...

Սպասում եք՝ սուգ լինի՞

Սպասում եք՝ սուգ լինի՞

Դաղստանում այսօր սուգ է հայտարարվել: Մախաչկալայում բենզալցակայան է պայթել, որի հետևանքով զոհվել է 35 մարդ: Զոհերի նման թիվը պայմանավորված է նրանով, որ բենզալցակայանը գործել է մարդաշատ, հանրային վայրում: 

Հեռվից ենք սկսում: Ուրեմն, օրերս Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է Խաչատրյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի վրա գտնվող բենզալցակայանի գործունեությունը: Այսինքն՝ տեսուչները եկել են, ստուգել են և պարզել, որ ArmPetrol ընկերությանը պատկանող բենզալցակայանը մի շարք նորմերի խախտումով է գործում, որոնցից գլխավորն այն է, որ բնակելի տներին մոտիկ է: 

Առաջին հայացքից լավ բան են արել, մալադեց, քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը վերացրել են: Այդտեղի ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել:

Բայց... մեզ թվում է, որ այս բենզալցակայանը փակել են ոչ թե նրա համար, որ բնակելի տներից անհրաժեշտ հեռավորության վրա չի գործել, այլ որովհետև այդ օբյեկտի տիրոջ թափը չի հերիքել, որպեսզի թույլ չտա, որպեսզի բենզալցակայանը փակեն:

Այ, օրինակ, CPS-ի տիրոջ թափը հերիքում է: Պրոբլեմ չունի: Մենակ դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Սարալանջի ճանապարհի կողքին մինչև հիմա գործում է CPS-ի բենզալցակայաններից մեկը: Մեռանք գրելով, ահազանգելով, ֆոտոներով ու փաստերով ներկայացնելով, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում այս բենզալցակայանը: Թե ինչ խախտումներով է գործում: Թե քանի անգամ է հենց սրա կողքին հրդեհ բռնկվել: 

Մեր ահազանգներից հետո նույնիսկ Վարդան Ղուկասյանը (Դոգը) մի ամբողջ հաղորդում նվիրեց այդ թեմային, սրան-նրան քրֆեց, վերջնագիր ներկայացրեց, մտածեցինք, ֆսյո՝ համաշխարհային շուխուրն ընկավ, հիմա հաստատ պատկան մարմինները տեղից կշարժվեն: Հա, բա ո՞նց:

Այս բենզալցակայանը, ի տարբերություն Խաչատրյան-Գյուլբենկյան խաչմերուկի մոտ գտնվող բենզալցակայանի, ոչ թե գործում է բնակելի տների կողքին, այլ պարզապես կպած է այդ տներին: Կպած: Ընդհանուր պատ ունեն մի քանի տների հետ, մասամբ էլ մի քանի տան հենց վրա է: Մի քիչ էն կողմ բնակելի շենքեր են կառուցվում, մի քիչ էս կողմ՝ հյուրանոց: 

Կոպիտ ասած, մարդաշատ, բնակելի վայրում մի հատ խոշոր ռումբ է տեղադրված, որը ցանկացած պահի կարող է պայթել: 

Դե, եթե Խաչատրյան-Գյուլբենկյանի բենզալցակայանը օրենքի շրջանակներում են փակել, բա էդ օրենքը ինչի՞ չի հասնում Սարալանջի կողքերը: 

Էդ ինչ է, պիտի Մախաչկալայի ողբերգության պես մի բան պատահի՞, որ հետո պոստֆակտում հայտարարեք, թե պարզել եք, որ բենզալցակայանը խախտումներով է գործել: 

Դրա համար էլ մտածում ենք, որ բենզալցակայանների հարցում ոչ թե օրենքն է գործում, այլ թափն ու կշիռը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ