ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկ հարաբերություններին, ասել է.
«Քավոր-սանիկությունն ի՞նչ կապ ունի: Քավոր-սանիկությունը քաղաքական կատեգորիա՞ է: Չկա շահերի բախում, որևէ օրենք ցույց տվեք, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է: Դա մերձավոր ազգական չէ»:
«ՉԻ». Գրազ կգանք, որ եթե Արամ Օրբելյանը Հրայր Թովմասյանի հարազատ եղբայրն էլ լիներ, ԲՀԿ խմբակցության ամենանյարդային պատգամավորը նույն բանն էր ասելու: Որովհետև չկա որևէ օրենք, որ եղբայր-եղբայրությունը շահերի բախում է:
Փոխարենը կան բարոյականության և էթիկայի բազմաթիվ չգրված օրենքներ, որոնցից գոնե մեկը Հրայր Թովմասյանը չի պահպանել: Նախ, պիտի իմանա, թե դրանք ինչ օրենքներ են, երկրորդ՝ իմանալու դեպքում երբեք ՍԴ նախագահ չէր դառնա, դառնալուց հետո էլ սուսուփուս կհեռանար:
Ավելի հետաքրքիր են էթիկայի և բարոյականության մասին Գևորգ Պետրոսյանի պատկերացումները: Թողնես առավոտից երեկո կխոսի գեյերի, աղանդների, համաշխարհային դավադրությունների մասին, իբր մեր ազգային արժեքները խաթարող բաներ են, մեր բարոյականությունն ու էթիկան են խարխլում: Բայց հենց խոսքը գնում է նախկին իշխանությունների ապօրինություններին, զոռբայություններին և կեղծիքներին, բարոյականության և էթիկայի մասին ակնթարթորեն մոռանում է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի