...

Սսկվեք ու ազատեք դաշտը

Սսկվեք ու ազատեք դաշտը

Թատերական հրապարակի աստղ դարձած ՀՀԿ-ականներն այս օրերին անկախ իրենցից (կամ էլ միտումնավոր) ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս, որոնք չարժե անուշադրության մատնել։ Թեև կուշտ ենք ՀՀԿ-ի սիմվոլների՝ Աշոտյանի, Շարմազանովի ձայնով օրուգիշեր պտտվող «պլաստինկան» լսելուց, բայց մի երկու նոտայի վրա կանգ առնենք։ Նախ այս երկուսը, որոնք առնվազն 10 տարի եղել են Մադրիդյան-Կազանյան փաստաթղթի շուրջ բանակցած, այսինքն՝ 5+2 շրջան տալուն համաձայնություն տված Սերժ Սարգսյանի խոսնակները, այսօր «հողատու» հեշթեգի տակ ֆեյսբուքում ինչ ախմախություն ասես, որ չեն գրում։ Հետո էլ խաչակնքվում են ու ասում՝ մեր խիղճը հանգիստ է, քանի որ «մենք թուրքի առաջ չենք կզել, հող չենք տվել»։

Պարոնայք, հումանիտար օգնություն ցուցաբերեք ինքներդ ձեզ՝ մի բուռ հող կերեք ու լռեք, քաղաքական դաշտն ազատեք ձեզանից ու նոտարով հաստատված մի թուղթ ցույց տվեք ժողովրդին, որ այլևս երբեք, երբե՛ք քաղաքականությամբ չեք զբաղվելու։ Թե չէ՝ Ստանիսլավսկին կասեր՝ «նե վերյու»։

Արեք դա, հանուն բզկտված Արցախի, որպեսզի վերջապես դադարի այս անտանելի քաղաքական ժխորն ու լսվի ճշմարտության ձայնը։ Որպեսզի քաղաքականությամբ զբաղվեն ոչ թե քաղաքական գռդոնչիներն ու խուլիգանները, այլ երկրի բախտով մտահոգ ու սրտացավ մարդիկ։ Արե՛ք դա, հանուն բոլորիս։ Ինչ վերաբերում է «կզելուն», ապա դա այս օրերին ՀՀԿ-ի, նրանց կոալիցիոն երբեմնի ընկերներ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մյուս խայտաբղետ ղազա-սագային կուսակցությունների անդամների սիրած բայն է․ ով ինչպես ուզում՝ խոնարհում է։ Շարմազանովին, բայցևայնպես, արժի հարցնել՝ ի՞նչ դիրք էր ընդունել Սերժ Սարգսյանը 2008-2009-ին, երբ հայ-թուրքական հաշտեցման գործընթաց էր սկսել Գյուլի ու Էրդողանի հետ՝ ստորագրելով տխրահռչակ արձանագրությունները։ Կզել է՞ր թուրքի առաջ, թե՞ կզցրել։ Իսկ երբ 2018-ին, 10 տարի անց կասեցրեց այդ արձանագրությունները, փաստորեն, ստորագրելով այդ գործընթացի կապիտուլյացիայի տակ, կզցրած դուրս եկավ, թե՞ կզած։ Մինչ «սիմվոլ-1»-ը կպատասխանի՝ դառնանք «սիմվոլ-2»-ին՝ Աշոտյանին, որն օրերս գրեց, թե «Սերժ Սարգսյանը կզցնում էր Ալիևին», հետո էլ, թե՝ «մեր թողած ժառանգության մեջ Հայաստանը կոնստրուկտիվ էր, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ։ Մեր թողած ժառանգության մեջ մենք հող չէինք տալիս, իսկ Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը»։ Սա, ինչպես ասում են, քաղաքական մառազմի գագաթնակետն է, որն արժանի է Սերժ Սարգսյանի ձևով արձագանքի՝ յա, իրո՞ք։ Աշոտյան ջան, բանակցային սեղանի շուրջ պետք էր ոչ թե կզցնել, այլ մարդավարի, ավելին՝ տղամարդավարի բանակցել ու լուծել խնդիրը, ոչ թե չլուծված խնդիրը ժառանգություն թողնել։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը չէր բանակցում, այլ կզցնում էր, ապա էդ ո՞նց էր Հայաստանը կոնստրուկտիվ։ Բա կոնստրուկտիվը կկզցնի՞։ Բա կզցնողը կհամարվի կոնստրուկտի՞վ։ Կոնստրուկտիվը առնվազն պետք է «այո» ասած լիներ սեղանին դրված սկզբունքներին՝ 5+2-ին, իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը «հող տվող» էր։

Կարող է՞ ինչ-որ բան խառնում եք։ Մի հարց էլ՝ եթե կզցնում էիք, ապա ինչո՞ւ Ադրբեջանը էդպես էլ չճանաչեց անկախությունը։ Կարող է՞ լավ չէիք կզցնում։

Այնպես որ, թարգեք ձեզ հատուկ ռամկական շուստրիությամբ հետին թվով հերոսացնել ձեզ ու ձեր կուսղեկին։ Չի ստացվում։ Սսկվեք ու արեք այն, ինչի մասին առաջարկեցինք քիչ վերը՝ ազատեք դաշտը։

Նիկոլին էլ հետներդ կտանեք, չմոռանաք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ