...

Սիրիր և պաշտպանիր իրավունքդ՝ ինչպես սեփական զավակիդ

Սիրիր և պաշտպանիր իրավունքդ՝ ինչպես սեփական զավակիդ

ՀԱՆՈՒՆ ՀՈՂԻ

Եթե հայրենիքը վերացական հասկացություն չէ: Իսկ այսօրվա իշխանավորները և նրանց սպասարկող կուսակցություններն ու լրատվամիջոցները հասարակությանն են հրամցնում երևակայական Հայաստանի տեսլականը: Որովհետև նաև այդպես կարող են քողարկել իրենց բոլոր մեղքերը, նաև այդպես կարող են երկրիս քաղաքացիներին ապացուցել, որ նրանք որևէ իրավունք չունեն, թույլ են, ապիկար ու տկարամիտ: Սակայն թողնենք իշխանություններին «հանգիստ» ու դառնանք մեզ: Ի՞նչ ենք արել մենք սեփական իրավունքները սեփական հողի վրա պաշտպանելու համար:

Մեզնից ոմանք գտել էին իրենց բողոքն արտահայտելու միակ ձևը. հավաքվում էին Ազատության հրապարակում ու կուշտ հայհոյում ՀՀ առաջին նախագահին, վարչապետին, ՆԳ նախարարին, հաճույքով լսում էին արյունահեղ-անիմաստ կոչերը՝ պատժելու մասին, և հետո գնում էին տուն՝ շարունակելով ոչինչ չանել: Այսօր էլ ավելի փոքր խմբերով հավաքվում են նախագահի նստավայրի կամ կառավարության շենքի մոտ՝ բողոքող ու խնդրող, խեղճ ու անօգնական: Սպասում ենք, որ կառավարություն կամ նախագահ կգան ու մեր հարցերը կլուծեն: Չեն լուծելու, որովհետև նրանք մեզ նման են, նրանց մենք ենք ստեղծել ու բազմեցրել իրենց աթոռներին: Ինչու՞. բացատրեմ: Որովհետև մեզնից շատ քչերը կարող են անկեղծորեն վստահ լինել, որ պաշտոն կամ պաշտոնիկ ունենալու դեպքում իրենք էլ չեն վերածվի նույնատիպ կաշառակերների ու օրինախախտների: Որովհետև սովորական կենցաղային պայմաններում անգամ մեզնից շատ-շատերն են ընտրում խաբելու (քցելու) ճանապարհը: Որովհետև սովետական տրադիցիան չենք կարողանում հաղթահարել: Իսկ այն մեկն էր. ինչ որ պետական էր, իմը չէր: Հիմա գրեթե ոչինչ պետական չէ: Հիմա առաջնայինը սեփականության իրավունքն է (գոնե հայտարարում ենք այդպես), որը մենք դեռևս լավ չենք հասկացել: Քանի որ հասկանալու դեպքում կպայքարեինք դրա համար ճիշտ այնպես, ինչպես մեր հերոս-ազատամարտիկները Արցախում:

Համեմատությունս թող չափազանցություն չթվա: Գյուղացու սեփական հողատարածքը նրան կերակրող միակ միջոցն է, ու գյուղացու համար հայրենիք հասկացությունը վերացական չէ, եթե նա իր այդ տարածքի իսկական տերն է: Ինչու՞ պետք է նույն գյուղացին իր տարածքը «զիջի» ինչ-որ չինովնիկի ինչ-որ բարեկամի և հաճախ՝ ոչ հոժարակամ, այլ սպառնալիքի ազդեցության տակ: Եթե զիջում ենք այդ փոքրիկ հողակտորը, ուրեմն և կզիջենք ողջ հայրենիքը: Վերջերս ապշեցրեց Վարդենիսի շրջանի մի գյուղի բնակչության միակամությունը. նրանք հայտարարեցին, որ ոչ մի թիզ հող չեն տալու ոմն «գործարարի» և պաշտպանելու են այն նույնիսկ զենքով: Այդ մարդիկ հասկացել էին, որ ամենահեշտ միջոցը՝ հողը թողնել-գնալը, անպատվություն է իրենց համար և ամենատխուր ելքը սեփական զավակների ճակատագրում:

Ուրեմն՝ գյուղացին պիտի իր հոգում ուժ գտնի սեփական հողակտորը ազգակից-հարստահարիչներից պաշտպանելու համար, որովհետև նա ունի այդ իրավունքը: Իսկ մեր երկրի նման պետություններում իրավունքը հենց այնպես չի տրվում:

Ո՞ւմ է պետք իրավունքն այս երկրում, կհարցնեք դուք, եթե մեր հայրենակիցները կարող են մեկնել իրավական երկրներ: Իսկ այդ երկրներում կուշտ փորով դատապարտվել իրավազուրկ կյանքի: Դառնալ երկրորդական, զավակներին դատապարտել հոգեբանական-ճակատագրական ծանր փորձության, հաճախ՝ գնալ հայրենիքից դեպի անհայտություն ու գիտակցել, որ այրում ես ետդարձի կամուրջը: Ուրեմն՝ ու՞մ է պետք իրավունքը, եթե ոչ՝ մեզ՝ բոլորիս, ու յուրաքանչյուրիս՝ առանձին-առանձին: Ինչու՞ ենք մենք կորցնում մեր՝ հայկական արժեքներից ամենաթանկը՝ մեր զավակներին, ինչու՞ ենք նրանց «բախտը» կապում «դրսի» հետ: Որովհետև ալարում ենք տեր կանգնել մեր իրավունքներին ու պարտականություններին, ալարում ենք հասկանալ, որ յուրաքանչյուրս առանձին-առանձին, հետևաբար՝ բոլորս միասին կարող ենք լինել մեր երկրի, մեր հողի ու գործի, մեր զավակի ճակատագրի երաշխավորը: Ինչպե՞ս, շատ պարզ:

Նախ՝ հասկանանք, թե հանուն ինչի՞ ենք ապրում: Ընդ որում, հասկանանք՝ առանց ինքներս մեր առջև կեղծելու, առանց վեհ ու միաժամանակ սին գաղափարներով քողարկվելու: Եվ չկեղծելու դեպքում կասենք. կյանքը աստվածաշնորհ պարգև է, և մենք ուզում ենք լիարժեք ապրել: Յուրաքանչյուրս մեզ համար ուզում ենք ապրելու հեռանկար, կենցաղի տարրական պայմաններ, բնականաբար, նորմալ վարձատրվող աշխատանք: Աշխատանք, որ դառնում է կյանքի և ոչ՝ մի կերպ գոյատևելու գրավական: Բայց մենք մինչև այսօր գտել ենք միայն գոյատևելու ճանապարհը: Եվ նույնիսկ սա է հիմա հարցականի տակ դրվել: Իսկ ո՞ր երկրներում է մարդը մարդավայել աշխատանք գտնում. միայն այնտեղ, ուր կա իրական գործարարություն և տնտեսական գործունեության ազատ դաշտ, այսինքն՝ ազատ մրցակցություն: Այնտեղ, ուր չեն գործում զանազան կռիշաներ, ուր գործարարները նախագահական պալատին կից չեն, ուր մանր ու միջին բիզնեսով զբաղվել ցանկացողներն ունեն հավասար մեկնարկային պայմաններ: Այնտեղ, ուր մարդը չի հանդուրժում սեփական իրավունքների ոտնահարումը, ուր բիզնեսմենը հարմարվող ու կաշառատու չէ: Այսքանը հասկանալու համար ակադեմիական կրթություն պետք չէ: Պետք է պարզապես մարդկային արժանապատվություն ունենալ: Եվ այս հատկանիշով կարող է օժտված չլինել ո՛չ մեծահարուստը, ո՛չ ակադեմիկոսը, ո՛չ էլ անընդհատ կաշին փոխող «քաղաքական» գործիչը: Այս հատկանիշը կրում է, օրինակ, մի կին, որ իր և իր զավակի հացը սկսել էր վաստակել բակերը ավլելով, իսկ հիմա փնտրված տնային ծառայող է: Ահա այս կինը մտածում է, որ պատասխանատու է որդու առջև, որ քաղաքացի է, որ երկրի վատթար վիճակը նշանակում է կա՛մ սովամահություն իր զավակի համար, կա՛մ բռնի տարագրություն: Հասկանում է և պատրաստ է պաշտպանել թե՛ իր, թե՛ իր նմանների իրավունքը:

Ի դեպ, այս կարգի մարդիկ բոլորովին էլ կարոտախտ չունեն սովետական կարգերի հանդեպ, այս կարգի մարդիկ գնահատում են այն սեփականատիրոջ ջանքերը, որը անհավասար մարտի է ելել իշխանությունների կողմից հովանավորվողների դեմ: Ինչևէ, եթե այսքանը հասկանանք, պիտի գնանք երկրորդ քայլին:

Ուրեմն երկրորդ փուլում պետք է փոխենք մեր մտածելակերպը, մեր զավակների մտածելակերպը:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 238, հուլիսի 20, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   2925 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ