ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ. «Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ... »:
«ՉԻ». Մենք նույնիսկ զարմացել ենք, որ վարչապետը մեր զինանշանի մասին այսպես արտահայտվելն այսքան ուշացրեց: Մեռանք սպասելով: Թուրքերն էլ հետը: Ի՞նչ հարաբերություններ Հայաստանի հետ, եթե իրենց սարը մեր զինանշանի վրա է:
Նոյան Տապանի մոմենտն էլ է հասկանալի. հրեաներն ասում են, որ դա բացառապես հրեական տապան է: Եթե Ադամը հրեա է, ուրեմն Նոյն էլ է հրեա: Պարզ բան է:
Առյուծը բնական պայմաններում մենակ Գագիկ Ծառուկյանի մոտ է լինում, ուրեմն պետք է զինանշանից հանել, որ քաղաքական շահարկումներ չլինեն:
Ջրային ռեսուրսներն էլ.... էն օրը բնապահպանության նախարարը հայտարարեց, որ ջրային ռեսուրսները գնալով նվազում են, Սևանը կանաչելու է, ինչը հակասում է զինանշանում պատկերված բոլ-բոլ ջրի հետ:
Եվ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Հայաստանը Ուրարտուի հետ, որ անունը Հայաստան լինի: