«Վանեցյանն իմ ընկերն է, ես նրա հետ ճանապարհ եմ անցել»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը:
«ՉԻ». Դժվար է ասել, թե Վանեցյանը Սասուն Միքայելյանի հերթական որ ընկերն է. Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, հիմա էլ Արթուր Վանեցյան:
Նախկին ռեժիմը հեղափոխության հենց առաջին պահից փորձում է այն վարկաբեկել, բայց նրանց մոտ կան օբյեկտիվ դժվարություններ, քանի որ իրենք վաղուց վարկաբեկված են, և մարդիկ նրանց առանձնապես լուրջ չեն ընդունում: Այլ էֆեկտ է ստանում, երբ հեղափոխության արժեքները վարկաբեկում են հեղափոխությունն իրականացրած գլխավոր անձինք: Սասուն Միքայելյանը վարկաբեկեց հեղափոխությունը, երբ ընդամենը քոփի փաստ արեց Մանվել Գրիգորյանի անցած հետագիծը: Հաղթել եմ, ուրեմն կդառնամ ԵԿՄ նախագահ, իսկ տղաս՝ ծննդավայրիս քաղաքապետ:
Փաշինյանի մեղավորությունը նույնպես կա: Ճիշտ է՝ չպաշտպանեց Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, սակայն նաև չկանխեց: Դրան հաջորդեց, որ ՔՊ համագումարը չտեսավ Միքայելյանին իշխող կուսակցության իշխանության 21 հոգանոց ղեկավար կազմում: Դա լուրջ հարված էր Միքայելյանի հեղինակությանը և հստակ ազդանշան, որ նա այլևս չի վայելում թե՛ Փաշինյանի, թե՛ շարքային կուսակցականների վստահությունն ու համակրանքը: Միքայելյանը շատ ծանր տարավ այդ հարվածը և պատասխանեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում՝ պաշտպանելով սեփական կուսակցության քաղաքական հակառակորդին: Այժմ նա պաշտպանում է մեկին, ով իր ներկայիս դե յուրե ղեկավարի ու ընկերոջը վիրավորում է վերջին խոսքերով:
Սասուն Միքայելյանն ինչպես միշտ անկեղծ չէ իր ընկերների ընտրության մեջ: Ինչպե՞ս կարող է վերջին 1,5 տարվա գործընկերը նախընտրելի լիներ առնվազն 12 տարվա ընկերոջ համեմատ: Պարզապես Սասուն Միքայելյանի կյանքում սկսվում է նոր փուլ, ինչպես հաճախ է պատահել վերջին 25 տարվա ընթացքում: Մնում է հասկանալ, թե արդյոք Սասուն Միքայելյանը Վանեցյանի հետ արդեն անցել է կամ շարունակում է անցնել այն ճանապարհը, որը շատերը արդեն գնահատել են՝ ճանապարհ դեպի դավաճանություն պետականության հանդեպ: Սասուն Միքայելյանը չի փոխվելու, պարզպես պետք է հետևություններ անեն նրա հետ հետագայում ընկերություն անել պատրաստվողները: