...

Տիկին Վարսիկն էլ կդիմի իրավապահ մարմիններին

Տիկին Վարսիկն էլ կդիմի իրավապահ մարմիններին

Արդեն երկու օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շատ թեժ վիճաբանել են: Իրավիճակն այնքան լարված է եղել, որ այն վերածվել է ծեծկռտուքի: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանը հարվածել է Իշխան Սաղաթելյանին, ու վերջիններս այժմ միմյանց հետ որևէ շփում չունեն:

Armlur-ի հետ զրույցում Վանեցյանը կոչ է արել իրավապահ համակարգի ուշադրությունը հրավիրել նման ֆեյք լուրերի վրա՝ հորդորելով հայտնաբերել այն անձանց, որոնք զբաղված են նման կեղծ ինֆորմացիաներ տարածելով: «Սա վնասում է մեր հեղինակությանը, և նման զրպարտություններ տարածողները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև»,- եզրափակել է Վանեցյանը:

«ՉԻ». Տպավորություն է, որ Վանեցյանը մերթընդմերթ է հետևում Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Մոտավորապես հոբբիի նման. ունենում է ազատ ժամանակ՝ հետևում է, չի ունենում՝ դե ինչ արած:

Շաբաթ օրվանից «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները քննադատում, ծաղրում և անարգանքի սյունին են գամում ԱԱԾ-ին, որ գործերը թողած՝ զբաղված է Գագիկ Սողոմոնյան ֆեյքի բացահայտմամբ: Նրանք ասում են, որ հազար ու մի լուրջ մարտահրավեր կա, ի՞նչ իմաստ ունի ռեսուրս ծախսել և մի հայհոյախոս ֆեյքի բացահայտել:

Եվ հիմա, Վանեցյանը իրավապահ համակարգին կոչ է անում բացահայտել, թե ով է փչացնում իր և Սաղաթելյանի հարաբերությունները: Քաղաքական գործիչը չգիտի, որ նման լուրերը ընդամենը հերքում են և ոչ թե հետաքննություն պահանջում:

Նույն հաջողությամբ մեր շենքի տիկին Վարսիկը կարող է դիմել իրավապահ մարմիններին՝ պահանջելով բացահայտել, թե ովքեր են լուրեր տարածում, թե իբր իր հարաբերությունները վատացել են 4-րդ հարկի տիկին Փառանձեմի հետ:

Չես խփել, ուրեմն չես խփել, ի՞նչ արած: Հաջորդ իսկ հանրահավաքին ջերմորեն գրկախառնվիր Սաղաթելյանի հետ, համբուրիր ճակատը, մի քանի մետր թևանցուկ քայլեք, և բոլորը կհասկանան, որ իշխանությունը զբաղված է ապատեղեկատվություն տարածելով: Բոլորը կհասկանան, որ իշխանությունը խանդում է ձեր ընկերությանը: Կարող եք անգամ հաջորդ իսկ հնարավորության դեպքում Սաղաթելյանի հետ վազել, բոլորը կհասկանան, որ ձեր միջև սեպ խրել հնարավոր չէ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ