...

Տարվա լավագույն և վատագույն նախարարները

Տարվա լավագույն և վատագույն նախարարները

Մոտենում է 2020-ի ավարտը և արդեն կարելի է հետադարձ հայացք գցելով՝ որոշ արդյունքներ ամփոփել: Մասնավորապես՝ նախարարների գործունեությունը: Փորձենք հասկանալ, ովքեր են լավ աշխատել, իսկ ովքեր՝ չեն արդարացրել հույսերը: Նախարարների թոփ-վարկանիշ ենք կազմել՝ ըստ նրանց տրված գնահատականների:

Թոփ - 3 լավագույն նախարարները

1. Արսեն Թորոսյան

Եթե այս կառավարությունում կա գոնե մեկ հեղափոխական նախարար, ապա դա՝ Արսեն Թորոսյանն է: Նրա գործունեությունը Առողջապահության նախարարի պաշտոնում լիովին համահունչ է փոփոխությունների այն պահանջին, որը հաջորդում է ցանկացած հեղափոխությանը: Փոփոխություններ կամ բարեփոխումներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք, համոզմունքներ, վճռականություն, նպատակին հասնելու հաստատակամություն: Արսեն Թորոսյանի մոտ կան այդ հատկանիշները: Առողջապահական համակարգում նա վերջին 1,5 տարում բազմաթիվ կարծրատիպեր ջարդեց, կոռուպցիոն բազմաթիվ մեխանիզմներ վերացրեց՝ հանդիպելով համակարգում արմատավորված բյուրոկրատիայի կատաղի դիմադրությանը: Ամենաշատ հարված ստացած նախարարներից մեկը լինելով, Արսեն Թորոսյանը շարունակում է նույն եռանդով համակարգը առողջացնելուն միտված քայլեր ձեռնարկել: Բավական հաջող էր նրա նախաձեռնությունը՝ երկրում մինիմալիզացնել ծխելու մշակույթը: Առողջապահական ապահովագրության համակարգ ստեղծելու նրա գաղափարն առայժմ սվիններով է ընդունվում, բայց այն բավական ռացիոնալ գաղափար է: 

2. Սուրեն Պապիկյան

Հետաքրքիր է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի անունն ընդհանրապես չի շոշափվում էժանագին, քոչարյանական մամուլում: Իր անկողին չեն մտնում, սկանդալային հրապարակումներ չկան, բացահայտումներ չեն անում՝ ի տարբերություն շատ ուրիշների: Ենթադրում ենք, որ իր ղեկավարած ոլորտում Սուրեն Պապիկյանը ավելի քիչ մարդու ոտք է տրորում, և իհարկե՝ որակյալ ճանապարհների շինարարությունն ու վերանորոգման աշխատանքները: Այնպիսի ավտոճանապարհներ են ասֆալտապատվել, որտեղ նախկինում միայն տրակտորներ կարող էին ընթանալ: Վերանորոգվել են հանրապետական նշանակության բոլոր ավտոմայրուղիները: Տրանսպորտտային ենթակառուցվածքների և տուրիզմի զարգացման համար սրանք կարևոր նախադրյալներ են: Եվ նախարարը արդյունավետ է աշխատում, ինչի վկայությունն էլ նրա հասցեին քննադատության բացակայությունն է:

3. Դավիթ Տոնոյան

Եվս մեկ նախարար, որին չեն քննադատում: Վերջին մեկ տարում բանակում էական փոփոխություններ են կատարվել. զինվորների սննդի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը բոլորս ենք տեսել: Զինվորների սնունդը դարձել է ավելի բազմազան, կալիորականության խնդիր չկա, դե, իսկ սննդի մատակարարման հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների մասին բոլորն են մոռացել: Հիմա դժվար է պատկերացնել, որ բանակին կարող են հոտած գոմեշի միս մատակարարել՝ կովի մսի անվան տակ: 

Բանակը համալրվել է նոր սպառազինություններով. սկսած՝ հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերից մինչև՝ ռուսական Սու կործանիչներ, որոնց համալրումով մեր օդային տարածքը ամբողջությամբ կվերահսկվի: Ադրբեջանի օդային տարածքն էլ հետը: Ավելի մտահոգիչ են բանակում հոռի բարքերը, ոչ կանոնադրական հարաբերությունների մշակույթը վերացնելուն ուղղված քայլերի արդյունքները, առայժմ շատ են այդ հողի վրա տեղի ունեցող միջադեպերը, երբեմն՝ տխուր ավարտով: Հուսանք, որ նոր տարում այդ ուղղությամբ ավելի արմատական ու կտրուկ միջոցներ կձեռնարկվեն:

Թոփ - 3 վատագույն նախարարները

1. Էրիկ Գրիգորյան

Նախկին բնապահպանն այսօր ինքն է էկոլոգիական աղետ դարձել: Ուժըս: Հայաստանում բնապահպանական բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ոչ մեկն առ այսօր չի լուծվել: Հանքերի անխնա շահագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման այնքան փաստեր են հրապարակվել, որ դրանցից յուրաքանչյուրը բավական էր այդ հանքի գործունեությունը դադարեցնելու համար: Ամենավառ օրինակը Քաջարանի մոտ պոչամբարի փլուզումն էր, որի պատճառով մարդու և բնության համար վտանգավոր թափոնները լցվեցին գետը: Որևէ մեկը սրա համար պատասխանատվության ենթարկվե՞ց: Քայլեր ձեռնարկվեցի՞ն, որ նման բան տեղի չունենա, հանքի տերերին ստիպեցի՞ն, որ արդիականացնեն իրենց սարքավորումները, նոր տեխնիկա բերեն, որը թույլ չէր տա նման աղետները: 

Դեռ սրանք չլուծած, բերել, մի հատ Ամուլսար են ցանկանում խաղացնել: Առաջինը, ով պետք է դեմ լիներ Ամուլսարի շահագործմանը, հենց Էրիկ Գրիգորյանը պետք է լիներ: Ամերիկաներում սովորած մարդ է, շատ լավ գիտի, որ այնտեղ բնության գրկում հանք բացելու նույնիսկ ակնարկի համար կարող են մարդուն ուղարկել Ալկատրաս:
Ծառահատումները. հետաքրքիր է, ովքե՞ր են այս նախարարի խորհրդականներն ու օգնականները: Տեսնես, չեն ասո՞ւմ, որ անտառները անխնա կտրտում են, փայտի բիզնեսը շարունակվում է: Օրերս էինք հրապարակել, թե ինչպես են Աղվերանում տասնյակ ծառեր կտրել, նախարարությունից ոչ մի արձագանք, մի հատ թղթի կտոր էին ուղարկել, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց մեր կասկածները, որ նախարարը կամ չգիտի, ինչ է կատարվում իր ղեկավարած ոլորտում, կամ էլ՝ ինքն է այս անտառները ոչնչացնողներին «դուխ» տալիս:

2. Ատոմ Ջանջուղազյան

Հեղափոխությունից հետո տնտեսական լուրջ առաջընթացի հույսերը շատ արագ մարեցին, քանի որ պարզվեց, որ ֆինանսների նախարարը խորհրդային հնգամյակի մեթոդով է աշխատում: Այսինքն, իր առջև խնդիր է դնել ոչ թե տնտեսական աճ ունենալ, այլ՝ տնտեսական անկում չունենալ: Կարևորը դա էր: Հնգամյակը ո՞նց էր. պլան կար, կատարում էիր, վերջ, ասում էին՝ ապրես: Չէին ասում, ընկեր ջան, դու պլանդ 100 տոկոսով ես կատարել, բայց այստեղ մի 150 տոկոսով անելու պոտենցիալ կար, ինչո՞ւ այդ պոտենցիալը չես օգտագործել: Ատոմ Ջանջուղազյանը բյուջեն շատ լավ կատարում է, 100 տոկոսով, բայց դա այնքան աղքատիկ, այնքան համեստ բյուջե է, որն իրապես չի արտացոլում այն պոտենցիալը, որը առկա այս նոր Հայաստանում: Ոչ մի նախաձեռնողականություն, ոչ մի համարձակություն: Բա հեղափոխությունը նաև ամբիցիաների դաշտն է բացում, իսկ այս բյուջեն փակում է: Նախարարությունում էլ դրեց, մի շարք կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կատարեց, որի արդյունքում համակարգի աշխատանքի արդյունավետությունը շեշտակի ընկել է: Մի խոսքով, Ատոմ Ջանջուղազյանը կարող է լավ գանձապահ կամ փոխնախարար լինել, բայց ոչ՝ նախարար: 

3. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը կանգնած էր հեղափոխության ակունքներում և ակնկալվում էր, որ իր ղեկավարած ոլորտում, իսկ դա սկզբից կրթության ոլորտն էր, հեղափոխական փոփոխություններ կկատարի, կջարդի ոլորտի տարիներով արմատավորված կարծրատիպերը, հոտած, խորհրդային մակնիշի գիտական այն կառույցները, որոնք ընդամենը իրար կոչումներ և արտոնություններ տալու համար էին: Սպասելիքները շատ էին, սակայն դրանք չարդարացան: 

Սպասվում էր, որ մշակութային ոլորտին նոր շունչ կհաղորդվի, որ ասպարեզ կգան նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մոտեցումներ... ոչ մի բան: Գեղեցիկ խոսքերից այն կողմ բանն առաջ չի գնում: Ըստ էության, Արայիկ Հարությունյանը ժառանգել է մի համակարգ, և այն փոխելու, արդիականացնելու, վատը վերացնելու փոխարեն ընդամենը զբաղված է եղածը վերահսկելով ու պահպանելով:  Հեղափոխությունն այս ոլորտի կողքով անցավ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ