Շաբաթն ավարտվում է: Կամ տարին է ավարտվում: Հնարավոր է ծանր ժամանակներն են ավարտվում, իսկ միգուցե՝ սկսվում:
Դրսում արև է: Կամ մառախուղ: Իսկ միգուցե ամպամած է: Կամ ձյուն է գալիս:
Արցախը շրջափակված է: Կամ միջանցքն է փակ: Միգուցե նոր ճանապարհը դեռ կառուցված չէ:
Մեղավորը ադրբեջանցիներն են: Կամ ռուսները: Միգուցե նախկին իշխանությունները, հնարավոր է՝ արևմուտքը:
Հայաստանի իշխանությունները բողոքում են: Կամ ընդդիմությունն է բողոքում: Կամ իշխանությունները մեղադրում են: Միգուցե ընդդիմությունն է մեղադրում: Ու իշխանությունները ոչինչ չեն անում: Կամ էլ ընդդիմությունը ոչինչ չի անում:
Իշխանությունները սպասողական դիրք են որդեգրել: Հնարավոր է՝ անհամբեր են: Կամ ընդդիմությունն է անհամբեր: Բայց միգուցե որոշակի դիրք բոլորն են որդեգրել:
Հայաստանը դիվանագիտական ջանքեր է գործադրում: Կամ էլ պասիվ դիվանագիտական ջանքեր: Հնարավոր է, ընդհանրապես խուսափում է դիվանագիտական ջանքեր գործադրելուց:
Հայաստանը բանակցություններ է վարում: Կամ չի վարում: Միգուցե թռնում է բանակցություններից:
Հայաստանն ընդունում է հակամարտության կարգավորման ռուսական պլանը: Կամ չի ընդունում: Կամ ընդունում է, բայց արևմտյանը: Միգուցե ցանկանում է համաշխարհային պլան լինի, հնարավոր է միայն ներքաղաքական պլանի է ձգտում:
Իրավիճակից դուրս գալու ելք կա: Հնարավոր է, չկա: Միգուցե կա, բայց չեն ասում: Կամ էլ ասում են, բայց դա փակուղի է:
Մտավորականությունը լռում է: Միգուցե՝ չի ցանկանում խոսել: Հնարավոր է, խոսելու ունակություն չունի: Բացառված չէ, որ դա մտավորականություն չի:
Աննա Հակոբյանի ինստագրամի էջում նոր տեսանյութեր չկան: Միգուցե աշխարհի առաջնությունն ավարտվել է: Կամ էլ՝ նոր տեսանյութերը ֆեյսբուքում են:
Ալեն Սիմոնյանն այլևս Կատար չի գնում: Կամ էլ հրավիրող չկա: Միգուցե հրավիրում են, բայց ոչ Ալեն Սիմոնյանին:
Սա հայկական խորհրդարանն է, միգուցե՝ զրուցարանը, կամ էլ՝ տոնավաճառը, իսկ հնարավոր է՝ բեսեդկան:
Նիկոլ Փաշինյանը կարևոր հանդիպումներ է ունենում, միգուցե՝ ոչ կարևոր, կամ էլ՝ Արզաքանցյանն ու Շիրինյանն են իր հետ հանդիպում:
Սրանք ռուսամետներն են, կամ էլ՝ արևմտամետները, միգուցե՝ հակառակը:
Սա Հայաստանն է, միգուցե՝ երկիրը, հնարավոր է՝ տարածքը, կամ էլ՝ գլոբուսի կետը: