...

Սերժ Սարգսյանն առաջին տեղում է

Սերժ Սարգսյանն առաջին տեղում է

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից դիմել է լրագրողներին. «Սիրելի գործընկեր, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում, ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու: Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը»:

Գեղամ Մանուկյանի այս կոչին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Սիվիլնեթի» լրագրող Գևորգ Թոսունյանը, որը գրել է. «Ուզում եմ, որ տպավորություն չստեղծվի, թե լրագրողական համայնքը խելոք նստած նայում է, թե ոնց են մահակով հարվածում իր գլխին։ Ես իմ անունից կարող եմ ասել, որ միշտ էլ պայքարել եմ, երբ խախտվել են իմ ու գործընկերներիս իրավունքները, վերջին թարմ օրինակը ԱԺ-ում օթյակից մեզ բռնի ձևով հանելու ու այլ սահմանափակումներն էին։ Բայց պետք է անկեղծ լինել ու խոստովանել, որ պատգամավորը, թերևս, ընդդիմադիր կեցվածքից ելնելով, մի փոքր չափազանցնում է՝ սա տեռոր չի (միգուցե դեռևս չի, հետագան կտեսնենք), տեռորը նախկինում էր, երբ մեզ փողոցներում պարզապես ծեծում էին, երբ մահակներով ոստիկանները/թոխմախի Մհերի «շները» հարձակվում ու ջարդում էին մեր տեսախցիկները, հայհոյում ու վիրավորում մեզ, միգուցե պարոն Մանուկյանն այդ ժամանակ էլ էր անհանգստանում, չգիտեմ, չեմ բացառում»:

Կա այդպիսի բան: Քոչարյանական վարչախմբի վերաբերմունքը լրատվամիջոցների հանդեպ միայն մի բառով կարելի էր բնութագրել. տեռոր: Ընդ որում՝ անթաքույց տեռոր: Միջոցների մեջ ոչ մի խտրականություն չի դրվել: Մենակ 2004թ. ապրիլի 12-ի դեպքերը հերիք են, երբ բազմաթիվ լրագրողների պարզապես խոշտանգել էին: Տեսախցիկ ջարդել, Ա1+, հարկային տեռոր... դրանց մասին ընդհանապես չենք խոսում:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանի մասով նման բան չենք կարող ասել: Միակ դեպքը, որը մենք հիշում ենք, երբ լրագրողների հանդեպ բռնություն կիրառվեց, Սարալանջի դեպքերն էին: Բայց ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի օրոք լրատվամիջոցների հանդեպ այն բռնությունները, այն մեթոդները, սահմանափակումները, որոնք կային Քոչարյանի ժամանակ, նվազագույն էին: Ավելին ասենք, Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնյաները, նախարարները, պատգամավորները տասնապատիկ ավելի հասանելի էին բոլոր լրագրողների համար, քան՝ հիմա: Հիմա իշխանական որևէ պատգամավորի հետ հարցազրույցն ինքնին արդեն կարելի է իրադարձություն համարել: Ամիսներով կորած են:

Վերադառնալով այս իշխանություններին, սրանք մի քիչ այլ քաղաքականություն են որդեգրել: Իհարկե, տեռոր, ծեծ, խոշտանգում, նման բաներ չկան (ընդհանրապես, մի քիչ սյուռ է, որ Դաշնակցության ներկայացուցիչը ահազանգում է տեռորի մասին): Բայց այս իշխանություններն էլ օրենսդրական նախաձեռնություններով, քայլ առ քայլ սեղմում են լրատվամիջոցներին, սահմանափակում ԶԼՄ-ների գործունեության շրջանակը, ինչի վառ վկայությունը խորհրդարանում լրագրողների տեղաշարժի խիստ սահմանափակումն էր, փորձում են նեղացնել լրատվամիջոցների ֆինանսավորման շրջանակները, որոնցից մեկն էլ բուքմեյքերական ընկերությունների գովազդի արգելումն է, ինչը հարվածելու է բազմաթիվ լրատվամիջոցների, ու դրանց մի մասը պարզապես դադարելու է գործել: 

Իհարկե, այս ամենի դեմ պետք է պայքարել, պետք է բարձրաձայնել, բայց տեռորի մասին գոնե դուք մի խոսեք էլի, ախպոր պես: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ