...

Սասուն Միքայելյանի հետ ինչ-որ մեկը պահմտոցի է խաղում

Սասուն Միքայելյանի հետ ինչ-որ մեկը պահմտոցի է խաղում

Օրերս մի խումբ բարեգործներ որպես օգնություն Արաբկիրի թաղապետարանին սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրել, որպեսզի դա բաժանեն կորոնավիրուսի պատճառով նեղն ընկած ընտանիքներին, կարիքավորներին: Իր հերթին, Արաբկիրի թաղապետարանը այդ օգնության մի մասը հատկացրել է ԵԿՄ Արաբկիրի մասնաճյուղին, որպեսզի դա բաժանեն ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին:

ԵԿՄ Արաբկիրի մասնաճյուղում էլ այս օգնությունը փաթեթներով բաժանել են ազատամարտիկներին և ԵԿՄ անդամներին, բացի մի հոգուց՝ ազատամարտիկի այրի Անուշ Ղալեչյանից, քանի որ այդպես է կարգադրել ԵԿՄ Արաբկիրի մասնաճյուղի ղեկավար Սարգիս Միքայելյանը: Իսկ որպես պատճառ բերել է այն հանգամանքը, որ Անուշ Ղալեչյանի եղբայրը աշխատում է «Չորրորդ իշխանությունում», որը իր, այսինքն՝ Սարգիս Միքայելյանի մասին քննադատող հոդված է գրել:

Դե, Սարգիս Միքայելյանին շատերդ գիտեք՝ «Պահմտոցու Սաքոն է»: Որ Սասուն Միքայելյանը նրան նշանակել էր ԵԿՄ Արաբկիրի մասնաճյուղի ղեկավար, մենք այդ որոշումը քննադատել էինք: «Արաբկիր» ջոկատը փառահեղ պատմություն ունի, հրաշալի հերոս տղաներ է տվել, արցախյան պատերազմում ջոկատը Հադրութից մինչև Քելբաջար կռիվ է տվել, ու ցավ էինք ապրում, որ այդ հրաշալի ջոկատը Սասուն Միքայելյանը վստահել է «Պահմտոցու Սաքոյին»: 

Որ չճանաչեինք Սարգիս Միքայելյանին, բան չէինք ասի, բայց ախր գիտենք, ով է, ինչ մարդ է: Հեղինակություն չունեցող անձնավորություն: Հիշեցրել էինք իր մասնակցությամբ, իրեն առնչվող մի քանի սկանդալային պատմություններ, որ օրինակ՝ մարդ էր գցել ավտոյի տակ, հետո եղբորն էր ուղարկել ոստիկանություն, որ վերջինս որպես մեքենայի վարորդ ներկայանա, բայց այդ տրյուկը չէր անցել, դերասան «Պոնչոյի» հետ կապված կռիվ-վեճերի մասին ընդհանրապես չենք խոսում: 

Ինչևէ, հնարավոր է, մենք սուբյեկտիվ ենք եղել մեր գնահատականներում, միգուցե իսկապես Սարգիս Միքայելյանը հրաշալի մարդ է, շառ ենք անում, բայց հիմա տեսեք, թե ինչ է արել. իր մասին մեր հոդվածի համար վրեժ է լուծել ոչ թե մեզանից, այլ՝ մեր աշխատակցի քրոջից: Որը ոչ միայն ազատամարտիկի այրի է, այլ նաև մասնակցել է ապրիլյան պատերազմին: Ու ո՞նց է վրեժխնդիր եղել. օգնությունը՝ այն, որ մեջը երևի մակարոնեղեն, ձեթ, ալյուր է լինում, մի փոքր փաթեթ, կարգադրում է չտալ ազատամարտիկի կնոջը: 

Մենք որ «Պահմտոցու Սաքոյի» մասին ոչինչ էլ չգրեինք, այս մի փաստը արդեն բավական է նրա մասին պատկերացում կազմելու համար: Ինքն իր այս էժանագին քայլով հաստատեց, որ ինչ գրել ենք իր մասին, դեռ մի բան էլ քիչ ենք գրել: Կորոնավիրուսային այս ներկա պայմաններում, երբ ճգնաժամ է, երբ մարդիկ իրար փորձում են նեցուկ լինել, օգնել՝ ինչով կարող են, բերանի հացն են կիսում, հանկարծ պարզվում է, մարդ կա, որ այս իրավիճակում մի կտոր հացի վրա ինքնահաստատվելու փորձեր է անում: Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող է այդպես լինել, բայց եղել է: Այսինքն, այս մարդու ուժը պատում է ազատամարտիկ ամուսին կորցրած կնոջ վրա՝ ուրիշի տված հացից նրան զրկելով:

Օգնություն, ոչ թե՝ փող, մեդալ, պատվոգիր, այլ՝ օգնություն, ու դրա վրա ինչ-որ մեկը իրեն «կրուտոյ» ցույց տա՞: Ու այդ ինչ-որ մեկը «Արաբկիր» ջոկատի ղեկավա՞ր համարվի: 

Այդ օգնությունից զրկվելով՝ ոչ Անուշ Ղալեչյանն է սովից մեռնելու, ոչ էլ աշխարհն է փուլ գալու, փուլ է գալու միայն «Արաբկիր» ջոկատի հեղինակությունը: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մտածելու տեղ ունի. անթույլատրելի է, որ ԵԿՄ-ում մանրապճեղ մարդիկ լինեն: Սասուն Միքայելյանին անընդհատ հիշեցնելու ենք, որ «Արաբկիր» ջոկատը փորձադաշտ չէ, որ ամեն մի պատահական մարդու բերես, գլխին դնես: Ի վերջո, նման խայտառակ պատմությունը հենց Սասուն Միքայելյանի հեղինակության վրա է ստվեր գցում: 

Հ.Գ. Ու վերջում, հատուկ «Պահմտոցու Սաքոյի» համար ասենք, որ «Չորրորդ իշխանության» դռներն արդեն 25 տարի միշտ բաց են եղել «Արաբկիր» ջոկատի տղաների համար, նրանք միշտ մեր ցանկալի հյուրերն են եղել, նրանցից շատ-շատերի հետ մինչև հիմա էլ շփում կա, շատերի հետ պայքարի նույն բովով ենք անցել, միասին միտինգներում սառել ենք: Այսքանը որ Սարգիս Միքայելյանն իմանար, գլխի կընկներ, որ Անուշ Ղալեչյանը չէ, որ պետք է մեզ ջոկատի մասին ինչ-որ բան պատմեր: Չնայած, որտեղի՞ց իմանար, եթե այս տարիների ընթացքում պահմտոցու մեջ է եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ