...

Ջոնի Հոլիդեյն ավարտվեց

Ջոնի Հոլիդեյն ավարտվեց

Գեներալ առ գեներալ

Այս անգամ ոչ միայն շաբաթն ավարտվեց, այլ նաև ամառը: Բավական բերքառատ ստացվեց: Իշխանությունները սկսեցին հատ-հատ հավաքել գեներալներին, ՊԲ հրամանատարներին, որոնց պատճառով պարտվեցինք Արցախյան պատերազմում: Որ ճիշտ աշխատեին, չէինք պարտվի: Ամեն ինչ մեր ձեռն էր. զենքն էլ, բանակն էլ, 80-ականների ժամանակակից սպառազինությունները, մատակարարման անսպառ հնարավորությունները, ճանապարհները, որոնցով ներկրում էինք այդ սպառազինությունները: Էն էլ անգյալ գեներալների ու հրամանատարների պատճառով կրվեցինք: Թե չէ նաղդ Բաքու հասնող էինք:

Սկզբից Միքայել Արզումանյանը ձերբակալվեց, որը միամիտ-միամիտ Արցախից Հայաստան էր եկել: Ասա, քո համար տանը նստեիր, խորհուրդներ տայիր Արայիկ Հարությունյանին: Եկել էիր, որ ի՞նչ անեիր: Ըհը, սենց լա՞վ էր:

Հաջորդը մեղադրանք ներկայացվեց Ջ.Հ.-ին: Չգիտես ինչու, բոլորը վստահ են, որ դա Ջալալ Հարությունյանն է: Ինչի՞ց եք այդպես որոշել: Հենա, սեպտեմբերի 2-ին էդ մարդը Սուրեն Պապիկյանի կողքին կանգնած, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցում էր ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը։ Ճիշտ է, հետո ՊՆ պաշտոնական կայքից հեռացրեցին այդ լուսանկարը, բայց, մեկ է, կասկածում ենք, որ դա Ջալալ Հարությունյանն է: Մեր հավաստի տեղեկություններով, իրականում խոսքը Ջոնի Հոլիդեյի մասին է: Շատ մունդառ մարդ է: Ինչքան տեսել ենք տեսանյութերը, միշտ սրա-նրա հետ կռիվ է անում: Հաստատ ինքն է: Ազգանունն էլ հուշում է, որ սաղ ճիշտ է. Հոլիդեյ՝ այսինքն՝ արձակուրդն ավարտվեց, բռնեցին:

Իմիջիայլոց, 1941 թվին, երբ գերմանացիները պատերազմի առաջին օրերին մի քանի տասնյակ դիվիզիաներ ջախջախեցին, մի քանի տասնյակ դիվիզիա էլ գերի վերցրին, մի քանի տասնյակ կիլոմետր առաջ խորացան, Ստալինը մի քանի տասնյակ գեներալի գնդակահարել տվեց: Բա հո չէ՞ր խոստովանելու, որ իր մի շարք սխալ ու ուշացած որոշումների պատճառով խորհրդային բանակը անպատրաստ եղավ գերմանական բլից-կրիգին: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ հիմա գեներալներին հերթով հացի փուռն են տալիս: Իշխանությունների խասյաթ է:

Մկրատ, քար, փաստաթուղթ

Ստալին ասացինք, հիշեցինք. որ ինքը 1953 թվի մարտին մեռավ, հուղարկավորության օրը Մոսկվայի Կարմիր հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ էր հավաքվել, ամբիոնում էլ՝ իրար կողքի կանգնած էին ԽՍՀՄ-ի՝ այդ պահի դրությամբ ամենաազդեցիկ դեմքերը. Խրուշչովը, Բերիան, Մալենկովը, Մոլոտովը: Բացի տեսանյութերից, հարյուրավոր լուսանկարներ էլ էին արվել: 

Ու երբ երեք ամիս անց Խրուշչովի թիմը Բերիային փուռը տվեց, լուսանկարները՝ որտեղ Խրուշչովն ու Բերիան միասին կանգնած էին, բոլորը մոնտաժեցին այնպես, որ Բերիան դրանցում վերացավ: Ավելին, Խորհրդային Մեծ Հանրագիտարանի բոլոր բաժանորդներին, իսկ դրանք մի քանի հարյուր հազար հոգի էին, հատ-հատ նամակ էին ուղարկել, որտեղ հրահանգված էր մկրատով կտրել Հանրագիտարանի՝ Բերիայի կենսագրությունը ներկայացնող հատվածը: Ու մարդիկ այդպես էլ անում էին, որովհետև եթե չանեին ու բռնվեին, համբարձվելու էին Բերիայի մոտ:

Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ Ջալալ Հարությունյանի ու Սուրեն Պապիկյանի համատեղ լուսանկարը հեռացվել է: Իշխանությունների խասյաթ է: Մոռացեք Ջ. Հ.-ին: 

Շոգ – это по нашему!

Եվ վերջում՝ եղանակի մասին: Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին նպաստավոր չէ ազգը փրկելու համար: Երևանում ջերմաստիճանը կլինի 38 աստիճան, Ֆրանսիայի հրապարակում՝ 40 աստիճան, իսկ Ազատության հրապարակում՝ նույնպես 40 աստիճան, որովհետև ընդդիմության ազգափրկիչ հատվածի առաջնորդները հայտարարել են, որ միակ իրական շոգը Ֆրանսիայի հրապարակում է, մնացած հրապարակներում չի կարող ավելի շոգ լինել: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ