...

Կեղծ մտավորականությամբ հնարավոր է միայն կեղծ պետություն

Կեղծ մտավորականությամբ հնարավոր է միայն կեղծ պետություն

Փիլիսոփա Բուրիդանի ավանակը, ինչպես հայտնի է, խոտի երկու դեզերի միջև կանգնած՝ սովից սատկեց, որովհետև չկարողացավ տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչո՞ւ պիտի նախապատվությունը տա դեզերից մեկին, և ո՛չ մյուսին։ Անվտանգության երկու համակարգերի միջև շվարած-կանգնած Հայաստանի վիճակը փոքր-ինչ այլ է՝ ավելի շուտ մենք ենք հայտնվել երկու «ավանակների» միջև գտնվող խոտի դեզի վիճակում, որից ով ինչքան ուզում՝ արածում է, իսկ մենք իրար կոկորդ պատռելով վիճում ենք, թե ո՞ր «ավանակի» կողմից արածվելն է ավելի շահեկան։ Ու հընթացս ինքներս մեզ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս հասանք այս օրվան։

Եվ իսկապես էլ՝ ինչո՞ւ պիտի հասնեինք այս վիճակին։ Ըստ երևույթին, հակառակ տարածված կարծիքի, պատճառն այնուամենայնիվ ոչ թե հասարակության, այլ էլիտայի որակն է։ Ընդ որում՝ էլիտա ասելով չպետք է նկատի ունենալ իշխանություններին, նրանք ընդամենը ֆունկցիոներներ են։ Ցանկացած հասարակության էլիտան մտավորականությունն է, մեր դեպքում՝ Թումանյանի ասած «հայ գրագետը»։ Էլիտայի առաքելությունը պիտի լիներ՝ հասարակության համար սահմանել ազգային-պետական նպատակներն ու արժեհամակարգային նորմերը և հասարակությանն ուղղորդել, որ այդ նպատակներին հասնելու ճանապարհին ճիշտ ֆունկցիոներներ ընտրեն։ Բայց մեր մտավորականությունը, մեծ հաշվով, տասնամյակներ ու անգամ հարյուրամյակներ շարունակ հրաժարվել է ողջամիտ նպատակներ սահմանելու առաքելությունից։ Արդյունքն այն է, որ նայում ես՝ հայ գյուղացին լավից-վատից հող է մշակում ու անասուն պահում, հայ արհեստավորը, բժիշկը, ուսուցիչը, առևտրականը, շինարարը լավից-վատից իրենց գործն անում են, հայ զինվորականը որևէ մեկից հաստատ պակաս չէ, բայց քանի որ մտավորականություն չկա կամ եղածն իր առաքելությունը չի կատարում՝ անընդհատ ձախողվում ու աղետի մեջ ենք հայտնվում։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մտավորականությունը, ժողովրդին ճշմարտությունն ասելու փոխարեն, փորձում է ամպագոռգոռ դատարկաբանություններով դուր գալ այդ նույն ժողովրդին՝ առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած «որպեսզի հանկարծ չասեն դավաճան» մտահոգությամբ։ Տեղի է ունենում այն, որ առանց ուղենիշների և ողջամիտ հեռանկարի մնացած «խալխը» փողոցից իշխանության է բերում պատահական մարդկանց՝ առանց արժեհամակարգի, առանց «իզմ»-երի, առանց պետական շահերի գիտակցման, առանց բարոյական արգելակների, մի խոսքով՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն ինքն իր մասին հպարտորեն ասաց, «միջին-վիճակագրական քաղաքացիների»։ Նույն գյուղացին կով առնելուց առաջ մանրամասն տնտղում է՝ ի՞նչ «սորտ» է, որքա՞ն կաթ կտա, կոշկակարը մանրամասն տնտղում է իր առնելիք «տակացուն», մեքենա առնող-ծախողը հազար արհեստավորի մոտ է տանում, որովհետև բոլոր դեպքերում հստակ գիտեն նպատակն ու հետագա քայլերը։ Բայց իշխանություն ընտրելիս այդքան «չեն խորանում», որովհետև պետության առջև դրված նպատակները սահմանված չեն։ Մտավորականությունը պիտի սահմաներ՝ չի սահմանել։ Որովհետև ինքն իր միտքը կամ գաղափարն ընկալել է որպես կթու կով կամ «տակացու», մի խոսքով՝ որպես ծախու ապրանք, որը պիտի վաճառել օրվա առանց «իզմ»-երի իշխանավորներին և առավելագույն շահույթ ստանալ։ Ի դեպ՝ նաև սա է պատճառը, որ Հայաստանում հարուստների խավ այդպես էլ չի ձևավորվում։ Մեզանում փողատերեր ինչքան ասես կան, հարուստներ՝ ոչ, իսկ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Փողատերերը բացառապես փողի մասին են մտածում, հարուստները՝ նաև պետության ու հասարակության ապագայի, և եթե այդ ապագան սահմանված չէ՝ հարուստներ չեն կարող լինել։ 

Ինչևէ։ Կկարողանա՞ն հարյուրավոր բարձրակարգ մտավորականները միավորվել ու ձևավորել մտավորականության խավ, թե ոչ՝ դժվար է ասել։ Բարդ գործ է, որովհետև իսկապես մտավորական խավը չի վաճառվում, մինչդեռ քաղաքական դաշտը՝ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր, կազմված է պոտենցիալ գնորդներից, ու երկուսն էլ, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2702 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ