...

Եվս մեկ անգամ թնդանոթի միս դառնալու տեսլականը

Եվս մեկ անգամ թնդանոթի միս դառնալու տեսլականը

Ամենածանր մղձավանջում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ 44-օրյա աղետից քաղած մեր «հիմնական դասը» 80 մտավորականների կոչ-ուղերձն է լինելու։ Բայց դրա շուրջ ծավալված բանավեճն ամենևին էլ, պայմանականորեն ասած, «ողջամիտների» և «հիմարների» պայքար չէ։ Սա շատ ավելի խորքային, եթե կուզեք՝ Հայաստանի ապագան կանխորոշող պայքար է, որի մի կողմում Հայաստանը նորմալ երկիր դարձնել ձգտողներն են, մյուս կողմում՝ նրանք, ովքեր փորձում են ևս մի անգամ Հայաստանն օտար շահերին ծառայեցնել ու հնարավոր է՝ դրա դիմաց ինչ-որ բան ստանալ (300 տարի չի ստացվել՝ ոչինչ, գուցե այս անգամ ստացվի)։

Ընդ որում՝ «ռուսամետությունն» ու «արևմտամետությունն» այստեղ բացարձակապես կապ չունի։ Ի՞նչ տարբերություն՝ ռուսների՞ն ես համոզում, որ պանթյուրքիզմն իր համար թիվ մեկ սպառնալիքն է, ու պետք է մինչև Քուռ գրավել ու մեզ տալ («զորիբալայանիզմ»), թե՞ ամերիկացիներին ես համոզում, որ թուրքերն ու ռուսները դաշնակիցներ են, հետևաբար՝ պետք է զորք ուղարկել ու կյանքի կոչել Վիլսոնի իրավարար վճիռը («արապապյանիզմ»)։ Հարցն ավելի գլոբալ է՝ համաձա՞յն ես, որ ուրիշները քեզ օգտագործեն սեփական շահերի համար, թե՞ համաձայն չես։

Ուշադրություն դարձրեք՝ գերտերությունները բոլոր ժամանակներում էլ մեծ հաճույքով են օգտագործել փոքր երկրներին (ժողովուրդներին, ցեղերին, կրոնական համայնքներին և այլն)։ Բայց դա այնքան էլ հեշտ չի եղել, որովհետև ամեն անգամ օգտագործվելուց ու դեն շպրտվելուց հետո տվյալ երկիրը (ժողովուրդը, ցեղը) կարող էր դասեր քաղել ու հաջորդ անգամ խուսափել նույն հորձանուտից։ Ու որպեսզի դա տեղի չունենա՝ գերտերություններն ամեն անգամ պիտի արդարացնեին իրենց նախկին պահվածքն ու նոր խոստումներ տային կամ առնվազն նոր հույսեր ներշնչեին։ Իսկ դա շատ հարմար է անել հենց տվյալ երկրի (ժողովրդի, ցեղի) մտավորականության ու քաղաքական վերնախավի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում՝ նաև դրա համար վճարելով, քաղաքական աջակցություն ցուցաբերելով և այլն։ Այդպես վարվել և վարվում են բոլոր կայսրությունները, անկախ նրանից՝ բռնապետակա՞ն են, թե՞ ժողովրդավարական։ Այդպես ռուսական կայսրությունը ռուս-թուրքական բոլոր պատերազմներից առաջ հայերին «պատմական հայրենիք» էր խոստանում՝ հայկական մի քանի մարտունակ գնդերի ու բնակչության աջակցության համար, իսկ որպես թնդանոթի միս օգտագործելուց հետո մոռանում խոստումը, այդպես բրիտանական կայսրությունն էր «պատմական հայրենիք» խոստանում «կրտսեր դաշնակից» հայերին ու հետո արդարանում, թե բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները, այդպես «նոր Ռուսաստանն» էր Հայաստանը «ֆորպոստ» անվանում ու տակից ռմբահարում ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած փորձ՝ քաղաքական ուժերին ու մտավորականությանը ներշնչելով, թե ի՞նչ փոխզիջում, մեր շնորհիվ որևէ բան զիջելու կարիք չեք ունենա, (որովհետև եթե խաղաղություն հաստատվի՝ էլ ի՞նչ ֆորպոստ), իսկ վերջում «Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա իրականացնում», այդպես ՆԱՏՕ-ն էր Ուկրաինային համոզում, թե ոչ մի բանից մի վախեցեք, ձեր թիկունքին կանգնած ենք․․․

Վերադառնանք 80 մտավորականների ուղերձին։ Մտահոգվելու կարիք չէր լինի, եթե մտածեինք՝ դե հիմա մարդիկ են, ուզեցել են հիշեցնել իրենց մասին ու հայրենասեր երևալ, կամ ցանկացել են հույսեր ներշնչել հուսալքված ժողովրդին, ինչը զուտ մարդկայնորեն գուցեև հասկանալի է։ Բայց որպես կանոն՝ նման հույսերն «անսպասելիորեն» թեժացվում են հատկապես այն պահերին, երբ որևէ գերտերություն ծրագրում է հերթական անգամ մեզ օգտագործել հանուն սեփական շահերի։ Ու որպես առաջին քայլ, բնականաբար, պիտի հասարակությանը համոզեն, թե անցածը «հաշիվ չի», այս անգամ հնարավոր դիվիդենտները ոչ թե հեքիաթի ժանրից են, այլ միանգամայն իրականանալի։ 

Այսօր Հայաստանում հենց այդ հերթական առաջին քայլն է արվում։ Ու որևէ նշանակություն չունի՝ այդ պայմանականորեն ասած 80 մտավորականները հասկանալո՞վ են ներքաշվում ծրագրի մեջ, թե՞ ոչ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2973 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ