...

Սոչին և Սյունիքի մարզպետը

Սոչին և Սյունիքի մարզպետը

Նոյեմբերի 26-ին բոլորի ուշադրությունը Սոչիում էր, հայաստանյան անցուդարձը երկրորդական էր։ 

Ուզում ենք, սակայն, ձեր ուշադրությանը ներկայացնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարցազրույցից մի հատված։ Այսպես, խոսելով 2020-ի դեկտեմբերին Սյունիքում զորքերը հետ քաշելու մասին, նա պնդում է․ «Փաշինյանն ասել է` անցեք Սյունիքի պաշտպանության։ Մենք էլ Նռնաձորից Խոզնավար նպաստավոր բարձունքների վրա անցել ենք պաշտպանության։ Ավելին, մենք 1 ամիս համագործակցել ենք, որ «նեյտրալ զոնան» մենք պահենք։ 3 անգամ Կուբաթլուի հատվածում մենք մեր դիրքերն առաջ ենք տվել, հետո Ռուսաստանը չի համաձայնել, մենք պետք է զբաղեցնեինք Խորհրդային Միության սահմանները․ չեն համաձայնել, մեզ հետ են տվել»։

Կրկին հիշեցնենք՝ Ն․ Փաշինյանը երեկ Սոչիում էր, իսկ Սյունիքի մարզպետը զբաղված էր շեֆին արդարացնելով։ Ի դեպ, մարզպետի խոսքը ճշգրտման, հաստատման կարիք ունի, թեպետ սա էլ բավարար է, որ պատկերացնենք, թե ինչ թշվառ վիճակում է ՀՀ իշխանությունը։ 

Եթե նկատել եք, իսկ դուք անպայման նկատել եք, որ այս իշխանությունը ոչ մի սկզբունք չունի։ Այսպես, երբ մայիսին Ադրբեջանը ներխուժեց մեր սահմաններից ներս, իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեն այնտեղ։ Այսինքն՝ մեր սահմանների պաշտպանության խնդիրն ուզում էին դնել նրանց վրա։ (Սա անգրագիտության հերթական ցուցանիշն էր, որովհետև խաղաղապահի պարտականությունների մեջ չի մտնում այս կամ այն երկրի սահմանների պաշտպանությունը)։

Այժմ, երբ արդեն սպառել են իրենց ձախողումների համար երկրի ներսում մեղավորներ գտնելու զինանոցը, ամենահարմարը օտար երկիրն է՝ Ռուսաստանը։

Բնավ չենք ուզում ստանձնել ռուսների դատապաշտպանի դերը։ Սակայն պարզ հարցեր ունենք մեր իշխանությանը․

1․ 2020 թ. նոյեմբերի 9-ից մեկ տարուց ավելի է անցել։ Ի՞նչ եք արել երկրի սահմաններն ամրապնդելու, բանակը վերազինելու համար։

2․ Արտաքին քաղաքականության ասպարեզում ո՞ր երկրների հետ և ինչպե՞ս եք աշխատել։ Թեպետ մեր երկրի նկատմամբ վերաբերմունքից տեսնում ենք, որ կա՛մ աշխատանք չի եղել, կա՛մ այնքան ապաշնորհ է եղել, որ արդյունք չկա։

3․ Ինչո՞ւ չեք հրաժարվում իշխանությունից․ չէ՞ որ տեսնում եք, որ անկարող եք այս ծանր խնդիրները լուծել։

Անշուշտ, կարող եք հավաքել ձեր բոլոր մարզպետներին, թող բոլորը միաբերան պատմեն, թե ինչ հերոս էր Նիկոլ Փաշինյանը, բայց թե ինչպես ռուսները չթողեցին երկիրը փրկել։ Դրանից ոչինչ չի փոխվի։ Խնդիրները կմնան նույնը։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ