Մանրից մոտենում ենք Ադամին ու Եվային
Այս շաբաթը... բայց ինչի՞ մենակ էս շաբաթը, նախորդներն էլ... չտվեցին մեզ այդքան հուզող հարցի պատասխանը. հիմա էս վե՞րջն է, թե՞ ոչ: Չգիտենք, թեպետ այս շաբաթ մի քիչ ավելի վերջոտ իրադարձություններ տեղի ունեցան:
Ուրեմն՝ ապրիլի 15-ին ներկայացրել էինք Նիկոլ Փաշինյանի աստղագուշակը: Գրել էինք, որ երեքշաբթի օրը կգաղտնազերծի «Տիգրան Մեծի նամակագրությունը Միհրդատ VI Եվպատորի հետ, որտեղ Արցախին ինքնավարության կարգավիճակով թողել են Ատրպատականի կազմում»:
Սա հրապարակելուց մի քանի ժամ հետո ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Արցախի կարգավիճակում նշաձողի իջեցմանը, հնարավոր զիջումներին և այլն, ասել է. «Մենք այսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»:
Շատերին էր զարմացրել այս զուգադիպությունը: Բայց սա իրականում զուգադիպություն չէր: Մենք Տիգրան Մեծի մասին նշել էինք, քանի որ այս իշխանություններն իրենց ձախողումների, պարտությունների և մեղքերի համար ում ասես, որ չեն մեղադրում, ինչ փաստաթղթի ասես, որ հղում չեն անում: Ու այնքան կանխատեսելի են, որ մի քանի ժամվա ու բառի ճշգրտությամբ կարելի է կռահել, թե սրանք ինչ են ասելու հերթական «կռուտիտլամիշի» ժամանակ:
Բա եթե մեր համար են այս իշխանությունների քայլերը, մտքերը, գործողությունները կանխատեսելի, պատկերացնո՞ւմ եք, թե սրանք ինչքան կանխատեսելի են ադրբեջանցու կամ թուրքի համար: Եվ ընդհանրապես, աշխարհի համար: Կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ միջազգային հանրության համար:
Բոլորն էլ տեղյակ են, թե սրանք ինչ են մտածում, ինչի մասին, ոնց են մտածում, սա ասելուց ինչ են պատասխանելու, սա ասելուց լռելո՞ւ են, թե՞ ոչ:
Այնպես որ, բոլոր զուգադիպությունները հեչ պատահական բնույթ չեն կրում:
Հա, 30 տարի է, նկատում ենք
Լրագրող Թաթուլ Հակոբյանն է գրել. «Նկատել ե՞ք՝ Տեր-Պետրոսյանի ամենակոշտ քննադատները, ժամանակին նրան թուրքամետ և Արցախը ծախող պիտակավորող ուժերն ու գործիչները, պատմաբանները այս օրերին հղում են կատարում այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են առաջին նախագահի ժամանակ, այդ թվում՝
1990թ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը,
1991թ Սեպտեմբերի 21-ի Հանրաքվեն,
1992թ հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի հայտնի որոշումը,
1994թ Բուդապեշտի գագաթաժողովի տեքստի՝ Արցախյան հատվածը և այլն...
Հայի հետին խելքը, ցավոք»:
Սա գրելուց հետո հրապարակել է մի հատված՝ 1994 ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթից, մի հատված էլ՝ 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի փաստաթղթից՝ գրելով. «Իսկ սա Լևոնի պարտվողական Լիսաբոնից և Քոչարյանի հաղթական Ստամբուլից հատվածներ են»:
Դե գիտեք, վերջին օրերին քոչարյանական սազանդարները նորից միացրել են այն պլաստինկան, ըստ որի՝ 1996-ին Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում վարի տվեց Ղարաբաղի հարցը, իսկ ահա 4 տարի անց Քոչարյանը գնաց Ստամբուլ ու Լևոնի սխալները շտկեց... մի տեղ էլ գրել էին, թե փառահեղ դիվանագիտական հաղթանակ է տարել: Շատ փառահեղ... այնքան, որ սևով սպիտակի վրա իր ստորագրած փաստաթղթով ամրագրվեց, որ Արցախի հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ամենաբարձր, համարյա անկախ, բայց տարածքային ամբողջականությունը կոնֆլիկտների լուծման դեպքում գերակա սկզբունք է:
Ստամբուլում Քոչարյանը ամփոփիչ փաստաթուղթը ստորագրելուց առաջ գլուխը քորել էր, մի 5 վայրկյան մտածել, Եվգենի Պրիմակովը մի հատ թարս նայել էր, ասել. տղա ջան, էդ Հայաստանում կգնաս քեզ մաչո կզգաս... վայրկենական ստորագրել էր:
Ինչո՞ւ ենք սա հիշեցնում. որովհետև Քոչարյանը՝ Փաշինյանի պես, նույնպես կանխատեսելի էր: Պրիմակովը գիտեր դա: Պուտինն էլ դա գիտեր, երբ Քոչարյանին կանչեց մոտը, մի հատ թարս նայեց, դրանից հետո Իրան-Հայաստան գազատար կառուցելու փոխարեն մի հատ պոլ-դյույմ տրուբա քաշեցինք: Հույներն էլ գիտեին, երբ տարան, Էգեյան ծովում զբոսանավով մի երկու «կռուգ» պտտացրին, «Արմենտելով» հայերին 10 տարի կլպելու իրավունք ստացան:
Հիմա մենք չգիտենք, թե միջազգային հանրությունից կոնկրետ ով է թարս նայել Նիկոլ Փաշինյանի վրա: Բայց այնպես է նայել, Արցախի կարգավիճակից մինչև Ղարաբաղյան շարժում, պատրաստ է ամեն ինչ մոռանալ:
Դրա համար էլ այսքան կանխատեսելի են, թե այս կամ այն իրավիճակում իրենց ինչպես կպահեն, ինչ կասեն, ոնց կասեն: Կանխատեսելի են իրենց կարճամտության, դեմագոգիայի, սեփական ձախողումներն ու պարտություններն ուրիշների վրա բարդելու մարմաջով: Նույնիսկ փաստերը, չոր փաստերը, որ դնում ես սրանց առջև, էլի ձևը գտնում են այդ փաստերը չընդունելու համար:
Հ.Գ. Կանխատեսելի է, որ Թաթուլ Հակոբյանին կանխատեսելի շրջանակները վերջին շրջանում անվանում են թուրքամետ, սորոսական, գրանտակեր, ամերիկացիների դրածո և այլն: Դե, իրենք փաստերին սովոր չեն, իրենցը պատմության դասագրքերն են, հեքիաթներն ու Perfect.tv-ն: