«Մենք ասում ենք, որ նախորդ տարի հանրապետությունում կենսաթոշակները բարձրացրել ենք երկու անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ գումարած նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և ավելացրել՝ «հույս ունեմ, որ չենք մոռացել, և ևս մեկ անգամ կենսաթոշակները հուլիսի 1-ից պետք է բարձրացնել»։
Կարելի է, իհարկե, թոշակի՝ անկանխիկ գործարքներով ծախսված մասի 10 տոկոսը վերադարձնելը համարել թոշակի բարձրացում, բայց այդ դեպքում պետք է ընդունել նաև, որ փաստացի՝ թոշակը կանխիկ ծախսած թոշակառուների նկատմամբ պետությունը պատժամիջոցներ է կիրառում։
Բայց նախադասության երկրորդ մասն ամենազվարճալին է՝ «հույս ունեմ, որ չեք մոռացել․․․» և այլն։ Այսինքն՝ կարող էին նաև մոռացած լինել, որ 8 օրից թոշակները պիտի բարձրանան, բայց բոլորին սիրող և բոլորի առջև խոնարհվող Նիկոլը հիշեցնում է, որ կառավարության անդամները հանկարծ հետո չասեն «վա՛յ քու, արա՛, մտքներիցս թռել էր»։ Չէ, ի՞նչ բյուջեի կարճաժամկետ և միջնաժամկետ պլանավորում, ի՞նչ ֆինանսական համակարգ, այս կառավարությունը վարվում է այնպես, ինչպես փողոցում խառը կանաչի գնելիս․ «լավ, մորքուր ջան, մոտս խուրդա չկա, կհիշացնես՝ մյուս անգամ էդ 10 դրամը տամ», Նիկոլն էլ հետևում է, որ այդ խեղճ կնոջը հանկարծ չնեղացնեն ու մյուս անգամ անպայման «էապես բարձրացնեն նրա կենսամակարդակը»։ 10 դրամով։