգի հաշտ ու համերաշխ չեն կարողանում հող մշակել, ուր մնաց թե 10 հոգով միավորվեն: Եթե ինքը մեծ հողատեր է՝ 10 հեկտար հող ունի, նրան էլ ինչին է պետք միավորվելը: Շահավետ, արտոնյալ պայմաններ պետք է փոքր հողակտորներ ունեցողներին տալ, հակառակ դեպքում նրանք պետք է իրենց հողերը վաճառեն և հող չմշակեն»,- ասաց Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ այգեշատցիներն էլ անտոկոս վարկերից չեն կարող օգտվել: Այստեղ նույնպես հողագործների մեծ մասին բանկերը սև ցուցակ է գցել:

«Լավ ծրագիր է, բայց, եթե նախկին սկզբունքով է գործելու, բան չի փոխվի: Երաշխավորի համակարգը պետք է վերացնել: Մարդը վարկ է ուզում՝ 4 հոգի էլ պետք է երաշխավորի: Այսօր երաշխավոր կանգնելու պատճառով գյուղում սաղ իրար թշնամի են դարձել: Եղբայրը եղբոր հետ չի խոսում»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Ջրի են սպասում

ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է համայնքների ղեկավարներին՝ կոչ անելով ինքնակազմակերպվել և ոչ մի թիզ հող անմշակ չթողնել: Ըստ նրա՝ հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքան հող կմշակի համայնքի ժողովուրդը։ Ասել է նաև, որ կառավարությունից աջակցություն պահանջեք, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքին է։

Հող չմշակելու պատճառները շատ են՝ արձագանքում է Այգեշատի համայնքապետը: Այսօր իրենք ջրի են սպասում: Երիտասարդ ծառերը և սածիլների մի մասը ջրի կարիք ունեն, բայց դեռ ջուր չեն տվել:

Նրա խոսքով՝ հենց ոռոգման ջրի բացակայության կամ անբավարար բաշխվածության պատճառով է, որ գյուղացին հող չի մշակում: Ասում են՝ եթե պարարտանյութը, թունաքիմիկատը, ոռոգման ջուրը թանկ չլինեն, գյուղացին ոչ մի թիզ հող անմշակ չի թողնի:

«Գյուղացին նաև իրացման խնդիր ունի: Լոլիկը սեզոնին մթերվում է 35 դրամով, դա ինքնարժեքի գինն է: Նույնը խաղողը, որի ինքնարժեքը 120 դրամ է կազմում, բայց գործարանն ընդունում է կիլոգրամը 135 դրամով: Եթե գյուղացին իմանա, որ շահույթ կստանա, հաստատ իմացեք, որ ոչ մի կտոր հող խոպան չի մնա»,- պատգամավորին պատասխանեց գյուղապետը:

Մանյա Պողոսյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ