...

Տիգրան Պասկևիչյան. Ալենը պետք է հեռանա, ինչո՞ւ

Տիգրան Պասկևիչյան. Ալենը պետք է հեռանա, ինչո՞ւ

Նյութի սկզբնաղբյուրը՝ aliqmedia:

Այս օրերին սոցցանցերի բնակիչներից շատերը փնթփնթում ու տնքում են, թե ինչու են առաջին նախագահը և նրա գլխավորած ՀԱԿ-ը, Ղարաբաղ ու սահման թողած, պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեռացումը։

Շատերն էլ հեգնում ու ծաղրում են, ոմանք փնտրում համագործակցություն իշխող կուսակցության հետ, նրա ծայրաստիճան անկած վարկը բարձրացնելու դավադիր աջակցություն։ Իրականում նպատակն այլ է, իսկ ակնկալիքը՝ քաղաքականորեն ավելի համապարփակ, քան թվում է։

Խոսել տևականորեն շրջափակված Ղարաբաղի, սահմանային միջադեպերի և մեր երկիրը կեղեքող այլ երևույթների մասին, երբ դեռ կա այս իշխանությունը, ավելին չի լինի, քան ժամավաճառություն։

Ո՛չ պատերազմի ավարտից անմիջապես հետո, ո՛չ էլ 2021-ի ընտրությունների նախընթաց շրջանում մարդիկ չհասկացան, որ աշխարհաքաղաքական խնդիրներից զատ՝ կա նաև անձնական գործոն, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի անձնական թշնամին է, և Ադրբեջանի նախագահը նվաստացման տասնյակ տարիների մուռը հանելու է բռնցքամարտի ա՛յդ տանձից։ Եվ եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ մեր ընդդիմադիր միավորներն ու նրանց համախումբը չեն գիտակցում այս իշխանության օր ավելի մնալու կործանարարությունը, ապա Ալիևը ստանում է նրան (մեզ) добить անելու (վերջնականապես ջախջախելու) բոլոր միջոցները։

Ուրեմն Հայաստանի առաջին նախագահը՝ պետականակերտման ու կառավարման իր ահռելի փորձով, չէր կարող բանուգործ թողած ներկայացնել փողոցային մի միջադեպ հանգուցալուծելու պահանջ։

Ալենը պետք է հեռանա ոչ այն պատճառով, որ վատ պետական-քաղաքական գործիչ է, որ առօրյա վարքում գյադա է և խուլիգան, որ նրա կարգալուծմամբ վիճակի բարելավում կլինի, այլ որովհետև իշխանության ներսում կտրուկ որևէ վճիռ կարող է հանգեցնել կուռ թվացող կառույցի քայքայման։

Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ ինչ է արել իր կուսակիցը, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում, որովհետև նաև հասկանում է, որ թիմի ներսում մեծ կամ փոքր, հուժկու կամ չնչին ցնցումը կարող է թանկ նստել իր իշխանության վրա։

Եթե Ալենին ասեն՝ պետք է հեռանաս, հարցնելու է՝ ինչո՞ւ։ Ասելու են՝ որովհետև թքել ես քաղաքացու վրա։ Հարցնելու է՝ իսկ ինչո՞ւ եմ թքել։ Պատասխանելու են՝ որովհետև քեզ դավաճան է անվանել։ Հարցնելու է՝ իսկ ինչո՞ւ է դավաճան անվանել։ Այստեղ խոսակցությունն ավարտվելու է, քանզի բոլորը գիտեն, թե Ալենին և մյուսներին ինչու են դավաճան անվանում։

Հետո Ալենն ասելու է՝ լավ, ես կհեռանամ, բայց հեռացումս մեկնաբանելիս կփորձեմ բացատրել, թե ինչու են մեզ դավաճան անվանում։ Ընդ որում բացատրություն տալիս Ալենը կունենա «ալիբի». նախապատերազմյան շրջանում և պատերազմի օրերին, լինելով ԱԺ փոխնախագահներից մեկը, ինքն, ըստ էության, վճիռ կայացնող չի եղել։ (Ով վճիռ կայացնի, ում ասեն՝ դավաճան։)

Մյուս կողմից՝ Ալենի հեռացմամբ կուսակցության շարքերում կխախտվի «ֆյուրերի» նկատմամբ հավատը, նվիրյալ «խելագարները» կսկսեն կասկածով վերաբերվել սեփական նվիրումին, կառաջանա փոխարինողի փնտրտուք և մրցավազք, քանզի Ալենը ֆունկցիան կատարած ծառ չի, որ հանես, տեղը սակուրա տնկես։

Ալենին չհեռացնելու երրորդ և ամենակարևոր հանգամանքն այն է, որ, լակոտաբարո արարք կատարած ԱԺ նախագահին «դատելով», ՔՊ կուսակցությունն ընդունած կլինի դավաճանի պիտակը և արձանագրած կլինի, որ հասարակական օր օրի աճող բողոքի ու զայրույթի դեմ թքից բացի այլ արձագանք չունի։ Նախկինների մասին խոսելիս էլ ռաստ են գալու Քոչարյանի պապլավոկյան չար արկածին, և դրանով ոչ թե բացատրելու են կատարվածը, այլ հայտնվելու են նույն հարթությունում։

(Ի դեպ, ԱԺ նախագահի լղոզված մեղայականից բացի, ՔՊ-ականների կողմից արարքը դատապարտող ոչ մի խոսք չի հնչել։)

Ալենի հեռացման գործընթաց սկսելն ուղղակիորեն ազդելու է նաև քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի վարկանիշի վրա, որը քաղաքամոր զավակի իր անմեղ տեսքով պատրաստվում է ապահովելու պարտության և աղետի պատճառ դարձած այս իշխանության վերամեկնարկը (restart)։

Կմիանա՞ն քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու քաղաքական միավորները ՔՊ-ն կազմալուծելու Հայ ազգային կոնգրեսի այս առաջարկին։ Կարծում եմ՝ ոչ։ Որովհետև վաղուց վարժվել են անարդյունք և անհետևանք գործունեության, սովորել են «դավաճան» գոռալ և թուք կուլ տալ (ոչ սեփականը)։

Թեև Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի և ՀԱԿ-ի հայտարարության մեջ առանձին անդրադարձ չկա ԱԺ նախագահի թիկնազորի ծառայողների պահվածքին, բայց, կարծում եմ, գործընթաց սկսելիս պետք է հատուկ քննության առարկա դառնա նաև քաղաքացուն, թեկուզ կարճ ժամանակով, ազատությունից զրկելու թիկնապահների լիազորության հարցը։ Թիկնազորն իշխանավորի «թանկարժեք» մարմինը պահպանել-պաշտպանելու համար է, ոչ թե քաղաքացուն անպաշտպան դարձնելու։

Տիգրան Պասկևիչյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   19725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ