Երեկ Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժել էին տեղացի և օտարերկրյա լրագրողներ։ Մասնավորապես՝ վիրավորվել էին ֆրանսիական «Le Monde» պարբերականի թղթակից Ալան Կավալը և ֆոտոլրագրող Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, 24news.am տեղեկատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը:
Այս առթիվ հայաստանյան լրագրողական մի շարք կառույցներ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին արել միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից, ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։
Այս հայտարարությունը ստորագրել էին Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը և այլն:
Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ հայտարարությունն անողների թվում բացակայում է Հայաստանի ժուռնալիստների միության անունը: Որքան էլ այս կազմակերպությունը խորհրդային ժառանգություն լինի, որքան էլ նրա ղեկավարը ֆեյքերի գրառումները դարձնի լրագրողական ժանր, բայց մեկ է, թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպություն է և զարմանալի էր, որ հայտարարությունը ստորագրողների ցանկում չկար:
Եվ հանկարծ, լրագրողական կառույցների այս համատեղ հայտարարությունից կարճ ժամանակ անց Ժուռնալիստների միությունը տարածում է հայտարարություն, որում՝ ըստ էության, նույն բանն է ասված, ինչ՝ համատեղ հայտարարությունում, դատապարտվել էին լրագրողների դեմ հարձակումները, միջազգային հանրությանը կոչ էր արվել, և այլն:
Հասկանո՞ւմ եք, սա ինչ է նշանակում: Պատերազմ է, թվում է՝ հիմա պետք է բոլորն իրենց ուժերը համատեղեն, միասնական գործեն, մի կողմ թողնեն ունեցած տարաձայնությունները, կրկնապատիկ ուժերով հանդես գան քարոզչական ոլորտում, բայց ոչ, կա կազմակերպություն, որի համար նույնիսկ պատերազմը փաստարկ չէ՝ իր վերաբերմունքը պետության հանդեպ գոնե միառժամանակ փոխելու համար: Սա՝ ի գիտություն ընդունենք:
Հաջորդը. երեկ գիշերը միշիկական լրատվամիջոցներից մեկի օյինբազությանն արդեն բոլորդ եք տեղյակ: Հակաօդային պաշտպանության համակարգերի աղմուկը լսելով, անմիջապես լուր էին տվել, թե այս պահին Աբովյանը գնդակոծում են: Պատկերացնում եք, չէ՞, թե այդ լուրը ի՞նչ առաջացրեց մարդկանց շրջանում, հատկապես՝ Կոտայքի մարզում: Աշխարհի թուքումուրը սրանց հասցեին տվեցին, այս լրատվամիջոցի ղեկավարը հայտարարեց, թե տեխնիկական վրիպակ է եղել: Թե ինչպես կարող է մի ամբողջ լուր տեխնիկական վրիպակ լինել, մենք նման բան չենք տեսել: Հետո այդ լրատվամիջոցի ղեկավարը, երբ տեսավ, որ թուքումուրի դոզան չի նվազում, բառացիորեն գրել է հետևյալը, ամբողջությամբ իր խոսքն ենք մեջբերում. «Նախնական ինֆորմացիա է ունեցել լրագրողը, նյութը պատրաստել է, որ թողարկի, երբ կունենա հաստատում, բայց սխալմամբ թողարկել է, ապա սխալն ուղղել, բայց ուշացած»: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանից այս լրատվամիջոցին հայտնել են, թե հեսա Աբովյանը գնդակոծելու են, սրանք էլ լուրը գրել ու սպասել են, թե երբ ԱԹՍ-ները ընկնելու Աբովյանի վրա, որ անմիջապես թողարկեն ու հպարտանան իրենց օպերատիվությամբ: Սա էլ ընդունենք ի գիտություն, թե պատերազմի ժամանակ ներսից ինչեր են անում:
Դե, իսկ ընտանեկան լրատվամիջոցներից մեկի գրածի մասին ավելորդ է խոսել: Չենք էլ ցանկանում դրա անունը տալ: Իրենց վրա այլևս ոչինչ չի ազդում. թքեն, մրեն, մեկ է, Հանիբալի երդում են կերել, որ ԱԹՍ-ից բեթար հարվածելու են մեր պետության թիկունքին: Այս մեկն արդեն կարող եք չընդունել ի գիտություն: