...

Սադրանք և տեսարաններ. վտանգավոր դիլետանտիզմ

Սադրանք և տեսարաններ. վտանգավոր դիլետանտիզմ

Ընտրություններն իսկապես ոչինչ չփոխեցին: Եթե խոսենք փաստերով, ապա կտեսնենք, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամրապնդվեցին: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի խնդիրների լուծումը դարձյալ կախված է լինելու մեկ մարդուց, և այդ մեկ մարդը նա է: Սա ցավալի և վտանգավոր իրողություն է, որ պետք է արձանագրել և հակաքայլեր մշակել: 

Ի՞նչ ենք տեսել Փաշինյանի իշխանության՝ պատերազմին նախորդող շրջանում: Նախկինների դեմ «պայքարը» պսակվեց աննախադեպ հաջողությամբ. Նախկիններն արդեն խորհրդարանական ընդդիմություն են: Առանձին քննության առարկա է Ն. Փաշինյանի պահվածքը պատերազմի շրջանում: Սակայն մի բան անփոփոխ է. այս մարդու հիմնական գործիքները պոպուլիզմն ու սադրանքն են: Եվ եթե ներքաղաքական ասպարեզում դրանք որոշակի արդյունք են բերել իրեն, ապա արտաքին քաղաքական ոլորտում իսկական աղետ են դարձել Հայաստանի և Արցախի համար: Հիշեցնենք, որ պատերազմին նախորդեցին բանակցություններից փաստացի հրաժարումը, անպատասխանատու հայտարարությունները Արցախի մասին, միջազգային կարևոր կենտրոնների հետ հարաբերությունների անհասկանալի, փչացած վիճակը:

Ցավոք, այսօր՝ պատերազմից և խայտառակ պարտությունից 9 ամիս անց, նրա գործունեության հիմնական սկզբունքները չեն փոխվել: 

Ապացույցը վերջին «նախաձեռնություններն» են: Այսպես, Ն. Փաշինյանը, ստանալով պողպատե մանդատ, անմիջապես սկսեց սադրել թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Պարզաբանենք: ՀՀ վարչապետը նախ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կանգնելու են ռուս զինվորներ, այնուհետև արեց հետևյալ «առաջարկությունը»՝ սահմանին տեղակայել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, և պայման դրեց՝ ասելով, որ դրա անհնարինության դեպքում Հայաստանը կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Միջազգային հարաբերությունների չգրված օրենքներով այսպիսի հայտարարությունները պետք է արվեին կողմերի համաձայնությամբ, որը, անշուշտ, դիվանագիտական լուրջ աշխատանքի արդյունք կլիներ: Սակայն ելնելով ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքներից՝ կարող ենք պնդել, որ սա վարչապետի ինքնագործունեությունն է: Հավելենք, որ ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ այս միտքը ՀՀ վարչապետը կրկնել է Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ՝ օգոստոսի 3-ին: Ինչին Ֆրանսիայի նախագահը պատասխանել է սփոփիչ թվիթով, որում տեղեկացրել է, թե իրենք հայերի հետ են և Հայաստան են ուղարկում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 000 չափաբաժին: Ափսոս, իսկ մենք կարծում էինք՝ ռազմական ինքնաթիռներ կգան: Նշենք նաև, որ Ն. Փաշինյանի արտաքին քաղաքական հայտարարություններն ուղեկցվում են ներքին աննախադեպ աղմուկով: Գործի են դրվել թե՛ լրատվամիջոցները, թե՛ արբանյակ քաղգործիչները: Ֆրանկոմանիան ուղեկցվում է հակառուսական քարոզչությամբ: Ամերիկացիներին ավելի զգույշ են վերաբերվում, սակայն վիճակը կարող է փոխվել Մակունցի դեսպանության օրոք: 

Կարծում ենք՝ Ն. Փաշինյանը, ինչպես միշտ, ականջալուր չի եղել ո՛չ պրոֆեսիոնալ դիվանագետների, ո՛չ միջազգայնագետների խորհուրդներին և որոշել է գավառական խորամանկություններով շահագրգռել Մինսկի խմբի համանախագահ երկրներին, մրցակցություն հրահրել նրանց միջև միայն մեկ նպատակով: Ընտրվելուց հետո նա այլևս չի կարողանալու չկատարել այն պարտավորությունները, որ ստանձնել է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի համաձայնագրերով: 

Մեր հասարակությունը մտածելու բան ունի, քանի որ իշխանության դիլետանտիզմը խիստ վտանգավոր է բոլորիս համար:

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ