...

Սևրից Ալեքսանդրապոլ

Սևրից Ալեքսանդրապոլ

Պարզ է՝ իշխող և չիշխող «էլիտան» պատմություն չի սովորել։ Չի հասկացել, թե ինչպես Սևրի պայմանագիրը փոխակերպվեց Ալեքսանդրապոլի խայտառակությանը։ Ինչպես և ինչ արագությամբ։ Պարզ է, որ այսօրվա Հայաստանը անհոգության, փնթիության և փինաչիության օրինաչափ հետևանքն է։ Պարզ է՝ պատմությունը կրկնվում է, բայց շատ էական դետալներ կարող են նաև փոխվել։

Օր․՝ 1920 թ․ Հայաստանի այս մի կտորը բնաջնջումից հրաշքով փրկվեց։ Եվ այդ հրաշքը բոլշևիկյան հրեշն էր։ Որքան էլ մեր արևմտամետների, ռուսամետների, թունդ անկախականների և այլոց ականջը ծակի, Ալեքսանդրապոլի կապիտուլյացիայից մեզ փրկեց մեկ այլ կապիտուլյացիա։

Չիմացողներին սեղմ տեղեկագիր տրամադրենք։ 1918- 20 դժվարագույն տարիներին ՀՀ կառավարությունը գրեթե նույն քայլերն էր անում, ինչ հիմա անում է ՔՊ-ն։ Այսինքն՝ առավելապաշտությամբ տարված՝ չէր հասկանում, որ Վիլսոնը մեր երկիր ամերիկյան զորք չի ուղարկելու, որ պետք է բանակցել և բանական զիջումներ անել, երբ վիճակը օրհասական չէ։ Արդյունքը, կրկնենք, Ալեքսանդրապոլն էր, որտեղ թուրքերը դաշնակցության ղեկավարներին ստիպեցին ստորագրել այսպիսի պայմանների տակ․

1․ Հայաստանի տարածքը՝ մոտ 10.000 քմ․
2․ Հայաստանի զինված ուժեր․ Հայաստանը զրկվում էր ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, կարող էր ունենալ միայն 1.500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ։
3․ Հաղորդակցման ուղիներ․ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։
4․ Արտաքին հարաբերություններ․  ՀՀ կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, պարտավորվում է Եվրոպայից և ԱՄՆ -ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Մնացածը ինքներդ կգտնեք ու կկարդաք։ 

Հիմա գանք Հայաստանի խորհրդայնացմանը կամ անկախության հերթական կորստին։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը իրականություն չդարձավ, քանի որ կառավարության որոշ անդամներ, ի մասնավորի՝ Դրոն, հասկացան, որ բոլշևիկյան ներխուժումն անխուսափելի է և բզկտված երկիրն ուղղակի հանձնեցին Կարմիր բանակին։ Ուրիշ ճար չկար։

Սևրով ոգևորված՝ կորցրին մոտ 30.000 քմ տարածք, որովհետև բոլշևիկները պահեցին այն 29.000 քմ-ն, որ հիմա վտանգի տակ է։

100 տարի առաջվա և այսօրվա տարբերությունն այն է, որ բոլշևիկների գալուստ չի լինելու, այսինքն՝ մենք զրկվելու ենք պետության իմիտացիայից անգամ (ՀԽՍՀ-ն, այնուամենայնիվ, գոյություն ուներ և մեր անկախ պետականության հիմքն էր)։ Համաշխարհային հեղափոխության գաղափարը վաղուց մեռած է։

Իսկ Արևմուտքը Հայաստանի համար պատերազմի մեջ չի մտնելու երբեք՝ նույնիսկ հանուն ժողովրդավարության, որ մեզ այժմ լոկ ծաղր է թվում։

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ