...

Վանեցյանը ճիշտ կանի կուսակցության անունը դնի «Անոնիմկա»

Վանեցյանը ճիշտ կանի կուսակցության անունը դնի «Անոնիմկա»

Մինչ հարևան երկրներում մոլեգնում է կորոնավիրուսը, իշխանությունն ու ընդդիմությունն էլ զբաղված են հանրաքվեի «այո»-ի ու «ոչ»-ի հարցերով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կուսակցաշինությամբ է զբաղվում:

Վերջերս նրա հետ հանդիպման գնացած թերթերից մեկը իրազեկել է շինարարական աշխատանքների ներկա վիճակի մասին` կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է: Պարզվում է` «նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են և՛ մտավորականներ, և՛ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում»։ Շատ կոնֆիդենցիալ պրոյեկտ է շինարարում Վանեցյանը. նույնիսկ գաղտնի է պահում անդամագրվողների անունները` հավատարիմ մնալով սիրելի ոճին`«գիտեմ, բայց չեմ ասի»: ԱԱԾ նախկին տնօրենը ճիշտ կանի` կուսակցության անունը դնի «Անոնիմկա», դե իսկ դրա անդամներն էլ թող հանրության մեջ շրջեն հայտնի կինոնկարի հերոսի` Ֆանտոմասի դիմակներով ու միմյանց դիմեն «Միստր Ֆիքս», «Միստր Ֆոքս» և այլ նույնատիպ կոչականներով: Այնպես, որ նույնիսկ ԱԱԾ-ն չկարողանա բացահայտել նրանց ով լինելը: 

Ի դեպ, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական ուշագրավ բացահայտումն արեց. պարզվում է` այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, «որոնք երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած, իրենց կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի և ծավալի, և, բնականաբար, այսօր զրկված լինելով այդ հնարավորությունից` չարացած են հեղափոխության ու ամեն ինչի վրա»: Փաշինյանը այդպիսիներին շատ «ակուրատնի ձևով» հորդորեց դիմում գրել, ազատվել ու զբաղվել այլ գործով, ինչու չէ` ընդդիմադիր գործունեություն ծավալել, հատկապես, որ այն ներկայումս, ըստ նրա, շատ եկամտաբեր է:  

Մինչ մաղարիչի հույսին մնացած պաշտոնյաները կկողմնորոշվեն` ինչպես արձագանքել Փաշինյանի այս կոնստրուկտիվ առաջարկին, վերադառնանք ընդդիմադիր Վանեցյանին, որը, ըստ թերթի, առաջիկայում այցելելու է մարզեր, զրուցելու է քաղաքացիների հետ, որպեսզի հասկանա հասարակության մեջ տիրող տրամադրություններն ու ներկայացնի իր մոտեցումները։

«Պետք է ձևավորենք մեր կուսակցության համախոհների ճամբարը»,- ասել է Վանեցյանը, թերթն էլ եզրակացրել է. «Ըստ ամենայնի, փորձելու են հասկանալ՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ»: Սա մեզ հիշեցրեց հայտնի` սայլը էշից առաջ կապելու մասին ասացվածքը:

Այսինքն, «Վանեցյան» պրոյեկտը դրսից ֆինանսավորող օլիգարխները որոշել են նախ փող ծախսել ու կուսակցություն բացել, հետո նոր «հոգեորսությամբ զբաղվել»` շոշափել հանրային տրամադրությունները, որ հասկանան` արժի՞ դուրս գալ Նիկոլի իշխանության դեմ, թե ոչ: Մենք էլ գիտեինք, թե կուսակցությունները ձևավորվում են ըստ հասարակական պահանջի, երբ միևնույն ասելիքն ունեցողները` համախոհները, իրար գլխի են հավաքվում, հետո նոր որոշում են կուսակցություն կամ ՀԿ գրանցել, որպեսզի կոլեկտիվ ուժերով գործեն, հասարակական-քաղաքական դաշտում եղանակ փոխեն: Իսկ եթե բախտը ժպտա ու ժողովուրդը բավարար քվե տա` նաև գործի վերածեն իրենց ասելիքը: 

Չէ, ոնց գցում-բռնում ենք` Վանեցյանից ինչպես որ կարգին ԱԱԾ տնօրեն դուրս չեկավ, այնպես էլ կուսակցության շինարար, առավել ևս` լիդեր դուրս չի գա: Ջուրն են ընկնելու նրա վրա կատարվող ներդրումները: Նա հեղափոխության խամրած ու վայր ընկած աստղն է, իսկ հանրությունը առկայծող աստղերի հետևից գնալու սովորություն ունի:  

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3731 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ