«Ինքը ձգտում է բռնատիրության, ընդ որում դա անձի, ոչ թե քաղաքական ուժի բռնատիրություն է․ գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանության գրեթե մեծ մասը, և հիմա ՍԴ-ն։ Ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանի վրա, որ դեռևս որևէ օրենսդրական նախագիծ չի եղել, որ ՍԴ-ն մերժի այս վերջին 2 տարվա ընթացքում։ Նա ուզում է ունենալ գրպանային ՍԴ մի քանի հակասահմանադրական հարցեր լուծելու համար, այդ հարցերը լուծելու համար նա կարող է Սահմանադրությունը ընդհանրապես փոխել․ մի քանի կոնվենցիաներ։ Բայց հիմնական խնդիրը, որ ինքը պետք է լուծի, սեփականության վերաբաշխումն է, ինքը պետք է ստեղծի իր անձնական օլիգարխիատը, որի համար պետք է օրենքների նոր փաթեթ ընդունի, որը հնարավորություն կտա բռնագանձել ամեն ինչ առանց դատարանի որոշումների։ Վերջին օրենքը, որ ընդունվեց, խայտառակ օրենք էր, որ 90 թվականից սկսած, ամեն ինչ․․․, դա օգտագործվելու է բացարձակ սելեկտիվ, այսինքն՝ ընտրողաբար և միայն քաղաքական հակառակորդների դեմ։ Սա է իր նպատակը, իրեն սրա համար են բերել իշխանության, ինքը այս ամենը իրականացնում է, և արդեն ժամանակն է, որ հասարակությունը շատ լավ հասկանա, թե ինչ է կատարվում և ինչի համար է արվում այս ամենը»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:
«ՉԻ». Նախ սկսենք նրանից, որ անձը զբաղվում է հրապարակային գործունեությամբ, բայց բացարձակ անտեղյակ է: ՍԴ-ը օրերս որոշում կայացրեց և ըստ էության ԲԴԽ-ին զրկեց շատ լուրջ լծակից: Այն է՝ ԲԴԽ-ն այլևս չի կարող կասեցնել դատավորների լիազորությունները: Իսկ դա չափազանց կարևոր գործառույթ էր դատավորների ապօրինի դատական ակտերի դեմ պայքարի համատեքստում: Այդ որոշմամբ ՍԴ-ն հնարավորություն տվեց Ազարյանին և նրա նման դատավորներին խելքի ուզածի չափ սպասարկել Քոչարյանի և Սարգսյանի շահերն ու արդյունքում մնալ անպատիժ:
Քաղաքական հայացքները ըստ եղանակի փոփոխող Շահնազարյանը խոստովանում է, որ նախորդները ստեղծել էին օլիգարխիատ, և հիմա ինքը պայքարում է, որպեսզի այն չապամոնտաժվի: Այսպիսի անզգույշ խոստովանության համար, կարող են կտրել նրա մարտ ամսվա պարգևավճարը:
Այո, ապօրինի գույքի բռնագանձման հիմնական թիրախը նախկին իշխանություններն են, և հասարակությունը օր առաջ պահանջում է, որ օրենքը ամբողջ խստությամբ իրականացվի նրանց նկատմամբ: Այնպիսի խստությամբ, որ հնարավորություն չունենան այլևս քաղաքական հաճախորդներ պահել, որպեսզի Շահնազարյանը և նրա նմանները դառնան քաղաքական գործազուրկ: Քաղաքական խոպանի գործը շուտով փակվելու է, և Շահնազարյանը ճիշտ կանի հիմիկվանից վերապրոֆիլավորվի: Տարիքը և հետագիծը նրան մեծ ընտրության հնարավորություն չեն տալիս: