Եթե Հրանտ Մաթևոսյանը ողջ լիներ… Եթե Վանո Սիրադեղյանը ողջ լիներ… Եթե Լևոն Խեչոյանը ողջ լիներ… Ու դարձյալ այդպես, շարքով, մինչև Գուրգեն Մահարի, Պարույր Սևակ ու Հովհաննես Շիրազ:
Բայց չէ որ այդպես չի լինում: Այդ մարդիկ երբ եղել են` եղել են, երբ ասել են` ասել են: Ասել են այն ու այնպես, ինչպես ասել են: Ու հատու են ասել, հաճախ` անողոք, թեկուզ և քաղաքակիրթ խոսքի պաճույճն ու պատմուճանը շատ հաճախ իբր խանգարել է նրանց ասածը որպես հիշոց` քֆուր ընկալել: Իբր: Խանգարել է:
Տեսեք` ութսուն մտավորական ու գիտնական երկու-հազար-քսան-երկուսի գարնանամուտին հանկարծ տեղներից ընդոստ վեր են թռչում ու խոսք հրապարակում հօգուտ Արցախի, Արցախից գրավյալ տարածքների անհապաղ վերադարձի, ազատագրյալ տարածքների դե-օկուպացիայի, այսինքն՝ ապա-ադրբեջանացման և ապա-ռազմականացման: Ութսուն մտավորական Արցախի Ազգային ժողովի ընդունած որոշմանն ընդառաջ, ի լուր աշխարհի, դիմելով աշխարհին, պահանջում են ահա այսպես ու այնպես` Արցախը պիտի ազատվի ու ազատագրվի:
Ես նույնիսկ չեմ ասում արդեն ուրիշների արդարացի ասածն առ այն, թե երկու-հազար-քսանին որտեղ էին, ու մինչ այդ որտեղ էին: Ի վերջո, մեր անտարբեր թվացող հանրությանը եթե ու երբ պետք է` կարող է հիշել ու կհիշի` որտեղ էին: Ի վերջո, Նախագահ Տեր-Պետրոսյանը լավագույնս այդ ոչ էլ սկի հռետորական հարցը ձևակերպել է և ութսուն մտավորականի ցուցակից նրան այնուամենայնիվ որոշել են պատասխանել միայն երկուսը` Ռադիկ Մարտիրոսյանը և Աշոտ Մելքոնյանը: Ինչո՞ւ միայն նրանք, չէ որ ութսունի ցուցակը ստորագրման համար բաց է: Որովհետև հավանաբար բուն նամակ-հայտարարագրի տեքստի բուն հեղինակը իրենք էլ եղել են: Լավ, չհիշի` չհիշի հասարակությունս, Տեր-Պետրոսյանի կարծիքն էլ ականջը չընկնի հասարակության` չընկնի, ոչինչ: Միևնույնն է` մի առիթով Ռադիկի` Հայաստանի մասին արած քոսոտ երկիր արտահայտությունը դուրս կլողա ու Աշոտն էլ կամա-ակամա կներքաշվի ու նույն քոսոտ երկրի ջրերով միասին դարձյալ լող կտան: Մեկը` Ռադիկը ՀՀ` քոսոտ այդ երկրի Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, Աշոտն էլ նույն այդ երկրի ու ժողովրդի պատմության ինստիտուտի դիրեկտոր: Այնպես որ` յոթանասունութի ցանկը հիմա մի փոքր լեգիտիմացավ ու հեթեթ դարձավ: Հիմա, եթե հավելենք, որ ցանկում թերևս մի քանի տասնյակ ստորագրած մարդ կա, որ եթե հիմա ուսումնասիրություն սկսեն` մի քանի տասնյակ տարուց կիմանան ինչ են ստորագրել: Ոչ, ոչ, բնավ այն պատճառով չէ, որ գիտնական կամ մտավորական չեն: Պարզապես նյութից դուրս ու հեռու են եղել ու լինելու են հետագայում էլ, իսկ ունեցած գիտական կոչումները և հանրային ճանաչումը…Ըմմ եթե կա այդպիսին, ոչ մի կապ չունի Արցախի հարցը գոնե էսօր կամ երբևէ իր էությամբ հասկանալու հետ, էլ ուր մնաց տեքստ ստորագրելը:
Հիմա մի բան էլ փորձեմ քննել ու վերջ: Ութսուն մտավորականի կոչը հենց այս օրերին հրապարակելու իմաստը ո՞րն էր: Հիշեցնեմ` ռուս-ուկրաինական պատերազմի օրերին, երբ աշխարհում ոչ մեկը ոչ մի այլ բանից չի խոսում ու չի լսում այլ բան: Կարծում եմ՝ հնչեցրել են, որ արխիվում լինի: Վաղը դե…դիսերտացիա է, կարիերա է, խորաթայի նյութ կլինի:
Ու հանկարծ էս Նախագահ Տեր-Պետրոսյանը նկատում է ու արձագանքում: Պատասխանը չուշացավ: Պատասխանն իմ տխուր ժպիտը հարուցեց, քանի որ Մելքոնյան Աշոտն ու Մարտիրոսյան Ռադիկը աննախադեպ կերպով մեղմ էին ձևակերպել այն: Պատասխանի իմաստը բա ինչու ինքը, բա ուր էր ինքը շրջանակներում էր: Բայց մեղմաբար: Այսպես ասած հետպատերազմական:
Դառնալով գրվածքիս սկզբի տողերին.
Հրանտ Մաթևոսյանը ողջ է: Վանո Սիրադեղյանը ողջ է: Լևոն Խեչոյանը ողջ է: Նրանց կծու, հատու, ճշմարիտ խոսքին ԱՆՀԱՍ ութսուն, ութհարյուր, ութ հազար և այլ քանակության խուլերը վաղուց են մեռած: Եվ սա ցավ է: Ցավը սա է: Ընթեռնել և ականջալուր չլինել: Տեսնել և չտեսանել: Լսել և ուղեղներին չհասնել: Պատերազմն իհարկե ցնցում է ու սթրես: Եվ եթե այդ սթրեսը մեր գիտնական ու մտավորականներին ուշքի է սկսել բերել պոստսկրիպտում, ինչպես որ Արցախի Ազգային ժողովն է ուշքի բերել պոստսկրիպտում, ապա հույսիս մարմրող ճրագը դեռ կառկայծի:
Բայց ախր որոշում կայացնելն ու այս օրերին հայտարարագրեր տարածելը որևէ իմաստ չունի, հիմարություն է, որովհետև այն լսել, գրի են առել և վերլուծում են թերևս միայն ադրբեջանցիք ու թուրքերը: Ու վաղը փորձելու են պատասխան տալ:
Այո, որևէ իմաստ չունի, հիմարություն է,.. եթե իհարկե ռուսները չեն հուշել: Բայց եթե նույնիսկ նրանց հուշմամբ է եղել, առկա տարածաշրջանային իրավիճակը միևնույնն է` վատթարագույնն է հարց հնչեցնելու, ռեզոնանս ակնկալելու և… երեսուն տարի չարածը ետ շրջելու և իբր անելու համար: Ուշ է, պարոնայք մտավորականներ: Եվ մեր ու ձեր հույսը միայն պատահականությունն ու պատեհությունը կարող են լինել: Բայց դրանք էլ, հանձին ռուսական անկանխատեսելի հոգու` այսօր հեչ լավ վիճակում չեն:
Իսկ հասարակությանս, քաղաքական դաշտիս ու գիտնական-մտավորականներիս էլ` հիմնական խնդիրը հպարտ ու անպարտ տգիտությունն է և դրանից ՄԻՇՏ քաղած մեր առատ բերքը:
Ա. Հ.