...

Շատ ենք ուշացել

Շատ ենք ուշացել

Հասկանալի է, որ համաշխարհային այս խառնաշփոթում կողմնորոշվելը դժվար է։ Սակայն ծայրահեղ լարված այս օրերին Հայաստանի պատասխանատուների անգործությունն ուղղակի սպանիչ է։ Ակնհայտ է, որ ոչ միայն տնտեսական ու ռազմական, այլև հատկապես մտավոր կարողությունների պակաս ունենք։

Այսպես, երբ երկրին արագ, բայց զգուշավոր լուծումներ են պետք, մեր վերլուծաբաններից ոմանք, ընդ որում՝ ինտելեկտ ունեցողները, պնդում են, թե պետության համար կարող է լավ փոփոխություն լինել, եթե կրթվի հասարակությունը։ Ստացվում է, որ մեզ շատ ժամանակ է պետք պետությունը խելքի բերելու համար այն պահին, երբ ժամանակ բնավ չունենք։ Ուստի տրամաբանական սխալն ակնհայտ է։

Քաղաքագետների, հասարակական գործիչների մի մասն էլ կարծում է, որ պետք է համախմբել Սփյուռքի ներուժը, բերել Հայաստան՝ երկիրն արդիականացնելու նպատակով։ Դարձյալ Ուտոպիա է, որովհետև ժամանակ է պահանջում։

Խորհրդարանական ընդդիմությունը համախմբման կոչ է անում, հանրահավաք ձեռնարկում, բայց հետն էլ ազնվորեն ասում է, որ մի հավաքով հարց չի լուծվի։ Նշենք նաև, որ ըստ մեր ընդդիմադիրների՝ իշխանափոխությունն է Հայաստանի և Արցախի անվտանգության հիմքը։

Ակնհայտ է, սակայն, որ խորհրդարանական ընդդիմությունը աղմկում է Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ՝ գուցե մտածելով, որ Արցախի հարցը Ազատության հրապարակում բարձրացնելով՝ կարող է ազդել Ի․ Ալիևի հետ հանդիպման արդյունքի վրա։ 

Հիշեցնենք՝ սա այն ընդդիմությունն է, որ 2021-ի երկրորդ կեսից հայտնվել է խորհրդարանում և ոչ մի շոշափելի գործ չի արել պետության համար։ Նիկոլ Փաշինյանին զանազան պիտակներ կպցնելը բնավ ազգափրկիչ դեր չկատարեց։ Հակառակը՝ ընդդիմության այս գործելակերպը իջեցրեց նրա վարկանիշը։

«Խրախճանքից» հետ չեն մնում մեր արտախորհրդարանական, բայց ընդգծված արևմտամետ ուժերը։ Բացի նրանից, որ հայտնվում են հնարավոր բոլոր էկրաններին և լուրջ տեսքով «բացատրում» ծեծված ճշմարտություններ «դավադիր դաշնակցի» մասին՝ հավատարմորեն ծառայելով Նիկոլ Փաշինյանին, սրբելով նրա վրայից պատերազմի մեղքը, իբր Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող ճոռոմ հայտարարություն են անում, որի կարևոր ասելիքը Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելն է, նրանց միջազգային խաղաղապահներով փոխարինելը, իհարկե, ՄԱԿ-ի մանդատով։ Չենք բացառում, որ սա էլ ընդդիմության հանրահավաքի պես փրփուրներից կախվելու մի հնարք է։ 

Մինչդեռ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ արտախորհրդարանական բազմաբղետ ուժերը գոնե 2020-ի աղետալի նոյեմբերից հետո պետք է հասկանային, որ անհրաժեշտ է կոնկրետ գործերով զբաղվել՝ ամրապնդել սահմանները, արդիականացնել բանակը, երկրի ներսում ստեղծել քիչ թե շատ համերաշխ մթնոլորտ, վստահություն ներշնչել հասարակությանը, ուժեղացնել դիվանագիտական ճակատը։

Ոչինչ չեն արել։

Եվ հիմա, օրինակ, արտախորհրդարանական Միքայել Հայրապետյանը «Ազատության» եթերում ասում է, թե Արևմուտքը գուցե Արցախում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չբացի, որովհետև մարդասեր է։ Ասում է մի տեսակ անհույս, գուցե-ով։

Մի ուրիշ արտախորհրդարանական՝ Հրանտ Բագրատյանը, որի խոսքում, ի դեպ, հաճախ նաև ռացիոնալ հատիկ կա, «168 ժամին» տված հարցազրույցում պնդում է, թե նոր պատերազմի դեպքում ժողովուրդն այս իշխանությանը կսրբի, կտանի։ Մի՛ ոգևորվեք, պրն Բագրատյան, նոր պատերազմի դեպքում այլևս էական չի լինի իշխանությունը․․․

Մի խոսքով՝ շատ ենք ուշացել։ Իշխանության հարցը պետք է լուծվեր արագ, և լուծման միջոցն առաջարկել էր ՀՀ առաջին նախագահը։ Չանսացիք։ Իրական գործերի փոխարեն նախընտրեցիք լեզվակռիվն ու գզվռտոցը։ Եվ հիմա, ցավոք, ուշ է։

Մի դրական բան կա․ Տիգրան Արզաքանցյանի նորաստեղծ կուսակցությունը հույս է ներշնչում։ Հենց այնպես փող չէր ծախսի։ Իշխանության հավակնություն ունի Հայաստանում։ Ուրեմն ամեն ինչ կորած չէ։ Ուրեմն դեռ պետություն ենք ունենալու, որի ղեկավարը կդառնա Նատալյա Ռոտենբերգը։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ