...

Ճշմարտություն, որի մասին նոր ենք իմանում

Ճշմարտություն, որի մասին նոր ենք իմանում

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի դուստրը՝ Շաղիկ Մարուխյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է, որ 1991թ. Փարիզում հանդիպել են իր հայրն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում Դաշնակցությանը առաջարկել էին մտնել ՀՀՇ-ի մեջ:

Ի պատասխան Շաղիկ Մարուխյանի այս հայտարարության, ՀՅԴ նախկին անդամ Արա Սիսեռյանը, որն այդ ժամանակ Հրայր Մարուխյանի համաձայնությամբ եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի և «Ղարաբաղ» կոմիտեի միջև կապը ապահովող անձը, և որը մասնակցել է այդ հանդիպմանը, ասել է. «Ճիշտ հակառակը, Հրայր Մարուխյանն է Լ. Տեր-Պետրոսյանին առաջարկել, որ ՀՀՇ-ն միանա ՀՅԴ-ին, որի դեպքում Հայաստանի ժողովրդի առաջ դրախտի դռները կբացվեն»:

«ՉԻ». Անկեղծ ասած, այս պատմության մասին առաջին անգամ ենք լսում: Եվ որտեղի՞ց լսեինք, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես կանոն, զերծ է մնում նման ուշագրավ դեպքեր պատմելուց, մինչդեռ հաստատ բազմաթիվ նման մանրամասների է տիրապետում, իսկ ՀՅԴ-ն նման խնդիր չունի. պատմությունը ոնց ցանկանում է, այդպես էլ ներկայացնում է: 

Այսինքն, եթե Արա Սիսեռյանը չներկայացներ Տեր-Պետրոսյան - Մարուխյան հանդիպման այս դրվագը, մի գեղեցիկ օր պատմության գրքերում (բնականաբար՝ Էդիկ Մինասյանի խմբագրությամբ) գրելու էին, թե ինչպես են փորձել ՀՅԴ-ին ՀՀՇ-ի մեջ մտցնել: Եվ երբ Դաշնակցությունը մերժել է այդ առաջարկը, ինչպես են ապազգային իշխանությունները բարկացել ու սկսել հալածել 130-ամյա ազգային արժեքին: 

Դաշնակցության ողջ պատմությունը ահա նման ստի և կեղծիքների վրա է հիմնված: «Ափաշքյարա», ոտքի վրա այսպես պատմությունը մեր աչքի առաջ խեղաթյուրում են: Հարյուրներով արել են, դե, մի հատ ավել, մի հատ՝ պակաս, իրենց համար էական չէ: Ու որ բռնում ես ստի վրա, ոչ միայն վատ չեն զգում, այլև մի բան էլ նախահարձակ են լինում, թե ո՞ւմ եք ստախոս համարում, բա մենք ազգային կուսակցություն ենք: 

Հ.Գ. Բա որ ԿԳԲ-ի արխիվները բացվեն, ինչքան ճշմարտություն ջրի երես դուրս կգա: 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ